accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Մուշեղ Հովսեփյան

Պետք չէ վախենալ, պետք է հպարտանալ

0

«5W կանանց մասին» նախագիծը պատմում է հաշմանդամություն ունեցող հինգ մայրերի, նրանց փոքրիկների ու մայրանալու բերկրանքի մասին: Նախաձեռնության նպատակն է կոտրել հաշմանդամություն ունեցող կանանց մասին կարծրատիպերը և նպաստել նրանց վերարտադրողական իրավունքի մասին հասարակության իրազեկության բարձրացմանը:

Ծրագիրն իրականացվում է «Ագաթ» հատուկ կարիքներով կանանց կենտրոնի «Ես մայրանալու իրավունք ունեմ» ծրագրի շրջանակներում` Նորվեգիայի Թագավորության դեսպանատան ֆինանսական աջակցությամբ:

Պատմություն հինգերորդ

 

Գոհարը 21 տարեկան է: Ընտանիքի հետ ապրում է Երևանում: Նա երկրորդ երեխային է սպասում:

Գոհարն ու ամուսինը՝ Դավիթը, լսողության խնդիր ունեն:

«Մի քանի տարի առաջ Երևանի Սուրբ Երրորդություն եկեղեցի էի հաճախում: Այնտեղ էին լսողության խնդիրներ ունեցող երիտասարդները հիմնականում հավաքվում: Թարգմանիչ կար, ով մեզ համար քահանայի խոսքն էր թարգմանում, տարբեր դասընթացներ էին կազմակերպվում: Մոտ հինգ տարի հաճախում էի ու հանդիպում էի մի տղայի հետ, մի օր էլ Դավիթը եկավ մեզ մոտ, ծանոթացանք: Նա ինձ հավանել էր: Դավիթի նկատմամբ ես սկզբում անտարբեր էի, քանի որ ընկեր ունեի: Հետո ընկերոջից բաժանվեցի, ու Դավիթն ինձ միասին լինելու առաջարկ արեց»:

5

«Շատ արագ սիրահարվեցինք: Մոտ երկու տարի ընկերություն ենք արել, չգիտեի, որ նա որոշել է ինձ նշանադրության առաջարկ անել ու ինձ փաստի առաջ կանգնեցրեց: Շատ ուրախացա: Դավիթը շտապում էր ամուսնանալ ու այդպես արագ միջոցներ ձեռնարկեց, ամուսնացանք: Իմ ու Դավիթի ծնողները շատ ուրախ էին»:

3

«Ես դեռ չեմ կարողանում հավատալ, որ արդեն մայրիկ եմ: Դա ինձնից ավելի շատ ուշադրություն է պահանջում: Երեխային սպասելը շատ հաճելի զգացողություն է, բառերով հնարավոր չէ նկարագրել: Լսողության խնդիրը մեզ չի խանգարում: Այն, ինչ ուզում ենք, շատ լավ ստացվում է:

Մեր աղջիկը՝ Մարին, երկու տարեկան է: Նա շուտով եղբայր է ունենալու: Մի անգամ խոհանոցում էի, Մարին վազելով եկավ մոտս ու ժեստերով հասկացրեց, որ ջուր է ուզում: Նա լսում է, բայց արդեն փորձում է ամեն ինչ ժեստերով բացատրել»:

«Պետք չէ վախենալ: Պետք չէ մտածել, թե երեխաները կամաչեն այն բանի համար, որ ծնողները լսողության խնդիր ունեն: Հաշմանդամություն ունեցող աղջիկները պետք է հպարտ լինեն, որ հաղթահարել են ամեն ինչ»:

2

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.