accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Անի Պետրոսյան

ԼՐԱԳՐՈՂ | www.ikin.am տեղեկատվական հարթակի համակարգող

Նոր կինոթատրոն՝ հին մտածողությամբ

0

Արդեն խոսել ենք «Մոսկվա» կինոթատրոնի մատչելիության մասին: Այս անգամ փորձեցինք անդրադառնալ  «Դալմա գարդեն մոլում» գործող «Սինեմա սթարին», որը վերջերս է բացել իր դռները կինոսիրողների առաջ:

Պատասխանատու անձինք խուսափեցին մեր հարցերին պատասխանելուց ու, կցկտուր տեղեկություններ ստանալով, կարողացանք միայն պարզել, որ կինոթատրոնի փոքր դահլիճներում հաշմանդամություն ունեցող մարդն իր սայլակով ֆիլմ դիտել չի կարող, բայց մեծ դահլիճներում, գուցե, հնարավոր լինի:  Իրականում հնարավո՞ր է, թե՞ ոչ` մեզ չհաջողվեց պարզել, քանի որ մեզ նույնիսկ թույլ չտվեցին ներս մտնել. դրա համար պետք է ֆիլմի տոմս գնել: Կինոթատրոնի մարքեթինգի պատասխանատուն, ով չցանկացավ իր անունը հայտնել, նշեց, որ իրենք տիֆլո- և սուրդոթարգմանությամբ ֆիլմեր չեն ցուցադրում: Ապագայում կցուցադրե՞ն, թե՞ ոչ` դա էլ մեզ համար մութ մնաց:

Ստացվում է, որ մեր երկրում ապրող այն մարդիկ, ովքեր տեսողության կամ լսողության խնդիրներ ունեն, չեն կարող օգտվել կինոթատրոններից: Տասնամյակներ առաջ սա գուցե սովորական թվար, բայց այսօր աշխարհի մի շարք երկրներում մարդիկ հեշտությամբ կարողանում են հետևել ֆիլմարտադրության զարգացումներին, ֆիլմեր դիտել կինոթատրոններում, անկախ այն բանից, թե ինչ դժվարություն իրենք ունեն:

Օրինակ` Մադրիդի «Իդեալ» կինոթատրոնը հատուկ հաշմանդամություն ունեցող մարդկանց համար է բացվել: Բացի շենքային մատչելի պայմաններից, այն հագեցած է ժամանակակից տեխնիկայով, որը լսողության և տեսողության խնդիրներ ունեցող անձանց թույլ է տալիս դիտել իրենց նախընտրած ֆիլմը մեծ էկրանին: Կույրերի համար ֆիլմերը տիֆլոթարգմանությամբ են մատուցվում: Սա նշանակում է, որ այն, ինչ կույրերը չեն կարող տեսնել էկրանին, տեխնոլոգիայի շնորհիվ կարող են լսել ու պատկերացում կազմել ֆիլմի դրվագների մասին: Տիֆլոթարգմանություն ստանալը բավական հեշտ է: Ցանկացողներին հատուկ ինֆորմակիր հաղորդիչներ են տրամադրվում: Պրեմիերային ներկա գտնված ավելի քան 250 կույրերի մեծ մասի համար դա առաջին կինոդիտումն էր: Պետք է նշել, որ Իսպանիայում ապրող կույրերին ուղեկցող շների մուտքն այստեղ անվճար է: Իսկ խուլերի կամ թույլ լսողների համար ֆիլմերը լուսագրերով են ցուցադրվում:

Հարկ է նշել նաև, որ արդեն 3 տարի Sony ընկերությունը լուսագրերով ակնոցների արտադրություն է սկսել: Այս ակնոցը խուլերին հնարավորություն է տալիս կինոթատրոնում ցուցադրվող ֆիլմի բառերը կարդալ սեփական ակնոցի ապակուց: Օգտագործողները, խոսելով ակնոցի հարմարավետության մասին, նշում են, որ այն չի խանգարում վայելել ֆիլմը, իսկ ակնոցի ապակու վերին հատվածում հայտնվող բառերը համապատասխանում են էկրանին, ու տպավորությունն այնպիսին է, ասես հենց էկրանից են կարդում:

Իսկ մեր երկրում ապրող հաշմանդամություն ունեցող մարդկանց մեծ մասը դեռևս ստիպված է լավագույն դեպքում ֆիլմերը տանը համակարգչով կամ հեռուստացույցով դիտել, մինչև մեր կինոթատրոնների ղեկավարները կսկսեն հասկանալ` ինչ ասել է բոլորին հարմար կինոթատրոն:

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Leave A Reply