accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Աղավնի Սուքիասյան

Լրագրող | Ավարտել է Երևանի պետական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետը։

Անհավասար հնարավորություններ` 911-ին ահազանգելու համար

0

Ռուսաստանի Արխանգելսկի մարզում փրկարարների համար ներդրվել է հատուկ ծրագիր. վերջիններս պարտավոր են տիրապետել ժեստերի լեզվին` արտակարգ իրավիճակներից հաշմանդամություն ունեցող մարդկանց փրկելու և նրանց հետ փոխադարձ կապի մեջ մտնելու համար: Ի՞նչ պարտադիր պայման կա ՀՀ ԱԻՆ-ում հաշմանդամություն ունեցող քաղաքացիների օգնության համար, ի՞նչ կերպ են լսողության և տեսողության խնդիր ունեցող քաղաքացիներն ահազանգում, և արդյոք հայ փրկարարները ծանո՞թ են ժեստերի լեզվին` Disabilityinfo.am-ը փորձեց պարզել ճգնաժամային կառավարման կենտրոնից: Կենտրոնի պետ Հովհաննես Խանգելդյանի խոսքով` հայ փրկարարները չեն տիրապետում ժեստերի լեզվին, սակայն, դա չի նշանակում, որ հաշմանդամություն, մասնավորապես, լսողության և տեսողության խնդիր ունեցող քաղաքացիներն արտակարգ իրավիճակների դեպքերում հայտնվում են անօգնական վիճակում:

«Հատուկ կարիքներ ունեցող քաղաքացիների օգնության համար 911 ցանցում ներդրված է նրանց համար նախատեսված մի ծրագիր: Մի շարք երկրներում կան արդի լուծումներ այս հարցում, և Հայաստանը ներդրել է ահազանգման համակարգերի հետ կապված միջազգային լավագույն փորձը: Իրավական դաշտում դեռ ոչինչ ամրագրված չէ, բայց անելու ենք այնպես, որ հաշմանդամություն ունեցող քաղաքացիներն ահազանգման գործընթացի մեջ լիարժեք ընդգրկված լինեն»,- մեզ հետ զրույցում ասաց Խանգելդյանը:

Խոսելով ահազանգման համակարգերի և դրանց կիրառության մասին` ճգնաժամային կառավարման պետն ասաց, որ կան հատուկ համակարգեր` նախատեսված հատուկ կարիքներ ունեցող մարդկանց համար: «911 ցանցը հենց այդ համակարգերի միջոցով է կարողանում օգնության հասնել խնդրի մեջ հայտնված հաշմանդամություն ունեցող քաղաքացուն: Արտակարգ իրավիճակների նախարարությունը համագործակցում է մի ընկերության հետ, որը Հայաստան է ներմուծում հատուկ համակարգեր, կրիչներ, թևնոցներ: Արտակարգ իրավիճակի դեպքում քաղաքացին սեղմում է ընդամենը մեկ կոճակ, և նույն պահին նրա տվյալները գրանցվում են մեզ մոտ: Այսպիսով մենք կարողանում ենք հասկանալ, թե ահազանգը որ հասցեից է եկել, և, ըստ այդմ էլ, փրկարարները շտապում են օգնության: Սա խնդրի արդիական լուծման մի տարբերակ է»:

Հայաստանում նման համակարգերի ներմուծմամբ է զբաղվում «ՍՕՍ ՍԻՍԹԵՄՍ» ընկերությունը: Ընկերության գլխավոր տնօրեն Վահագն Ծատուրյանի խոսքով` այս համակարգերն իրենք Հայաստան են ներկրում Ռուսաստանից և աշխատում են և´ հայաստանյան հիվանդանոցների, և´ ԱԻ նախարարության հետ: «Մեր համակարգերը շատ հարմար են խնդիր ունեցող քաղաքացիների օգտագործման համար: Ընդամենը ձեռքի մի սեղմումով լսողության կամ տեսողության խնդիր ունեցող քաղաքացու կոնտակտները գրանցվում են 911-ում, և ցանցը ստանում է հաղորդագրություն, թե ո´ր հասցեում է արտակարգ իրավիճակ գրանցվել: Համակարգի ընդհանուր արժեքը սկսվում է 200 հազար դրամից: Նման համակարգերն օգտագործվում են արտասահմանում»,- մանրամասնեց Ծատուրյանը:

Խոսելով միջազգային փորձի մասին` հարկ է նշել, որ ԱՄՆ-ում այս հարցը վաղուց կարգավորված է պետական մակարդակով: Բանն այն է, որ լսողության և տեսողության խնդիր ունեցող քաղաքացիներին պետությունն անվճար տրամադրում է խոսող և VIDEO PHONE` տեսազանգի հնարավորություն ունեցող հեռախոսներ:

Հայաստանում ապրում են 3500 լսողության և 4000 տեսողության խնդիր ունեցող քաղաքացիներ: Արդյոք պետությունը կկարողանա՞ իր վրա վերցնել այս քաղաքացիներին ահազանգման համակարգերով անվճար ապահովելու խնդիրը, հարց է: Պարզ է մի բան. արտակարգ իրավիճակների դեպքում քաղաքացին 911 ցանցին զանգահարում է անվճար: Սակայն, եթե նա հաղորդակցման դժվարություն ունի, ապա իր անվտանգության ապահովման համար ստիպված է դեռևս անձնական միջոցներով ձեռք բերել ահազանգման համակարգ: Իսկ այն քաղաքացիները, ովքեր չեն կարողանա 200 հազար դրամ հատկացնել նման համակարգ ձեռք բերելու համար, արտակարգ իրավիճակում հայտնվելու դեպքում ստիպված են ապավինել սեփական ուժերին:

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.