accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Անժելա Պողոսյան

«Քաղաքականությունը փոխվում է, վերաբերմունքը մնում է նույնը»

0

«Լիարժեք կյանք» հասարակական կազմակերպությունն իրականացրել է բժշկասոցիալական փորձաքննության (ԲՍՓ) գործակալության թափանցիկ և հաշվետվողական գործունեության վերաբերյալ մշտադիտարկում, որի հիման վրա պատրաստել է զեկույց:

Զեկույցի հիմքում ընկած են 2014-ի առաջին կիսամյակում Լոռու, Շիրակի, Արագածոտնի, Գեղարքունիքի մարզերում ՀՀ բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովների կողմից անցկացվող փորձաքննությունների մոնիթորինգների արդյունքները:

Դիտարկվել են ինչպես շենքային պայմանները, այնպես էլ քաղաքացիների ընդունելությունը, բուն փորձաքննության գործընթացը, անցկացվել են հարցումներ փորձաքննություն անցնող անձանց հետ: Գործել է թեժ գիծ, որն օգնել է առավել ընդգրկուն տեղեկություն ունենալ ոլորտի հիմնախնդիրների վերաբերյալ:

«Լիարժեք կյանք» ՀԿ նախագահ Սուրեն Մաղաքյանի խոսքով` հաշմանդամության ճանաչման գործընթացում Հայաստանում խնդիրները առկա են դեռևս խորհրդային տարիներից, սակայն ոլորտը լուրջ զարգացում է ապրել ոլորտում գործող ՀԿ-ների ջանքերի շնորհիվ:

Խոսելով ոլորտում առկա խնդիրների մասին` Մաղաքյանն առանձնացրեց համապատասխան վերաբերմունքի հարցը:

 – Երկու տարի առաջ Ապարանի մշակույթի տան մոտ թեքահարթակ կառուցեցին, սակայն երկու տարի անց քանդեցին, պատճառաբանելով, թե խանգարում է շենքի սպասարկմանը: Նախ և առաջ մեր պետությունում պետք է փոխել վերաբերմունքը: Քաղաքականությունը փոխում են, վերաբերմունքը՝ ոչ:

Մշտադիտարկման ընթացքում սպասարկվել է 171 անձ, այդ թվում` 19-ը ստացել են միայն խորհրդատվություն: Մշտադիտարկումն իրականացվել է էլեկտրոնային կայքերի ուսումնասիրության, հիմքեր հանդիսացող փաստաթղթերի ուսումնասիրության և վերլուծության, տեղեկության հավաքման, որակական գնահատման (exit poll հարցազրույցների անցկացում, վերլուծություն), թեժ գծի հեռախոսազանգերի վերլուծության միջոցով:

Մշտադիտարկված սենյակներից երեքի սպասասրահում չի եղել աթոռ կամ նստարան: Միայն 14 դեպքում սպասասրահում եղել է սեղան, որտեղ դիմումատուն կարող էր լրացնել հայտը: Մշտադիտարկված սպասասրահներից ոչ մեկում չի եղել խմելու ջրի սարք:

Միայն 6 դեպքում զուգարանի ներսում է առկա եղել բավարար տարածք սայլակի համար: Զուգարաններ եղել են միայն 18 տարածքներից 12-ում, որոնցից 6-ը փակ են եղել: Մշտադիտարկված զուգարաններից ոչ մեկը հարմարեցված չի եղել բռնակներով:

Թալինում փորձաքննության համար հատկացված սենյակը գտնվում էր քաղաքապետարանի երկրորդ հարկում, իսկ Սպիտակում` շենքի նկուղային հարկում և մատչելի չէր հաշմանդամություն ունեցող մարդկանց: Ծաղկահովտում զուգարան չի եղել ո´չ շենքի ներսում, ո´չ էլ մոտակայքում։ Այն գտնվում էր բուժկետից 25 մ հեռավորության վրա: Վանաձորի հանձնաժողովի տարածքի զուգարանը միայն աշխատողների համար էր, փակ այցելուների համար: Այն բացվում էր միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

Այն հարցին՝ «Ինչպիսի՞ն էր հանձնաժողովի անդամների վերաբերմունքը (ընդունելությունը) Ձեր նկատմամբ», հարցվածների մեծ մասը՝ 64%-ը, պատասխանել է, որ դրական է եղել վերաբերմունքը, անհարգալից՝ 4%-ը, չեզոք՝ 33%-ը:

Մյուս կարևոր դիտարկումը վերաբերում էր հաշմանդամության ճանաչման, մերժման, խումբ սահմանելու որոշման հետ համաձայն չլինելու դեպքում բողոքարկման կարգի մասին դիմումատուին տեղեկացնելուն: Հարցվածների գերակշիռ մասը (93%) պատասխանել է, որ իրենք չեն տեղեկացվել բողոքարկման գործող կարգի մասին:
Այն հարցին՝ «Արդյո՞ք հաշմանդամության խումբ սահմանելու կամ խումբը բարձրացնելու համար երբևիցե գումար պահանջվե՞լ է», հարցվածների 20%-ը պատասխանել է «այո, իրենց ակնարկել և պահանջել են»: «Ոչ» պատասխանել է հարցվածների 80 %-ը:

Ինչ վերաբերում է պահանջված գումարի չափերին, ապա հարցվածները նշել են, որ գումարը տատանվում է 25.000- 80.000 դրամի սահմաններում, կախված այն բանից, թե ինչ խումբ պետք է ստանա: Փորձաքննության ժամանակ կազմվող վերականգնողական անհատական ծրագրին մասին հարցվածների 64%-ը նշել է, որ «ընդհանրապես չգիտեն, թե դա ինչ է», «այո» պատասխանել է 18%-ը, «ոչ»՝ 11%-ը, 7%-ը չգիտի` «կազմվե՞լ է իր համար անհատական ծրագիր, թե՞ ոչ»:

Զեկույցի արդյունքում արված առաջարկները վերաբերում են բողոքարկման հնարավորության ավելի գործուն մեխանիզմների ստեղծմանը, ավելի հարգալից և բարեկիրթ վերաբերմունքին, տեղեկատվական հոսքերի կանոնակարգմանը, հաշմանդամության ճանաչման գործընթացը ավելի թափանցիկ դարձնելուն, քաղաքաշինական մատչելիության ապահովմանը ԲՍՓ կենտրոններում, հերթագրման ընթացակարգի բարելավմանը, վերականգնողական անհատական ծրագրի հետ աշխատանքի վերանայմանը, հաշմանդամության ճանաչման կարգին, նույն վիճակի վերաբերյալ ԲՍՓ մասնագետների տարբեր մոտեցումների բացառմանը:

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.