accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Աղավնի Սուքիասյան

Լրագրող | Ավարտել է Երևանի պետական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետը։

«Հազարավոր երեխաների նման աղջիկս էլ դպրոց կգնա…»

0

Մանկական ուղեղային կաթվածը (ՄՈՒԿ) դժվարացնում է մարմնի մկանների վերահսկողությունը: Այն ի հայտ է գալիս կյանքի առաջին տարիներին: ՄՈՒԿ-ը ազդեցություն է ունենում ոչ թե մկանների կամ նյարդերի, այլ ուղեղի վրա, որի հետևանքով առաջանում է շարժումներն ու կեցվածքը ճիշտ վերահսկելու և կառավարելու դժվարություն, ուստի ՄՈՒԿ ունեցող երեխաները դժվարանում են օգտագործել մարմնի որոշ մկանները:

Ալինան, ով պատրաստվում է գնալ առաջին դասարանՄարուսյա Վիրաբյանի աղջիկը՝ Ալինան, վեց տարեկան է: Այս տարի նա դպրոց է գնալու: Ծնվելուց հետո շատ կարճ ժամանակ անց բժիշկները երեխայի մոտ հայտնաբերում են խնդիրներ և ախտորոշում` մանկական ուղեղային կաթված: Այսօր երեխան քայլելու դժվարություն ունի, տեղաշարժվում է քայլակի օգնությամբ: Ընտանիքն ապրում են Չարենցավանում:

«Հիշում եմ` երբ երեխայիս գրկած զբոսնում էի մեր քաղաքում, մարդիկ մեզ մի այլ կերպ էին նայում, շատ հաճախ նրանց հայացքում ես խղճահարություն էի տեսնում: Սակայն որոշեցի, որ դա մեզ չի կարող խանգարել, և աղջիկս իր հասակակիցների նման պետք է հաճախի մանկապարտեզ: Ինձ իմ որոշումից հետ չպահեց անգամ մանկապարտեզի համար տեղեկանք տրամադրող բժշկուհու`«ո՞նց, քո երեխային մանկապարտե՞զ ես տանելու» տարակուսանքը: Այո´, տանելու եմ և տարա, թեև քաղաքում չկար ոչ մի ներառական մանկապարտեզ, Ալինան գնաց սովորական մանկապարտեզ, իր հասակակից բոլոր երեխաների նման վայելեց մանկապարտեզի հեքիաթը»,- պատմում է աղջկա մայրը: Բացի ներառական մանկապարտեզների բացակայությունից, Չարենցավանում մինչև 2013 թ. չեն եղել նաև ներառական դպրոցներ: Այս ուսումնական տարում քաղաքի 6-րդ հիմնական դպրոցում կբացվի առաջին ներառական դասարանը, որտեղ սովորելու հնարավորություն կունենան 25-ից ավելի կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներ:Հաշմանդամություն ունեցող աղջնակը հազարավոր երեխաների պես գնալու է դպրոց

«Հիմա հերթը դպրոցինն է: Թեև այս տարի Չարենցավան քաղաքի 6-րդ հիմնական դպրոցում բացվել է ներառական դասարան, բայց ես որոշել եմ դարձյալ համառել և աղջկաս ընդունել սովորական հանրակրթական դպրոց: Դպրոցի տնօրենն ինձ ամեն կերպ ուղղորդում էր ներառական դասարան` պնդելով, որ այնտեղ կան բոլոր մասնագետները, ովքեր կարող են աշխատել հաշմանդամության խնդիր ունեցող երեխաների հետ: Բայց ես որոշել եմ ռիսկի դիմել և աղջկաս ընդունել սովորական դպրոց»:

Տնօրենը տեղի տվեց և համաձայնեց աղջկան դպրոց ընդունել` պայմանով, որ ուսումնական պրոցեսի ողջ ընթացքում ծնողը կլինի դպրոցի միջանցքում և երեխայի տեղաշարժման խնդիրը ինքը կլուծի:

«Ընդամենը մեկ օր, և Ալինան հազարավոր երեխաների նման, առաջին անգամ կմտնի դպրոց, թերևս միայն մի տարբերությամբ. իր համադասարանցիները առաջին անգամ դասարան կհասնեն վազելով, իսկ Ալինային դասարան կտանեմ ես` շատ ամուր գրկած»:

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.