accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Անի Պետրոսյան

ԼՐԱԳՐՈՂ | www.ikin.am տեղեկատվական հարթակի համակարգող

Արարատի մարզի նոր ձեռքբերումը

0

Արարատի մարզում ապրող հաշմանդամություն ունեցող անձանց համար նոր հասարակական կազմակերպություն է բացվել:
«Միասին» հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության հասարակական կազմակերպությունը ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրում պաշտոնապես գրանցվել և իրավաբանական անձի կարգավիճակ է ստացել 2013 թվականի հուլիսի 19-ին, սակայն իր բնականոն գործունեությունը սկսել է այս տարվա հունվարից: Վերջերս տեղի ունեցավ գրասենյակի բացման պաշտոնական արարողությունը:
Կազմակերպության առաքելությունն է՝ պաշտպանել Արարատի մարզում բնակվող հաշմանդամություն ունեցող անձանց շահերը, նպաստել նրանց ներգրավմանը հասարակական և մշակութային կյանքին՝ իրազեկմամբ, դասընթացների կազմակերպմամբ, մատչելի միջավայրի ստեղծմամբ, որը ենթադրում է ակտիվ համագործակցություն տեղական ինքնակառավարման մարմինների, գործընկեր կազմակերպությունների և մարզում գործող հասարակական մյուս կազմակերպությունների, կրթական, սոցիալական, մշակութային և առողջապահական կառույցների ղեկավար մարմինների հետ:

- Ցավով պետք է նշեմ, որ Արարատ քաղաքում և հարակից գյուղերում գործունեություն ծավալող ՀԿ-ներ քիչ կան: Ուստի այս առումով «Միասին» ՀԿ բացումն անհրաժեշտ էր այնքանով, որ այն զբաղվում է բնակչության այն հատվածի խնդիրներով, որոնք իսկապես կարիք ունեն ինտեգրվելու և մեր հասարակության լիիրավ անդամ դառնալու,- նշեց ՀԿ նախագահ Տիգրան Շիրինյանը: – Կարևորում ենք հաշմանդամություն ունեցող անձանց իրազեկումը և նրանց կարողությունների ու հմտությունների զարգացումը, որոնք կարող են նպաստել շահերի պաշտպանությանը: Եթե այս խմբի յուրաքանչյուր անդամ լավ իրազեկված լինի իր իրավունքներին և շահերին, համոզված եմ, որ ինքնուրույն կարող է իր խնդիրների մեծ մասը հաղթահարել:

Բացման արարողությունն ուղեկցվեց Խարբերդի մասնագիտացված մանկատան սաների ձեռքի աշխատանքների ցուցահանդեսով:

Նշենք, որ կազմակերպությունը ստեղծվել է «Լսելի դարձնել հաշմանդամության ձայնը» ծրագրի շրջանակում, որն իրականացնում են «Սկարպ» և «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպությունները «Առաքելություն Արևելք» մարդասիրական օգնության կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի հետ համագործակցությամբ: Ծրագիրը ֆինանսավորում է Դանիայի արտաքին գործերի նախարարությունը:

Արարատի մարզի նոր ձեռքբերումը by Disabilityinfo on Mixcloud

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Leave A Reply