accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

«Երբ աշխարհն իմն է… »

0

«5W կանանց մասին» նախագիծը պատմում է հաշմանդամություն ունեցող հինգ մայրերի, նրանց փոքրիկների ու մայրանալու բերկրանքի մասին: Նախաձեռնության նպատակն է կոտրել հաշմանդամություն ունեցող կանանց մասին կարծրատիպերը և նպաստել նրանց վերարտադրողական իրավունքի մասին հասարակության իրազեկության բարձրացմանը:

Ծրագիրն իրականացվում է «Ագաթ» հատուկ կարիքներով կանանց կենտրոնի «Ես մայրանալու իրավունք ունեմ» ծրագրի շրջանակներում` Նորվեգիայի Թագավորության դեսպանատան ֆինանսական աջակցությամբ:

 

Պատմություն երկրորդ

 

Նելլի Չարչյանը տեղաշարժվում է սայլակի օգնությամբ:

Նելլին մի քանի ամիս առաջ է լույս աշխարհ բերել իր փոքրիկին:

«1988-ին 8-րդ դասարանում էի սովորում, երբ երկրաշարժը փոխեց նաև իմ կյանքը: Երկրաշարժից հետո ԱՄՆ-ում էի ապրում: Կյանքն այնտեղ ուրիշ էր, ամեն ինչ հարմար էր, ու մարդիկ մեզ այլմոլորակայինների պես չէին նայում»:

դ

«Երկրաշարժից առաջ եղբայրս գալիս պատմում էր, թե Մատենադարանում է եղել: Այնպե՜ս էի ուզում տեսնել: Միայն վերջերս գնացի, և դուրս գալիս Մատենադարանի աշխատակիցը ցույց տվեց ապակե արկղերի մեջ Հայաստանի բոլոր գավառների Նարեկները: Նա հանեց ամենազորավորը ու ասաց՝ անկեղծ ցանկություն պահեք, և կկատարվի: Սրանից ավելի անկեղծ ես ոչինչ չէի ուզել կյանքում: Եվ երբ իմացա, որ տղա եմ ունենալու, որոշեցի՝ անունը Նարեկ եմ դնելու»:

զ

«Հղիությանս մասին իմանալուց հետո գիշերները ժամերով արթնանում, նստում էի… չէի հավատում:

Չեմ կարող ստել. երբեմն կասկածում էի, վստահ չէի, հատկապես երբ երեխայիս հոր արձագանքը լսեցի, ով մի անգամ կասկածանքով խոսեց այդ մասին: Բայց երբ բժիշկս բարկացած հարցրեց՝ դու չե՞ս ուզում՝ առանց վարանելու պատասխանեցի՝ այն էլ ինչքա՜ն եմ ուզում»:

բ

«Նարեկի հայրն ինձ հետ ապրելու ցանկություն ուներ, բայց ծնողները դեմ էին, որովհետև ընտանիքի միակ որդին էր: Ես զգացի, որ նաև ինքը պատրաստ չէր: Հետո, երբ երեխան ծնվեց, նա ցանկություն հայտնեց մեզ հետ ապրելու, ես ասացի՝ մենք կանք, երբ ցանկություն ունենաս մեզ տեսնելու՝ խնդրեմ: Ես չէի ցանկանում նրան իր ծնողներից հետ պահել:

Որքան էլ հաշմանդամություն ունեցող աղջիկը տղայի դուրը գա, մեկ է՝ չի գնա դռները ջարդի՝ ձեր աղջկան տվեք: Հազարից մեկն է այդ համարձակությունն ունենում»:

ե

«Մինչև Նարեկի ծնվելը պարզապես ապրում էի, քանի որ Աստված տվել էր այդ կյանքը: Հիմա ամեն բան կտամ, որ Աստված ինձ մի օր ավելի կյանք տա: Հարյուր անգամ մորս ասել եմ, որ թվում է՝ կարթնանամ, ու այս ամենը կանհետանա, ինչպես երազում: Դեռ չէի հավատում, որ Նարեկն իմն է: Հիմա, որքան էլ հոգնած լինեմ, երբ Նարեկն իմ գրկում է, աշխարհն իմն է…»

գ

01.07.2014

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.