accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Դիսըբիլիթի Ինֆո.am

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին տեղեկատվական հարթակ

Անմատչելի «Ջազ»-ը

0

Վանաձորաբնակ Սոնան (անունը փոխված է), տեղեկանալով նորաբաց «Զազ» սրճարանի մասին, ցանկացել է այցելել, սակայն նրան չի հաջողվել սրճարան մուտք գործել:

Սոնան սայլակով է տեղաշարժվում: Սրտնեղում է, որ Վանաձորում շատ են անմատչելի շենք-շինությունները, որոնք ոչ միայն հարմար չեն սայլակով տեղաշարժվողների համար, այլև ունեն չափորոշիչներին չհամապատասխանող թեքահարթակներ: «Մեծագույն ցանկության դեպքում անգամ չես կարող այնտեղ մուտք գործել: Երբևէ անցե՞լ եք «Օրանժ» ընկերության Վանաձորի թիվ 2 սպասարկման կենտրոնի մոտով: Խորհուրդ եմ տալիս անցնել և փորձել իջնել թեքահարթակներից որևէ մեկով»,- վրդովված կիսաժպիտով ասում է նա:

Երկու թեքահարթակներից ոչ մեկն օգտագործման համար պիտանի չէ: Առաջինը ոչ միայն չափազանց կարճ է, այլև, կարելի է ասել՝ կպած է հաստաբուն ծառին՝ ըստ էության բացառելով որևէ տեղաշարժ: Երկրորդով իջնելիս էլ մի փոքր անզգուշության դեպքում հնարավոր է հաշմանդամություն ձեռք բերել:

Ինչ վերաբերում է «Ջազ» սրճարանին, ապա նրա ղեկավարության խոսքով՝ նախքան տարածքը որպես սրճարան վերակառուցելը ուսումնասիրել են օրենսդրական դաշտը, այդ թվում նաև՝ քաղաքաշինության ոլորտը: Ելնելով այն հանգամանքից, որ, ինչպես իրենք են ասում՝ օրենքով մատչելիության պահանջն ավելի շատ վերաբերում է նորակառույց շենք-շինություններին, խնդիրն առանձնակի չեն կարևորել, հատկապես որ քաղաքային իշխանությունների կողմից հարցը չի բարձրացվել, շենքային պայմաններն էլ առանձնապես մատչելիության չեն «տրամադրել»: Այնինչ «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 10-րդ և 16-րդ հոդվածների համաձայն՝ 2006 թ.-ից ուժի մեջ է մտել կառավարության որոշումը, որով հաստատվել են «Հաշմանդամների և բնակչության սակավաշարժուն խմբերի համար սոցիալական, տրանսպորտային և ինժեներական ենթակառուցվածքների մատչելիության ապահովման կարգը», ինչպես նաև ՀՀ քաղաքաշինության նախարարի հրամանով հաստատվել են «Շենքերի և շինությունների մատչելիությունը բնակչության սակավաշարժուն խմբերի համար» շինարարական նորմերը: Սրանցով պետությունը պարտավորվում է ապահովել շենք-շինությունների մատչելիությունը հաշմանդամություն ունեցող անձանց համար: Այդուհանդերձ օրենքում բացակայում է հոդված օրենքի պահանջը չկատարելու դեպքում նախատեսված որևէ պատժամիջոցի մասին, ինչն էլ այն ուղղակիորեն շրջանցելու հնարավորություն է ընձեռում:

Մեր միջամտությունից հետո է միայն խնդիրը հայտնվել ուշադրության կենտրոնում: «Հարցը քննարկել ենք նաև սրճարանի սեփականատիրոջ հետ և առայժմ թերևս այս տարբերակը կարող ենք առաջարկել, բայց պատրաստ ենք համագործակցության՝ ցանկացած այլ լուծում առաջարկելու պարագայում»,- ասում են սրճարանում:

Հաշվի առնելով կառույցի քաղաքաշինական հնարավորությունները՝ սրճարանի ղեկավարությունը որպես խնդրի այլընտրանքային լուծում մտադիր է մուտքի մոտ տեղադրել զանգի կոճակ, որի մոտ փակցված կլինի նաև համապատասխան նշան, որ այն նախատեսված է հաշմանդամություն ունեցող անձանց համար: Սեղմելով կոճակը՝ սրճարանում կտեղեկանան, որ ունեն սայլակով տեղաշարժվող այցելու և կօգնեն սայլակով վերև բարձրանալու:

Քաղաքում Սոնայի «ազատ» տեղաշարժը միայն այսքանով չի սահմանափակվել: Օրերս փորձել է աշխատավարձ ստանալ Վանաձորի Գրիգոր Լուսավորչի փողոցում «Կոնվերս բանկի» նորաբաց ու մասնակիորեն վերակառուցված մասնաճյուղից, դարձյալ՝ ապարդյուն:

Նամակ է գրել բանկի ղեկավարությանը և այժմ սպասում է պատասխանի:

Լուսինե Սարգսյան

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Leave A Reply