accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Անի Պետրոսյան

ԼՐԱԳՐՈՂ | www.ikin.am տեղեկատվական հարթակի համակարգող

«Երազի տունն» այլևս երազանք չէ

0

Երևանի Մինաս Ավետիսյան 8ա շենքի 17 բնակարանում այսուհետ տեղակայված կլինի «Երազի տուն» ծնողների և երեխաների ներառական զարգացման կենտրոնը:

Կենտրոնը հիմնելու գաղափարը արտթերապիայի մասնագետ Նինա Մանուկյանինն էր, ում միացավ նաև «Հայ մայրեր» հասարակական կազմակերպության նախագահ Նարինե Մանուկյանը.

«Ես և Նինա Մանուկյանը սկսեցինք մտածել այս ծրագրի մասին, քանի որ գիտեինք` հայ իրականության մեջ չկա այնպիսի մի կենտրոն, որը զբաղվի հաշմանդամություն ունեցող ծնողների կարիքներով, նրանց հոգեբանական աջակցություն ցույց տա և օգնի ծնողներին սովորել ապրել հաշմանդամություն ունեցող փոքրիկի մոր կարգավիճակով: Ցանկանում ենք, որ ծնողները բարդույթներից ազատվեն ու լիարժեք կյանքով ապրեն: Սա շատ կարևոր խնդիր է, քանի որ մայրերն են երեխաներին ուղղորդում և դաստիարակում:

Մեր կենտրոնը լոգոպեդի ու հոգեբանի ծառայություններ կմատուցի փոքրիկներին: Կլինեն արտթերապիայի պարապմունքներ, որոնք կնպաստեն երեխաների մոտորիկայի զարգացմանը: Այս մեթոդն արդյունավետ է նաև մտավոր ու հոգեկան խնդիրներ ունեցող երեխաների պարագայում, քանի որ հանգստացնում է ու հանում լարվածությունը»,- ասաց ՀԿ նախագահը:

«Երազի տունն» իր դռները բացեց գործընկեր կազմակերպությունների օժանդակությամբ ու «Իրազեկում և ներառում» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում: Այստեղ սպասելու են բոլոր փոքրիկներին, սակայն գործունեության շեշտը դնում են 3-10 տարեկան հաշմանդամություն ունեցող փոքրիկների խնդիրների վրա:

«Երազի տունը» շուտով կընդունի «Հայ մայրեր» ՀԿ-ի ու Երևանի քաղաքապետարանի «Երևանի մանուկներին» խորագրով համատեղ ծրագրի 3-րդ փուլը: Այս անգամ մեկ ամսվա ընթացքում արտթերապիայի 12 պարապմունք կանցկացվի երեխաների հետ.

«Շնորհակալ ենք բոլորին այս ամենը համատեղ իրականացնելու համար: Համոզված եմ` կարճ ժամանակում մեր կենտրոնը կդառնա մայրերի ու փոքրիկների սիրելի երազի տունը»,- հավելեց Նարինե Մանուկյանը:

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.