accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Զարուհի Բաթոյան

Կայքի նախկին խմբագիր, սյունակագիր

Խտրականություն՝ օրենքով սահմանված կարգով

0

Եզրակացությունը չի պարտադրում ծնողին այս կամ այն դպրոցն ընտրելու, ոչ էլ պայման է հանդիսանում դպրոց ընդունվելու համար։ Եզրակացոթյունը կարող է որպես ուղեցույց ծառայել ծնողի և երեխայի հետ աշխատող մասնագետի համար:

Մեր կայքում հրապարակված «Ազգային գրադարանում աշխատողներին ազատում են հաշմանդամության պատճառով» հոդվածին արձագանքել է գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանը: Նրա հավաստմամբ` հաշմանդամության պատճառով որևէ մեկին աշխատանքից հեռացման հրաման ինքը չի տվել:

«Իմ տնօրեն եղած ժամանակաշրջանում` 2011-ի հուլիսից մինչ օրս, ոչ մի հաշմանդամ չի ազատվել աշխատանքից, ես` որպես տնօրեն, այդպիսի հրաման չեմ տվել: Գուցե տեղեկությունը սխալ են ընկալել կամ էլ, կանանց կոլեկտիվ է, գուցե սովորական բամբասանք է, կամ որևէ մեկի հիվանդ երևակայության արդյունք: Պաշտոնապես հայտարարում եմ, որ նման բան չկա»:

Հիշեցնենք, որ մեր տեղեկությունների համաձայն` աշխատակիցները խնդրի առջև էին կանգնել հաշմանդամության թերթիկում «անաշխատունակ» և «խնամակալի կարիք ունեցող» գրության համար: Աշխատակիցներից մեկը խմբագրման էր ենթարկել հաշմանդամության մասին իր փաստաթուղթը և իր հավաստմամբ այսկերպ խուսափել խնդրից, իսկ մյուս աշխատակցին` Ռիտա Նաթանյանին, կադրերի բաժնից ճնշման էին ենթարկում ազատման դիմում գրելու համար:

Նշենք նաև, որ Ռիտա Նաթանյանը նաև իր խնդրի մասին նամակ էր գրել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին:

Նախարարության աշխատանքի բաժնի պետ Վարազդատ Դանիելյանը մեզ հետ զրույցում նշեց. «Մարդը դիմում է գրել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին, նախարարությունն ընդամենը պարզաբանում է տվել, որ հարգելի քաղաքացի, ձեզ ոչ թե աշխատանքից ազատել են 1-ին կարգի հաշմանդամ կամ ընդհանրապես հաշմանդամ լինելու համար, այլ ձեզ ազատում են միայն բժշկասոցիալական փորձաքննության եզրակացության հիման վրա: Իսկ եզրակացության մեջ գրված է` անաշխատունակ: Նա մարդկանց թյուրիմացության մեջ է գցում, նրա իրավունքները չեն խախտվել»:

Մեր այն հարցին, թե ինչո՞ւ են որոշել հիմա այդ հանգամանքը հաշվի առնել, չէ՞ որ եզրակացությունը վաղուց է տրված եղել և անժամկետ, Դանիելյանը պատասխանեց. «Գիտե՞ք ինչ կա, մենք մտնում ենք մի դաշտ, որը մեր իրավասությունների մեջ չի, ոչ էլ ձերն է: Սա գործատուի իրավունքն է: Մենք ընդամենը պարզաբանում ենք տվել, որ ձեր իրավունքը սա է, գործատուինը` սա: Գործատուի իրավունքն է բժշկասոցիալական փորձաքննության հիմքով ազատել աշխատանքից՝ Աշխատանքային օրենսգրքի 120-րդ հոդվածի հիման վրա: Դա միայն գործատուի որոշումն է: Նրա հետ որևէ կապ չենք հաստատել, նրանք ոչ մեզ դիմել են, ոչ էլ կարծիք հարցրել»:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 120-րդ հոդվածի 3-րդ կետն ամրագրում է. «Աշխատողի մասնագիտական ունակությունների համապատասխանությունը զբաղեցրած պաշտոնին կամ կատարվող աշխատանքին գնահատում է գործատուն, իսկ աշխատողի առողջական վիճակի համապատասխանությունը որոշվում է բժշկական եզրակացությամբ»: Վարազդատ Դանիելյանի խոսքով`գործատուն մարդուն աշխատանքից հեռացնելու կամ աշխատանքի չընդունելու իրավունք ունի միայն եզրակացության հիման վրա: Մեզ մնում է փաստել հետևյալը. բավական չէ, որ աշխատանքի ընդունվելու կամ աշխատանքը չկորցնելու համար հաշմանդամություն ունեցող մարդուց եզրակացություն են պահանջում, ինչը օրենսդրական մակարդակում խտրականության պարզ դրսևորում է, դեռ մի բան էլ այդ հանգամանքը պաշտոնյաները ամբողջությամբ ընդունելի և բնականոն են համարում:

Ակնհայտ է, որ օրենսգիրքը փոփոխության կարիք ունի, և այս օրինակները մեզ ապացուցում են, որ այսօրինակ եզրակացությունները ոչ թե պաշտպանում և ապահովում են մարդու իրավունքը, այլ ճիշտ հակառակը՝ սահմանափակում են դրանք: Ի վերջո, բյուրոկրատական եզրակացությունների հետևում մարդկային ճակատագրեր են թաքնված:

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Leave A Reply