accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Մարիամ Սարիբեկյան

Լրագրող (Գյումրի) | Սովորում է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում։

Թանկ հաճույք Գյումրու համար

0

Մինչև տարեվերջ Գյումրում 21 նոր բակային խաղահրապարակներ են բացվելու: Դրանցից 5-ի պաշտոնական բացումը կայացել է օգոստոսի սկզբին, նույնքանն էլ համարյա պատրաստ են բացմանը, բարեկարգման որոշ աշխատանքներից հետո դրանք էլ շահագործման կհանձնվեն: Գյումրու քաղաքապետարանը մոտ 14 մլն դրամ է ծախսելու այս ամենի համար: Մեր շրջայցի ընթացքում պարզ դարձավ, որ թե՛ խաղահրապարակների տարածքը, թե՛ առանձին խաղատեսակներ հարմարեցված չեն հաշմանդամություն ունեցող երեխաների համար:

Գյումրու քաղաքապետարանի պատասխանը հստակ է՝ քաղաքի բյուջեն չի բավարարում, իսկ հարմարեցված խաղահրապարակ ունենալը թանկ հաճույք է ու ահռելի ծախսերի հետ է կապված: Ըստ քաղաքապետարանի լրատվության բաժնի աշխատակիցների՝ խաղահրապարակներ կառուցելու նախագիծը դեռևս նախնական փուլում է, ու այս 5 խաղահրապարակները առաջին քայլերն են գյումրեցի երեխաներին զբաղմունքի միջոցներով ապահովելու համար: «Քաղաքը շատ ռեսուրսներ չունի, ու նույնիսկ կազմակերպություններ չկան, որոնք հանձն կառնեն հարմարեցված խաղահրապարակներ կառուցելու գործը, քանի որ դա շատ պատասխանատու աշխատանք է՝ ելնելով անվտանգության տեսանկյունից»,- նշում են քաղաքապետարանի լրատվության բաժնից, բայց չեն բացառում, որ գալիք տարում շարունակվող աշխատանքներում միգուցեև հաշմանդամություն ունեցող երեխաների համար որոշ հարմարեցված խաղատեսակներ ավելանան:

«Բակային խաղահրապարակների աշխարհագրությունը մեծանալու է, խաղատեսակներն էլ են ավելացվելու: Հնարավոր է՝ հետագայում լինեն նաև հաշմանդամություն ունեցող երեխաների համար հարմարեցված մի քանի խաղատեսակներ, սակայն դրանք էլ, ամենայն հավանականությամբ, խիստ մասնագիտացված չեն լինի»- ասում են վերոնշյալ բաժնից ու հույս հայտնում, որ միգուցե որոշ մասնավոր կառույցներ ու կազմակերպություններ կստանձնեն սեփական նախաձեռնությամբ կառուցել հարմարեցված խաղահրապարակներ կամ կհամաձայնեն օգնել քաղաքապետարանին այս հարցում:

Սակայն այսօր սայլակ օգտագործող երեխաների համար նախատեսված միակ ճոճանակը Հայաստանում հենց Գյումրում է տեղադրված՝ Պողոսյան պուրակում: Այն տեղադրվել է «Ագաթ» հատուկ կարիքներով կանանց կենտրոն» ՀԿ-ի կողմից 2012-ի հոկտեմբերին: Կենտրոնի ժեստերի լեզվի թարգմանիչ Ռոզա Ավագյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ճոճանակի տեղադրումն արժեցել է մոտ 450-500 հազար դրամ: «Մեր կենտրոնը մի քանի ամսից բացելու է նաև հաշմանդամություն ունեցող/չունեցող երեխաների համար նախատեսված ներառական, ունիվերսալ խաղահրապարակ, որը կունենա 6-ից ավելի խաղատեսակներ: Այն կտեղադրվի «Ագաթ» կենտրոնի բակում (Գյումրի, Բաղրամյան 33)»,- հավելեց նա:

Խաղահրապարակի կառուցման համար կենտրոնը ծախսելու է մոտ 22 մլն դրամ:

Այսպիսով, մի քանի ամսից Գյումրին կունենա 1 նոր ամբողջովին հարմարեցված խաղահրապարակ, իսկ քաղաքի մյուս խաղահրապարակներում միգուցե հայտնվեն որոշ խաղատեսակներ, որոնք հարմար կլինեն բոլոր երեխաների համար:

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.