accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Անի Պետրոսյան

ԼՐԱԳՐՈՂ | www.ikin.am տեղեկատվական հարթակի համակարգող

Արևի մի շող Արմավիրում

0

Արմավիրի մարզում ապրում են  հաշմանդամություն ունեցող 13000 մարդիկ, և օրեր առաջ նրանց նախաձեռնությամբ և նրանց համար բացվեց «Արևի շող» հասարակական կազմակերպությունը: Նորաբաց ՀԿ-ն այժմ աջակցություն է ստանում Դանիայի արտաքին գործերի նախարարության Զարգացման գործակալության ֆինանսավորմամբ իրականացվող «Լսելի դարձնենք հաշմանդամության ձայնը» ծրագրից: Ծրագիրն իրականացնում են «Հույսի կամուրջ» և «Սկարպ» ՀԿ-ները՝ «Առաքելություն Արևելք» միջազգային կազմակերպության հետ համատեղ:

«Արևի շող» ՀԿ նախագահ Գարիկ Մագթաղյանը խոսում է իրենց առջև դրված խնդիրների, նպատակների ու դրանց լուծման ուղիների մասին.

- Հասարակական կազմակերպություն հիմնելու նպատակը, բնականաբար, Արմավիրում հաշմանդամություն ունեցող մարդկանց ձայնը լսելի դարձնելն է, նրանց խնդիրներին անդրադառնալն ու լուծում տալը: Մենք աշխատելու ենք բոլոր տեսակի հաշմանդամություն ունեցող մարդկանց հետ և կոնկրետ թիրախային խումբ չունենք: Մի շարք խնդիրներ ունենք մեր առաջ դրված: Ամենահրատապ խնդիրը Արմավիրը հասանելի, մատչելի դարձնել մեր շահառուների համար: Մենք հավատում ենք, որ բոլոր խնդիրներն իրենց լուծումներն ունեն, և փորձելու ենք գտնել դրանք:

«Արևի շողն» այս պահին վարձակալում է գրասենյակը, այն հագեցած է բոլոր անհրաժեշտ տեխնիկական սարքավորումներով: Գրասենյակը փոքրաթիվ աշխատակազմ ունի, բայց նրանց կողքին են կամավորները, ովքեր ևս օգնում են ծրագրերը իրականացնելուն: Հատկանշական է, որ նորաբաց ՀԿ-ի կողքին են նաև տեղական ինքնակառավարման մարմինները, ու առաջիկա օրերին կկայանա կողմերի հանդիպումը, որի ժամանակ կքննարկվեն համատեղ ծրագրեր իրականացնելու հեռանկարները: Հավելենք, որ այս պահին «Արևի շողը» միակ գործող կազմակերպությունն է Արմավիրում, որը զբաղվում է հաշմանդամություն ունեցող մարդկանց խնդիրներով:

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Leave A Reply