accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Աննա Կարապետյան

Մովսես գյուղի միջնակարգ դպրոցում

0

Օգոստոսի 30-ին Հայաստանի կրթության նախարար Արմեն Աշոտյանը պաշտոնական այցով եղավ Տավուշի մարզում և այցելեց նաև սահմանամերձ Մովսես գյուղի միջնակարգ դպրոց, որտեղ սովորում է 132 աշակերտ: Դպրոցի տնօրեն Ռուզաննա Ադամյանը մեզ հետ զրույցում նշեց, որ արդեն 5 տարի է, ինչ դպրոցն իրականացնում է ներառական կրթություն. «Այս ուսումնական տարում ունենք 16 աշակերտ, բայց 5 երեխայի կարիքներ դեռ գնահատված չեն, նրանց կարիքը պետք է ներկայացվի մարզպետարանի երեխաների իրավունքների պաշտպանության բաժին»:

Տնօրենն ասաց, որ դպրոցում հիմնականում սովորելու դժվարություններ ունեցող երեխաներ են, խիստ արտահայտված կարիքներ չկան. «Կան լոգոպեդի կարիք ունեցող երեխաներ, մի երեխա լսողության խնդիր ունի: Հենաշարժական խնդիր ունեցող մի երեխա ունեինք, որ արդեն ավարտել է դպրոցը, մանկուց ողնաշարի թեքության խնդիր ուներ, առաջին դասարանից մեր դպրոցում է եղել: Նա ուղղակի ազատվել է ֆիզկուլտուրայի և ռազմագիտության դասերից: Սայլակով դպրոց եկող երեխաներ չունենք»:

Հարցին, թե արդյոք ներառական կրթության ծրագրին միանալուց հետո նոր մասնագետներ ընդունե՞լ են աշխատանքի, տիկին Ադամյանը պատասխանեց. «Լոգոպեդ չունենք, բայց ունենք սոցմանկավարժ, ունենք դասվարական կրթությամբ ուսուցիչներ, որոնք աշխատում են որպես ուսուցչի օգնական: Եթե մասնագիտությամբ հոգեբան չունենանք էլ, սա խնդիր չի առաջացնում, որովհետև ուսուցիչն ինքը հոգեբան է և կարող է երեխայի հոգեբանությունը, առանձնահատկությունները հասկանալ, որպեսզի երեխան կարողանա համագործակցել իր հասակակիցների հետ, սովորի սոցիալական խմբերին: Այս տարի աշխատանքի ենք ընդունել նոր սոցմանկավարժ»:

Disabilityinfo.am-ի հետ զրույցում Տավուշի մարզում իրականացրած ներառական կրթության փորձնական ծրագրին անդրադարձավ նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը. «Տավուշի մարզն առաջինն էր հանրապետությունում, որտեղ իրականացրինք ունիվերսալ ներառականության ծրագիր: Մարզի բոլոր դպրոցները ստացան հնարավորություն ընդունել կրթության հատուկ կարիքներ ունեցող երեխաների և այդ կարիքները բավարարել:

Կարիքները առանձնահատուկ են, բայց երեխայի կրթության իրավունքը մեզ համար գերակա է, և ամեն մի երեխայի կրթությունը հասարակության մեջ պետք է կազմակերպվի` ելնելով տվյալ երեխայի անհատականացված կարիքներից: Այս համակարգն ենք մենք փորձում կառուցել: Ունենք բավականին զգալի հաջողություններ, որոնք անհերքելի են, և ունենք իհարկե դժվարություններ, ինչպես կազմակերպչական, այնպես էլ հոգեբանական բնույթի: Ծրագիրը իր բոլոր դժվարություններով և խնդիրներով հանդերձ համարում եմ հաջողված և փորձը համարում եմ օրինակելի հանրապետության ողջ տարածքում տարածելու համար: Սա միայն իմ կարծիքը չէ, սա նաև բազմաթիվ մասնագետների, ծնողական հանրույթի և մանկավարժների ճնշող մեծամասնության կարծիքն է»:

Նախարարի խոսքով` երկրորդ ընթերցմամբ Ազգային ժողովում է «Հանրակրթության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, որով օրենսդրական հիմքեր պետք է ստեղծվեն նաև Տավուշի մարզում ձեռք բերած փորձը Հայաստանի Հանրապետությունում տարածելու համար:

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.