accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Աղավնի Սուքիասյան

Լրագրող | Ավարտել է Երևանի պետական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետը։

Պահանջարկը և արտադրությունը կան, սպառումը` ոչ. ո՞րն է խնդիրը

0

Ժամանակակից շենք-շինությունները հաշմանդամություն ունեցող մարդկանց հասանելի դարձնելու համար թեքահարթակներից բացի տեղադրվում են նաև վերհան հարթակներ և վերելակներ: Վերելակի դեպքում տեղաշարժման դժվարություն ունեցող մարդուն այլևս անհրաժեշտ չի լինում այլ անձի օգնությունը: Հայաստանում կան անհատներ և ընկերություններ, որոնք զբաղվում են նման վերելակների արտադրությամբ: Դրանցից մեկը «Բրայթ ինդասթրի» ընկերությունն է, որի ներկայացուցիչ Գրիգորի Սերեպանովի խոսքով` նման արտադրանքը շատ դժվար է սպառվում Հայաստանում:

«Մեր ընկերությունն արդեն բավական երկար ժամանակ է, ինչ զբաղվում է նման արտադրանքի արտադրությամբ: Իրականում, սակայն, նման վերելակներն ու հարթակները Հայաստանում այնքան էլ լավ չենք կարողանում սպառել: Իսկ ցանկացած արտադրություն, եթե չունի սպառում, դատապարտված է: Պատվիրատուները շատ քիչ են, երբեմն էլ ունենում ենք պատվիրատուներ, որոնց շենք-շինություններին անհրաժեշտ են նման վերելակներ, սակայն դրանք չեն տեղադրվում` վերելակների բարձր գնի պատճառով: Ամենաթարմ օրինակը Թումանյանի տուն-թանգարանինն է: Մեզ պատվիրեցին նման վերելակ, բայց քանի որ ֆինանսական խնդիրներ ծագեցին, այդպես էլ վերելակը չտեղադրեցինք: Մեր երկրում շուկան շատ փոքր է: Բացի պետական շինությունների պատվերներից, մենք ունենում ենք նաև անհատական պատվերներ: Երբեմն էլ Հայաստանյան վերելակներն արտահանվում են հարևան Վրաստան»:

Խոսելով գնային քաղաքականության մասին` Գրիգորի Սերեպանովը նշեց, որ վերելակների գները շատ տարբեր են: Օրինակ` եռահարկ դպրոցի շենքի համար սովորական National2վերելակը կարժենա 6 մլն դրամ (15.000 դոլար): Այդ գինը պայմանավորված է վերելակի շարժիչի հզորությամբ, արագությամբ, խցիկի տարողունակությամբ և մի քանի այլ գործոններով: Իսկ ամենաորակյալները, որոնք, ի դեպ, եվրոպական մոդելի վերելակներն են, կարժենան մոտ 24 մլն դրամ (60.000 դոլար):

Disabilityinfo.am-ը փորձեց Երևանի քաղաքապետարանից ճշտել, թե Հայաստանում գործող այս և նման վերելակների տեղադրման համար վերելակները նախապես անցնո՞ւմ են փորձաքննություն, պետական ո՞ր մարմինն է տալիս թույլտվություն նման արտադրանք տեղադրելու համար: Մեր հարցերին ի պատասխան` քաղաքապետի օգնական Սամվել Մերթարջյանն նշեց, որ ինքը ոչ մի տեղեկություն չունի նման ընկերությունների մասին և չգիտի, թե նրանց ինչպե՞ս են թույլտվություն տրամադրում վերելակների արտադրման և շահագործման համար: Նման վերելակներ տեղադրելու դեպքում ո՞վ պետք է կազմի և հաստատի նախագիծը հարցին ՀՀ քաղաքաշինության նախարարության շինարարության քաղաքականության վարչության պետ Արտավազդ Նազարեթյանն էլ հավելեց. «Չեմ կարող նշել, թե ինչպես է այդ ընկերություններին նման թույլտվություն տրամադրվում: Հստակ է մի բան, որ նման վերելակների տեղադրումը շենք-շինություններում քաղաքաշինական նորմ չէ»:

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.