accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Աղավնի Սուքիասյան

Լրագրող | Ավարտել է Երևանի պետական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետը։

Մի առողջության ապահովագրության մասին

0

Մարիամ Եսայանն աշխատում է Տավուշի մարզում` որպես մանկավարժ: Նա չի կարողացել անվճար օգտվել Հայաստանում ներդրված պարտադիր բժշկական ապահովագրության սոցիալական փաթեթից: «Ես երկրորդ խմբի հաշմանդամություն ունեմ ու գիտեմ, որ ինձ առողջության ապահովագրությունն անվճար է հասնում: Դիմեցի` սոցիալական փաթեթին միանալու համար, սակայն ինձ մերժեցին` ասելով, որ պետք է վճարեմ: Ես հրաժարվեցի վճարելուց. ինչո՞ւ պետք է վճարեմ մի բանի համար, որից կարող եմ անվճար հիմունքներով օգտվել»,- մեզ հետ զրույցում պատմեց Մ. Եսայանը:

Հարցի առնչությամբ Disabilityinfo.am-ը կապ հաստատեց ՀՀ առողջապահության նախարարության հետ: Հասարակայնության և լրատվության հետ կապերի բաժնից մեզ տեղեկացրեցին, որ ՀՀ Կառավարության 2004 թ. մարտի 4-ի N 318-Ն որոշման համաձայն՝ հաշմանդամության 1-ին և 2-րդ խումբ ունեցող քաղաքացիները առողջության ապահովագրության սոցիալական փաթեթից պետք է օգտվեն անվճար, հետևաբար, անօրինական է 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող քաղաքացուց վճար պահանջելը: Պարզելու համար, թե ի՞նչ հիմունքով են Մարիամ Եսայանից պահանջել վճարել, զրուցեցինք նաև Տավուշի մարզպետարանի առողջապահության վարչության պետ Կարինե Դովլաթբեկյանի հետ, ով առողջապահության նախարարությունից նախապես տեղեկանալով իրենց մարզում արձանագրված դեպքի մասին` ասաց. «Մարիամ Եսայանը առողջապահության ապահովագրության սոցիալական փաթեթից օգտվելու համար ներկայացրել է միայն իր հաշմանդամության երկրորդ խումբը հավաստող փաստաթուղթ և չի ներկայացրել ընտանեկան բժշկի տված ուղեգիրը: Հենց այս բացթողումն է եղել պատճառը, որ նրանից պահանջել են վճարել»:

Եթե քաղաքացին ներկայացրել է բժշկական հաստատության կողմից իրեն տրված հաշմանդամության խմբի վերաբերյալ փաստաթուղթ, գուցե մերժելու և վճարի մասին խոսելու փոխարեն նրանից պահանջեին համալրե՞լ փաստաթղթերը՝ մեր հաջորդ հարցին ի պատասխան Տավուշի մարզպետարանի առողջապահության վարչության պետը պատասխանեց. «Հաշմանդամության խմբի վերաբերյալ փաստաթուղթն իրավական ուժ չունի` առանց ուղեգրող բժշկի ուղեգրման: Այո´, նրանք իրավասու են առանց ուղեգրի դիմողից պահանջելու վճարել սոցիալական փաթեթին միանալու համար,- պարզաբանեց Դովլաթբեկյանը՝ հավելելով: - Ես արդեն խոսել եմ Մարիամի հետ, նա կներկայացնի անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը և կօգտվի իրեն հասանելիք անվճար առողջության ապահովագրությունից, կօգտվի այն արտոնություններից, որոնք օրենքով հասնում են իրեն»,- խոսքը եզրափակեց վարչության պետը:

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.