accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Անժելա Պողոսյան

Ազգային գրադարանում աշխատողներին ազատում են հաշմանդամության պատճառով

0

Մեր ստացած տեղեկությունների համաձայն` ազգային գրադարանում վերջին շրջանում աշխատանքից ազատում են հաշմանդամություն ունեցող անձանց՝ պատճառաբանելով, թե հաշմանդամության թերթիկում գրված են` անաշխատունակ և խնամակալի կարիք ունեցող:

Աշխատակիցներից մեկը` Ռիտա Նաթանյանը, մեզ հետ զրույցում պատմում է, որ իրեն ստիպում են ազատման դիմում գրել ու դուրս գալ աշխատանքից:

«Հաշմանդամություն ձեռք եմ բերել փոքր տարիքում գրիպով հիվանդանալու պատճառով, ինչից հետո բարդություններ առաջացան, ու ստիպված եղա գլխի վիրահատություն տանել: Տասը տարի բուժվել եմ Մոսկվայում: 1978 թվականից սկսեցի աշխատել ազգային գրադարանում: 36 տարի աշխատել եմ, ու ոչ մի խնդիր չի եղել, առողջական խնդիրներս չեն խանգարել աշխատանքիս: Ճիշտ է՝ գրված է, որ ինձ խնամակալ է անհրաժեշտ, բայց ես ապրում եմ մենակ ու կարողանում եմ իմ մասին հոգալ: Գրադարանի ղեկավարությունը զանգահարեց ու ասաց, որ գնամ դիմում գրեմ ու դուրս գամ աշխատանքից: Հիմա գնում եմ աշխատանքի, բայց բաժնի վարիչը շարունակ ճնշում է գործադրում և ստիպում է, որ ազատման դիմում գրեմ: Ինչո՞ւ հենց աշխատավարձի բարձրացումից հետո որոշեցին աշխատանքից ազատել. նրանք միշտ իմացել են իմ հաշմանդամության մասին և այսքան տարի ոչինչ չեն ասել: Առավոտյան գնացինք, աշխատավարձը ստացանք, կեսօրին ասացին` ազատվում ես: Ցավալի է այսքան տարի աշխատելուց հետո այսպես ազատվել աշխատանքից: Նրանք ինձ տեղեկանք են տվել, որի հիման վրա վարկ եմ վերցրել: Հիմա ես ինչպե՞ս եմ մարելու այդ գումարը, չէ՞ որ իմ միակ միջոցը այդ աշխատավարձն է»,- մեզ հետ զրույցում ասաց Ռիտա Նաթանյանը:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաշմանդամների հիմնահարցերի բաժնի գլխավոր մասնագետ Աննա Հակոբյանը, անդրադառնալով այս հարցին, նշեց.

«Օրենքի խախտում է հաշմանդամություն ունեցող անձին աշխատանքից ազատել միայն նրա համար, որ հաշմանդամության թերթիկում գրված է «անաշխատունակ» բառը ու խնամակալի կարիք ունենալու մասին: 2000 թվականից հաշմանդամության թերթիկում արդեն չի գրվում «աշխատունակ» կամ «անաշխատունակ»: Որոշվում են աշխատանքային գործունեության սահմանափակում և դրա աստիճանները: Բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովը տալիս է երաշխավորագիր՝ ինչ աշխատանք կարող է կատարել տվյալ անձը, արդյոք այդ աշխատանքը ամբողջ ծավալո՞վ պետք է կատարվի, թե՞ ավելի կարճատև ռեժիմով: Եթե ներկայումս որևէ մեկի հաշմանդամության թերթիկում գրված է «անաշխատունակ» բառը, նա պետք է դիմի իր տարածքի հանձնաժողովին, որը կփորձաքննի և նրա աշխատանքային գործունեության մասին գրառում կանի ներկայիս օրենսդրության համաձայն»:

Մենք փորձեցինք նաև զրուցել ազգային գրադարանի կադրերի բաժնի պետ Սրբուհի Կիզիրյանի հետ, ով հերքեց բոլոր տեղեկությունները և կտրականապես հրաժարվեց մեր հարցերին պատասխանելուց` ասելով. «Ձեր տեղեկությունները սուտ են, ես չեմ պատրաստվում դա քննարկել ձեզ հետ»:

Հիշեցնենք, որ «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 4-րդ գլխի 17-րդ հոդվածում ասվում է. «Անթույլատրելի են հաշմանդամության պատճառով հաշմանդամի հետ աշխատանքային պայմանագրի կնքման կամ պաշտոնի բարձրացման մերժումը, ադմինիստրացիայի նախաձեռնությամբ աշխատանքից հեռացումը կամ այլ աշխատանքի փոխադրումը, բացառությամբ այն դեպքերի, երբ բժշկաաշխատանքային փորձաքննության մարմինների եզրակացությամբ նրա առողջական վիճակը խոչընդոտում է մասնագիտական պարտականությունների կատարմանը կամ սպառնում է այլ անձանց առողջությանը և աշխատանքի անվտանգությանը»:

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.