accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Մարիամ Սարիբեկյան

Լրագրող (Գյումրի) | Սովորում է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում։

Ներառական կրթությունը կդասավանդվի նաև Գյումրու ինստիտուտում

0

2014 թ.-ից Հայաստանում ներառական կրթությունը մանկավարժական համալսարաններում պարտադիր կրթամաս է կազմելու, իսկ հաջորդ տարվանից կդասավանդվի նաև մագիստրատուրայում: Գյումրու Միքայել Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտում նույնիսկ հաջորդ տարի հատուկ մանկավարժության բաժին է բացվելու:

Իսկ առարկան, որն այս տարի կրթության նախարարության կողմից ներդրվել է համակարգ, կոչվում է ներառական կրթություն կամ ներառական կրթության հոգեբանական աջակցություն: Գյումրու մանկավարժականում այն անցնելու են բակալավրիատի ու մագիստրատուրայի բոլոր երկրորդ կուրսեցիները՝ երկրորդ կիսամյակում: Համալսարանի մանկավարժության ֆակուլտետի հոգեբանության ամբիոնի վարիչ Կարինե Սահակյանն ասում է, որ հենց իրենց ամբիոնի դասախոսներն են դասավանդելու: «Բոլոր ուսանողները վաղը դառնալու են ուսուցիչներ և աշխատելու են ներառական դպրոցներում, ուստի կապ չունի՝ ֆիզիկայի, քիմիայի թե մաթեմատիկայի ֆակուլտետում են սովորում՝ պիտի անպայման իմանան՝ ինչպե՞ս աշխատել հաշմանդամություն ունեցող երեխաների հետ»,- նշեց նա ու հավելեց, որ իրենք նման փորձառություն են տալու ուսանողներին, որ հետագայում կարողանան ներառական դպրոցներում աշխատել:

Այսօր Շիրակի մարզում 12 ներառական դպրոցներ կան, 10-ը՝ Գյումրում, մեկը՝ Ազատան համայնքում, մյուսն էլ՝ Արթիկում:

Լաուրա Հարությունյանը սովորում է մագիստրատուրայում և անցյալ տարի «Հոգեբանական հիմնախնդիրը ներառական դպրոցներում» թեմայով գիտական աշխատանք է գրել, որի համար մի քանի ամիս ուսումնասիրություններ է կատարել Հայաստանում: «Արդեն երկար ժամանակ կամավոր եմ «Անի» մանկուց հաշմանդամություն ունեցող երեխաների կենտրոնում, ու ինձ համար շատ հետաքրքիր էր թեման»,- խոստովանում է նա և նշում, որ կուզեր՝ իր համակուրսեցիներն էլ որոշ չափով հետաքրքրված լինեին դրանով: «Կարծում եմ՝ եթե այս առարկան անցնեն մեր համալսարանում, շատ բան կփոխվի ուսանողների մտածելակերպում, կամ գոնե գիտելիքներ կունենան այս ոլորտի մասին, կիմանան՝ ինչպես ճիշտ աշխատել երեխաների հետ, ի վերջո, մեր համալսարանում բոլորն էլ ապագա մանկավարժներ են»,- կարծիք հայտնեց Լաուրան:

Հիշեցնենք, որ 2012 թ․ սեպտեմբերից ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից հաստատվել և Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի բոլոր ֆակուլտետներում ներդրվել են ներառական կրթության 2 պարտադիր և 2 լրացուցիչ դասընթացներ՝ բակալավրի և մագիստրոսի աստիճանի ուսանողների համար: Դասընթացները մշակվել են միջազգային և ազգային փորձագետների անմիջական մասնակցությամբ և «Հույսի կամուրջ» ՀԿ աջակցությամբ: Իսկ Գյումրիում առարկայի դասավանդումը կսկսվի այս տարվա երկրորդ կիսամյակից:

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.