accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Աննա Կարապետյան

Կրկնելով նախկին սխալները

0

Վերջին երեք տարիներին Երևանում կառուցվել են 11 վերգետնյա անցումներ, որոնց համար կատարված ընդհանուր ներդրումային ծավալը կազմել է 900 մլն դրամ:

Վերնանցումների կառուցումը դեռևս 2012 թ.-ից Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կարգադրությամբ ներառվել է մայրաքաղաքի հարմարավետության առաջնայնություններում:

Կառուցված և շահագործման հանձնված 11 վերնանցումներից և ոչ մեկը հարմարեցված չէ հատուկ կարիքներ ունեցող անձանց համար:

Երևանի քաղաքապետարանի «Շինարարության և բարեկարգման ծրագրի» համաձայն` նախատեսվում է 2014 թ. ևս 7 վերգետնյա անցում կառուցել: Շինարարական աշխատանքների ավարտը նախատեսված է այս տարվա երկրորդ և երրորդ եռամսյակներին:

Երևանի քաղաքապետի օգնական Սամվել Մերթարջյանը մեր այն հարցին, թե երբ մայրաքաղաքում վերգետնյա նոր անցումներ են կառուցվում, որոնք չեն հարմարեցվում, չե՞ք կարծում, որ այդկերպ մենք կրկնում եք նախորդ սխալները, պատասխանել է.

- Ցավոք, վերգետնյա անցումների խնդիրը մայթերի լայնությունն է, և հնարավոր չէ տեղավորվել այդ լայնության մեջ. այդտեղ թեքահարթակ կառուցելը գրեթե անհնար է, պետք է ունենալ վերելակային մոտեցում, սա էլ լուրջ ծախսերի հետ է կապված:

ՀՀ վաստակավոր ճարտարապետ, Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանն այս առնչությամբ նշում է, թե քանի որ վերնանցումները հաշմանդամություն ունեցող անձանց համար շատ անհարմար են, ստացվում է, որ առայժմ գործը թերի է կատարվում. «Վերնանցումները պաշտպանված չեն ձյունից և սառույցից, չունեն ինքնակարգավորման համակարգ, դրանց մեծ մասը բաց է, բայց պիտի փակվեն մինչև աստիճանները և ունենան վերելակներ: Արտասահմանում նման վերնանցումների կողքին վերելակներ են դրվում: Դրանք թանկ հաճույք են, բայց այս պահին մեզ համար միակ լուծումը դա է: Մենք պետք է կարողանանք բյուջե հատկացնել և դրանք տեղադրել շատ տեղերում»:

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.