accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Դիսըբիլիթի Ինֆո.am

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին տեղեկատվական հարթակ

Հոգեբուժարանը՝ «վեչնի կոյկա» հիվանդի համար

0

Երկու օր` բրնձով շիլա, երրորդ օրն էլ… խաշած բրինձ: Սա նյարդահոգեբուժական հաստատությունների ամենօրյա ճաշացանկն է:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը ներկայացրեց «Մարդու իրավունքների վիճակը Հայաստանի նյարդահոգեբուժական հաստատություններում-2013: Հիվանդանոցը երբեք չի կարող տուն դառնալ… ոչ մեկի համար» զեկույցը: Մշտադիտարկում է անցկացվել Հայաստանի 9 նյարդահոգեբուժական հաստատություններում: Նախաձեռնության հեղինակների խոսքով՝ նյարդահոգեբուժական հաստատություններում տիրող իրավիճակի մասին, բացի մասնագիտական նեղ շրջանակներից, հանրությունը պատշաճ ձևով իրազեկված չէ:

Մոնիթորինգի մասնագետ Մարիետա Թեմուրյանը, ներկայացնելով մշտադիտարկման արդյունքները, նշեց, որ 2013-ին բացահայտվել են համակարգային մի շարք խնդիրներ՝ կապված համայնքից մեկուսացված լինելու, վատ պայմանների, վատ վերաբերունքի, ոչ պատշաճ բուժման և խնամքի հետ: Օրինակ` Սևանի հոգեբուժարանի հիվանդներից մեկը հիվանդասենյակը բանտի է նմանեցրել և մշտադիտարկումն իրականացնողին ասել է, թե` «այդտեղ բոլորը վեչնի կոյկա են դառնում, ինքը չի ուզում դառնալ»:

Ուսումնասիրության արդյունքում պարզվել է նաև, որ այս հաստատություններում մեծ է խարանի, խտրականության առկայությունը: Անձի կարծիքը հաշվի չեն առնում միայն նրա HCA_7810համար, որ նա հոգեկան առողջության հետ կապված խնդիր ունի: «Հոգեբուժարաններից մեկում անձը 24 օր հոժարակամ բուժում էր ստացել: Հետո բազմիցս դիմել էր՝ թե´ գրավոր, թե´ բանավոր, որ այլևս չի ցանկանում բուժում ստանալ: Բժիշկը դիմումը պատռել էր՝ ասելով` հոգեկան հիվանդն ո՞վ է, որ պահանջներ ներկայացնի, կարծիք արտահայտի»,- ներկայացրեց մոնիթորինգի մասնագետ Թեմուրյանը:

Բուժհաստատություններին մատակարարվում են հիմնականում հայրենական արտադրության դեղամիջոցներ, որոնք շատ մասնագետների կարծիքով անարդյունավետ են: Դրսից ուղարկված դեղորայքը պացիենտներին չի տրվում, շատ քչերը կան, որոնց տրվում է օլանզապին դեղը, որը, ի դեպ, ցուցակով է տրվում առողջապահության նախարարությունից: Բուժհաստատություններում բացահայտվել են վատ վերաբերմունքի դրսևորումներ, որոնք արտահայտվել են ֆիզիկական, հոգեբանական բռնությունների, աշխատանքային շահագործումների տեսքով: Իսկ այս հաստատություններում գտնվողները չգիտեն իրենց իրավունքների մասին:

Թեմուրյանի խոսքով՝ մշտադիտարկման ընթացքում երբ անձը ներկայացրել է հաստատության բացասական կողմերը, տնօրինությունը նշել է, թե դա զառանցանք է, մինչդեռ դրական կարծիք արտահայտելը զառանցանք չի ընկալվել: «Եղավ մի պահ, որ մեզ էլ էին համոզում, թե զառանցում ենք: Մի անգամ ծեծի ականատես եղանք, փորձում էին ապացուցել, թե այդ ամենը մեզ թվացել է»,- պատմեց Թեմուրյանը:

Ուսումնասիրության հեղինակները բացահայտել են նաև, որ որոշ հաստատություններում թույլ չեն տվել բջջային հեռախոս ունենալ` պատճառաբանելով, թե դա սառը զենք է, կարող են հոսանքի հետ գործ ունենալ, իրենց վնասել: Միևնույն ժամանակ նույն հիվանդի մոտ հայտնաբերվել է երկաթե գործիք, ու դա որպես վտանգ չի ընկալվել:

HCA_7916Զեկույցի ներկայացման ընթացքում Արթուր Սաքունցը նշեց, որ կառավարությունը պետք է փոխի պացիենտի քանակով ֆինանսավորման քաղաքականությունը: «Կան հիվանդասենյակներ, որտեղ մահճակալները ուղղակի շատ-շատ են, ազատ շարժվելու տեղ չկա: Ստացվում է՝ հաստատությունը շահագրգռված է շատ պացիենտ ունենալու, որպեսզի շատ ֆինանսավորում ունենա, դա աբսուրդ է»:

ՀՀ առողջապահության նախարարությունից զեկույցի ներկայացմանը մասնակցում էր Արմեն Սողոյանը, ով վերջերս ընտրվել է Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի գործադիր վարչության անդամ՝ ֆինանսական քարտուղար: Նա նշեց, որ առողջապահության նախարարը քաջատեղյակ է ոլորտում առկա խնդիրներին, անձամբ եղել է բոլոր բուժհաստատություններում: Տեղի են ունեցել բազմաթիվ քննարկումներ, որոնց ընթացքում խիստ հանձնարարականներ են տրվել ծառայություններ մատուցող բոլոր կազմակերպությունների ղեկավարներին, որպեսզի ուշադրության կենտրոնում պահվի և բարելավվի իրավիճակը: Ա. Սողոյանի խոսքով՝ նախարարը ևս այն կարծիքին է, որ այդ հաստատություններում մարդիկ պետք է գտնվեն բուժվելու նպատակով և ոչ թե խնամքի:

Լիլիթ Հովհաննիսյան

Լուսանկարները` Հելսինյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.