accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Մարիամ Եղիազարյան

ՀՊՃՀ թեքահարթակների մեծ մասը ոչ մի տեղ չի տանում

0

Հաշմանդամություն ունեցող անձանց համար կրթությունը սկսվում է մատչելիությունից և հաճախ ավարտվում` դրա բացակայության պատճառով: Հարմարեցված միջավայրի ստեղծման պահանջը դուրս է մնում կրթական հաստատությունների օրակարգից, որի հետևանքով ոտնահարվում է հաշմանդամություն ունեցող անձանց կրթություն ստանալու իրավունքը:

Ուսումնական հաստատություններում աստիճանահարթակների պակաս չկա, իսկ հարմարեցված թեքահարթակները դեռևս բացառությունների շարքում են: Այս ամենի հետևանքով հաշմանդամություն ունեցող մարդիկ հաճախ նույնիսկ չեն հասնում բուհի դռների մոտ, իսկ դրանցից ներս ի հայտ են գալիս նոր խնդիրներ ու խոչընդոտներ:

Մինչև 2013 թվականը Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը՝ ՀՊՃՀ-ն, զուրկ էր հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված ճարտարագիտական լուծումներից, որոնք կնպաստեին մատչելի միջավայրի ստեղծմանը: Արդեն մեկ տարի է՝ ՀՊՃՀ 2-րդ, 3-րդ, 5-րդ և 10-րդ մասնաշենքերի մոտ նախկին ռեկտորի հրամանով թեքահարթակներ են կառուցվել: Մյուս մասնաշենքերում թեքահարթակների բացակայության պատճառը ճարտարագետ, ՀՊՃՀ շինվերանորոգումների բաժնի աշխատակից Ռաֆայել Արզումանյանին հայտնի չէ. ռեկտորի որոշումն էր:

Թեև շինարարական աշխատանքներին հաշմանդամություն ունեցող անձինք խորհրդատվության կամ փորձի առումով չեն մասնակցել, ճարտարագետը հավաստիացնում է, որ բոլոր թեքահարթակները համապատասխանում են երկարության, լայնության, թեքության աստիճանի ու մյուս նորմերին: Միակ բացառությունը 5-րդ մասնաշենքի թեքահարթակն է:

«Տեխնիկական պատճառներով նորմերին չի համապատասխանում միայն 5-րդ մասնաշենքը` այնտեղ աստիճանահարթակները շատ են: Եթե նորմերին համապատասխան կառուցեինք, այնտեղ պետք է 25 մ հեռավորության վրա սկսվեր: Ճարտարապետական տեսքից կընկներ, ուրիշ լուծում էլ չկար, որ ուրիշ մուտքից, առանձին տեղում՝ հատուկ նրանց համար կառուցվեր, որ այնտեղից կարողանային մտնել, գոնե վերելակին մոտենալ: Շենքի ներսում էլ աստիճանահարթակներ կան, որ դարձյալ անհարմար են: Մեծ խնդրի առաջ կկանգնեինք: Ճարտարապետական լուծում էր պետք` նորից քանդել, վերակառուցել: Այդ պահին երևի այդ կարգի գումարներ չկային՝ չգիտեմ»,- նշում է Արզումանյանը:

Դժվար է հասկանալ, թե ինչու չեն կարողացել լուծում գտնել, եթե տարածքը հնարավորություն է տալիս թեքահարթակ կառուցելու ոչ թե մեկ, այլ մի քանի թեքությամբ: Նշենք նաև, որ պարտադիր չէ, որ թեքահարթակը մեկ անկյան տակ լինի կամ մեկ ուղղությամբ իջնի: Ցանկության դեպքում շենք մուտք գործելու համար գեղեցիկ լուծումներ կարելի է գտնել, հատկապես երբ շրջակա միջավայրը դա թույլ է տալիս:

Սակայն, ինչ խոսք, թեքահարթակի առկայությունը բավական չէ միջավայրը հարմարեցված համարելու համար: Դրանցից շատերը, օրինակ՝ տանում են փակուղի: Արդյունքում՝ հաշմանդամություն ունեցող անձը լավագույն դեպքում կարող է հասնել մինչև առաջին հարկ, իսկ դրանից հետո նոր խնդիրների է բախվում: «3-րդ մասնաշենքում էլ, նկատեցիք, որ այդ թեքահարթակով կարող էին միայն առաջին հարկ մտնել: Շենքը բարձրահարկ չէ, բայց վերելակ կա, որը չի գործարկվել: Հիմա մտածում են վերելակը վերագործարկելու մասին: Եթե վերելակն աշխատի, այլևս խնդիր չի լինի, կարող են որ հարկը պետք լինի բարձրանալ»,- փաստում է Ռաֆայել Արզումանյանը: – Հիմա տեղաշարժման խնդիր ունեցող ուսանողը, բացի առաջին հարկ մուտք գործելուց, ուրիշ տեղ չի կարող գնալ, որովհետև նույնիսկ այդ հարկում լսարանները հասանելի չեն: Բայց վերելակի գործարկումն ընթացքի մեջ է, մի քանի պակաս մասեր կան, որ պետք է գնեն: Իսկ եթե վերելակն աշխատի, արդեն բոլոր հարկերից կարող են օգտվեն»:

Ճարտարագետը նշում է, որ շինարարական աշխատանքների ժամանակ և դրանցից դուրս համալսարանի տարածքում հաշմանդամություն ունեցող անձանց չի նկատել: Ըստ նրա` նման ուսանողների կամ աշխատակիցների առկայության ու խնդիրների առաջացման դեպքում հարմարեցումների համար նոր աշխատանքներ կկատարվեն, և նոր լուծումներ կտրվեն: Բուհում շարունակվում են վերանորոգման մի շարք այլ աշխատանքներ, բայց հաշմանդամություն ունեցող անձանց համար միջավայրը հարմարեցնելու շուրջ նոր ծրագրեր ու առաջարկներ դեռևս չկան:

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.