accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Դիսըբիլիթի Ինֆո.am

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին տեղեկատվական հարթակ

Կարող է ու պետք է աշխատի

0

2015 թ. հունվարի մեկից ուժի մեջ կմտնեն «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերը, որոնց համաձայն հարյուր և ավելի աշխատողներ ունեցող պետական կազմակերպությունները պարտավոր են մեկ օրացուցային տարում իրենց աշխատողների երեք տոկոսի չափով հաշմանդամություն ունեցող անձանց համար պարտադիր աշխատատեղեր ապահովել:

«Եթե մինչև նույն տարվա վերջը, օրինակ հարյուր աշխատանքային հաստիք ունեցող կազմակերպությունում հաշմանդամություն ունեցող 3 անձ աշխատանքի չընդունվի, կազմակերպությունը այդ երեք աշխատատեղերից յուրաքանչյուրի համար կվճարի տուգանք 300.000 դրամի չափով, իսկ հաջորդ տարվանից յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար մասհանում կկատարի 300.000 դրամի 0.15 տոկոսի չափով: 2016 թ. սույն պահանջը կտարածվի նաև հարյուր և ավելի աշխատողներ ունեցող ոչ պետական կազմակերպությունների վրա, բայց նրանց քվոտավորման չափը կլինի մեկ տոկոս»,- օրենքի փոփոխությունը ներկայացնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Թադևոս Ավետիսյանը: Ու որպեսզի գործատուն շահագրգռված լինի հաշմանդամություն ունեցող անձի հետ համագործակցության մեջ, նախարարությունը մշակել է աջակցության մի շարք ծրագրեր: Մի դեպքում գործատուին վճարվում է 200.000 դրամ միանվագ գումար և առաջարկվում որոշակի հմտությունների պակաս ունեցող անձանց վերցնել աշխատանքի և պայման է դրվում, որ առնվազն մեկ տարի այդ անձը պետք է աշխատի տվյալ աշխատավայրում: Պետությունը նաև աջակցում է աշխատատեղերի հարմարեցման հարցում՝ տրամադրելով մինչև 500.000 դրամ: Մեկ այլ ծրագրով աշխատանքային փորձ չունեցող հաշմանդամություն ունեցող անձը մինչև 3 ամիս տևողությամբ նվազագույն ամսական աշխատավարձի չափով վարձատրվող մասնագիտական պրակտիկա էանցնում գործատուի մոտ, վերջինս նույնպես փոխհատուցում է ստանում պրակտիկան կազմակերպելու համար: Այս ծրագրերը հավասարապես գործում են թե՛ պետական, թե՛ մասնավոր կառույցներում: Պետությունը սահմանել է նաև ուղեկցողի ծախսերի փոխհատուցում, որը կօգնի հաշմանդամություն ունեցող աշխատողին կազմակերպել իր աշխատանքային գործունեությունը:

Ըստ Թադևոս Ավետիսյանի՝ 2015 թվականից օրենքի նոր կետի և վերոնշյալ ծրագրերի շնորհիվ ավելի շատ թվով մարդիկ կայուն զբաղվածություն կունենան: Պետական կառույցներում աշխատանքային որևէ սահմանափակում չկա. հաշմանդամություն ունեցող անձինք կարող են զբաղեցնել ցանկացած թափուր հաստիք՝ ըստ համապատասխան մասնագիտացման ու հմտությունների: Իսկ թափուր հաստիքների մասին նրանք կարող են տեղեկանալ զբաղվածության պետական ծառայության գործակալության 51 տարածքային կենտրոններից, որոնք գործում են Երևանում և հանրապետության բոլոր մարզերում: Դրա համար անհրաժեշտ է, որ հաշմանդամություն ունեցող գործազուրկները պարտադիր հաշվառվեն զբաղվածության տարածքային կենտրոններում, որտեղ կներառվեն ծրագրերում և արդյունքում կունենան մշտական աշխատանք:

Լուսինե Գաբրիելյան

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.