accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Դիսըբիլիթի Ինֆո.am

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին տեղեկատվական հարթակ

Նորակառույց դպրոցում միայն թեքահարթակի մասին են մտածել

0

Կապանի 2-րդ ավագ դպրոցի կառուցման համար պետբյուջեից հատկացվել է 820 մլն դրամ: Հիշեցնենք, որ դպրոցը փլուզվել էր 2011-ի հուլիսի 16-ի առավոտյան կենտրոնական մասում` դահլիճի կողմից` չորրորդ հարկից մինչև առաջին հարկը:

Նորակառույցը եռահարկ է, որի յուրաքանչյուր դասասենյակը հարմարեցված է տվյալ առարկայի պահանջներին: «Ամեն մանրուք հաշվի են առել` սկսած երեխաների տարրական պահանջները բավարարելուց մինչև նրանց անվտանգության ապահովումը: Դպրոցի ողջ տարածքը տեսախցիկներով հսկվում է: Դրանք տեղադրված են բոլոր հարկերում, դահլիճում և շենքի հրապարակում»,- մեզ հետ զրույցում նշեց դպրոցի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանը: Նա մեծ ձեռքբերում է համարում նաև մարզադահլիճը, որը դպրոցին կից մեկհարկանի շենքում է, և կրթարանի դիմացի թենիսի դաշտը: Հպարտանում է, որ նման հարմարություններ քաղաքում միայն իրենց կրթօջախն ունի:

Այն, հարցին, թե դպրոցը որքանո՞վ է հասանելի և հարմար հաշմանդամություն ունեցող դպրոցականներին, տնօրենը մատնանշեց դպրոցի մուտքի մոտ կառուցված թեքահարթակն ու այն հանգամանքը, որ դասասենյակներ, այդ թվում նաև զուգարաններ մտնելիս արհեստական խոչընդոտներ չկան: Անզեն աչքով նայելիս թեքահարթակն այնքան էլ «վախենալու» չէ:

«Քաղաքաշինական նորմերով ենք կառուցել»,- ասաց Սիսիանի «Նորոգշին» ԲԲԸ տնօրեն Սամսոն Մաթևոսյանը: Իակ թե ինչո՞ւ այն բազրիք չունի, պատասխանեց, թե նախագծում չկա: «Դպրոցի շինարարական աշխատանքները սկսել ենք 2011-ի նոյեմբերից, գրեթե ամեն ինչ պատրաստ է: Միայն դեպի դպրոց տանող ճանապարհը պետք է կառուցվի, որը լրացուցիչ ծրագիր է, շուտով կավարտվի: Հիմա ներքին հարդարման աշխատանքներ ենք կատարում, փորձարկում գազատարը, ջրատարն ու կոյուղին: Ամեն ինչ նախագծին համապատասխան ենք անում: Հոկտեմբերի 10-ը շինաշխատանքների ավարտման պայմանագրային ժամկետն է, որից հետո դպրոցը պատրաստ կլինի աշակերտներին ընդունելու»,- նշեց շինընկերության տնօրենը:

Լյուդվիգ Հարությունյանն էլ այն հարցին, թե արդյոք միայն թեքահարթակը բավարա՞ր է հաշմանդամություն ունեցող երեխաների տեղաշարժման համար, պատասխանեց. «Մեր դպրոցը նախատեսված չէ ներառական կրթություն իրականացնելու համար, բացի այդ էլ, արդեն երրորդ տարին է, ավագ դպրոցում չունենք հաշմանդամություն ունեցող երեխաներ: Իսկ եթե դպրոցը բացվելուց հետո նրանք հաճախեն, մենք պետք է դիմենք նախարարություն, որպեսզի համապատասխան մասնագետներ ու գրականություն տրամադրեն»:

Ինչ վերաբերում է շենքային պայմաններին, դրանք կմնան անփոփոխ. բնակչության սակավաշարժուն խմբերի համար եռահարկ շենքում վերելակ չի տեղադրվի, զուգարանակոնքերն առանց բռնակների կլինեն, թեքահարթակներն էլ` առանց բազրիքի և այսպես շարունակ: Այնինչ շինարարական նորմերը, որոնք ապահովում են շենքերի և շինությունների մատչելիությունը տեղաշարժման խնդիրներ ունեցող անձանց համար, պարտադիր են:

Մելինե Մարտիրոսյան, Կապան

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.