accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Անի Պետրոսյան

ԼՐԱԳՐՈՂ | www.ikin.am տեղեկատվական հարթակի համակարգող

Երբ մանկավարժը փոխարինում է թարգմանչին

0

Մեր երկրում չկա այնպիսի ուսումնական հաստատություն, որը սուրդոթարգմանիչներ է պատրաստում: Միակ հաստատությունը, որ սուրդոմանկավարժներ է պատրաստում, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանն է: Հատուկ կրթության մանկավարժության և հոգեբանության սուրդոթարգմանության բաժնում բակալավրի և մագիստրատուրայի տված գիտելիքները բավարար են սուրդոմանկավարժ դառնալու, անբավարար` սուրդոթարգմանչի աշխատանքով զբաղվելու համար: Ժեստերի լեզվի մասնագետի և սուրդոթարգմանչի տարբերությունն այն է, որ վերջիններիս համար դա հիմնական մասնագիտություն է: Օրինակ` եթե ուսանողը որևէ համալսարանում օտար լեզու է ուսանել, տիրապետում է դրան, դեռ չի նշանակում, որ կարող է համարվել տվյալ լեզվի թարգմանիչ:

Հայաստանում սինքրոն թարգմանիչները լիցենզավորում չեն ստանում, ՀՀ արդարադատության նախարարությունը լիցենզավորում է միայն նոտարական թարգմանիչներին:

«Ինքս թարգմանիչ եմ, բայց լիցենզավորում չունեմ: Արդարադատության նախարարությունը լիցենզավորում է միայն նոտարական թարգմանիչներին: Մյուսներն իրենց գիտելիքների ու ձեռք բերած փորձի և անվան շնորհիվ են գործատուի վստահությանն արժանանում»,- նշում է թարգմանիչ Վահե Մկրտչյանը:

Ինչ վերաբերում է սուրդոթարգմանիչներին, պետք է նշենք, որ ՀՀ Կառավարության 193 N նոր որոշման համաձայն` ՀՀ արդարադատության նախարարությանն է լիազորվել լիցենզավորել նաև սուրդոթարգմանիչներին: Նախարարությունից տեղեկացրին, որ դեռևս նման պրակտիկա չունեն: Չեն լիցենզավորվում այն թարգմանիչները, ովքեր նոտարական գրասենյակներում չեն աշխատում:

«Մեր երկրում սուրդոթարգմանիչներ չեն պատրաստվում: Մարդը, ով ուզում է նման կրթություն ստանալ, պետք է ուսման համար արտերկիր մեկնի: Նման կրթության ապահովումը մեր երկրի համար հեռու երազանք է, – մեզ հետ զրույցում ասաց ժեստերի լեզվի մասնագետ Զուբեյդա Մելիքյանը: – Ինքս ավարտել եմ Ասքանազ Մռավյանի անվան մանկավարժական ուսումնարանը, հետո վերապատրաստվել Ռուսաստանում, Ֆինլանդիայում: Աշխատանքիս մեջ հմտանալու հարցում ինձ շատ է օգնել խուլերի միավորման ու դպրոցի հետ աշխատանքային փորձը: Քանի որ ծնողներս խուլ են, նաև նրանց հետ շփումն է ինձ օգտակար եղել գիտելիքներ ձեռք բերելու հարցում: Ոլորտի լավագույն մասնագետները հենց նրանք են լինում, ովքեր խուլ ծնողներ ունեն ու ծնված օրվանից շփվում են ժեստերի լեզվով: Համալսարանն ավարտած ուսանողները թարգմանիչներ չեն, նրանք չունեն բավարար գիտելիքներ այդ որակավորումը ստանալու համար»:

Պարզվում է, եթե սուրդոթարգմանչի կարիք է առաջանում` պետք խոշորացույցով փնտրել, բայց նույնիսկ մասնագետ գտնելու դեպքում նրանից լիցենզավորման հավաստիք ստանալու ակնկալիք չպետք է ունենալ:

Հավելենք, որ Հայաստանի Կառավարությունը 2012-ին հավանություն է տվել «Լեզվի մասին», «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» և ՀՀ ևս չորս օրենքներում փոփոխություններ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին, որով առաջարկվում է խուլերի ուսուցումն իրականացնել հայերեն ժեստերի լեզվով, ինչը կապահովի խուլերի` կրթություն ստանալու հնարավորությունը։ Դրա համար արդեն մշակվել են թարգմանիչների վերապատրաստման ծրագիր և մեթոդական ձեռնարկ:

Հայաստանի Հանրապետությունում լսողության խնդիր ունեցող մոտ 3200 մարդ է բնակվում: Քանի դեռ սուրդոթարգմանիչ պատրաստող որևէ ուսումնական հաստատություն չունենք, թարգմանչի կարիք ունենալու դեպքում մարդիկ ստիպված են բավարարվել ժեստերի լեզու իմացող մասնագետի ծառայություններով, բայց ոչ թարգմանչի:

 Անի Պետրոսյան

28.09.2014

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.