accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Մարիամ Եղիազարյան

Տխուր իրականություն, խոստումնալից հեռանկար

0

«Երևան 2025» միջազգային կոնֆերանս առաջին անգամ անցկացվեց Հայաստանում մայրաքաղաքին նվիրված տոնակատարությունների շրջանակում: «Հին քաղաք, նոր հեռանկարներ» խորագիրը կրող հանդիպման ընթացքում քննարկվեցին մայրաքաղաքի խնդիրներն ու դրանց լուծման ճանապարհները, ինչպես նաև Երևանը միջազգային չափանիշներին համապատասխան մրցունակ քաղաք դարձնելու առաջիկա քայլերի տեսլականը: Շրջակա միջավայրի պահպանման, բնապահպանական, քաղաքաշինական և այլ խնդիրների շարքում կարևորվեց նաև մատչելիության խնդիրը:

Կոնֆերանսում «Մատչելի միջավայր առանձնահատուկ կարիքներ ունեցող անձանց համար» զեկույցով ելույթ ունեցավ Երևանի քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը և նկատեց, որ հարցը միայն շենք մուտք գործելը չէ: Նա խոսեց առաջատար երկրներում կիրառվող վերելակային տնտեսության, տրանսպորտի, առողջապահական, հասարակական, մշակութային վայրերի, սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպությունների, վերգետնյա և ստորգետնյա անցումների և առհասարակ անմատչելիության խնդրի մասին:

«Ունիսոն» ՀԿ նախագահ Արմեն Ալավերդյանը ևս ողջունում է քաղաքապետարանի քայլը: Նա փաստում է, որ վերջին 2 տարիների ընթացքում Երևանի փողոցների անցումներում կառուցված թեքահարթակների և´ քանակը, և´ չափանիշներին համապատասխանելն աննախադեպ են Հայաստանի համար: Մատչելի քաղաք ունենալու առումով Ալավերդյանին մեծ հույսեր է ներշնչում մասնավոր սեկտորի հետ համագործակցությունը:

«Ամենակարևորը` Երևանի քաղաքապետարանը փաստորեն կիրառում է հաշմանդամություն ունեցող մարդկանց միջազգային շարժման կարգախոսը` «Ոչինչ մեզ համար` առանց մեր մասնակցության», համագործակցելով ՀԿ-ների հետ և համապատասխան շտկումներ կատարելով ծրագրերում ու նույնիսկ արդեն իսկ ավարտված աշխատանքներում: Կարծում եմ` այդ առումով մայրաքաղաքի օրինակն ուսանելի է ՀՀ այլ քաղաքների և համայնքների համար»:

«Հայ մայրեր» ՀԿ նախագահ Նարինե Մանուկյանը մատչելիության ապահովման հարցում կարևորում է միասնական պահանջն ու աշխատանքը. «Ներկայումս քաղաքապետարանի կողմից կատարվող քայլերը իհարկե բավարար չեն, և նրանք էլ դա հրաշալի գիտեն, բայց այն, որ այս խնդիրը սկսել է քաղաքապետարանի և առօրյա անելիքների մեջ տեղ գտնել, արդեն իսկ լավ է, հույս կա: Կարծում եմ` սխալ կլինի ասել, թե ոչինչ չի արվում, բայց, իհարկե, ավելին է պետք: Այս տարի խոստացել են տրանսպորտը հարմարեցնել, առնվազն 10 ավտոբուս: Երբ կանեն` կասեմ, որ արդեն ավելի լավ է: Մյուս տարի էլ բոլորս կաշխատենք, որ վիճակն ավելի բարելավվի»:

«Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության դաշինք» իրավաբանական անձանց միության նախագահ Զարուհի Բաթոյանի խոսքով` փաստը, որ կոնֆերանսի օրակարգում մատչելիության խնդրին առանձին զեկույց էր հատկացվել, խոսում է այն մասին, որ քաղաքապետարանը կարևորում է հարցը: Բաթոյանը կարծում է, որ քաղաքապետի ելույթում և մի քանի այլ զեկույցներում մատչելի միջավայրի թեմային անդրադարձը նշանակում է, որ մտածողության մեջ արդեն փոփոխություն կա, իսկ դա շատ կարևոր է:

«Որպես երևանցի կցանկանայի տեսնել նաև մյուս քաղաքների փորձը, ինչպես նաև հետաքրքիր կլիներ, եթե բացի պաշտոնական ելույթներից ներկայացվեին նաև կազմակերպությունների ուսումնասիրությունները կամ կարծիքները: Բայց կարծում եմ, որ այս առաջարկները կքննարկվեն պատասխանատուների հետ և հաշվի կառնվեն հաջորդ տարիների համար, քանի որ, եթե չեմ սխալվում, քաղաքապետարանը պատրաստվում է կոնֆերանսը ավանդական դարձնել,- նշեց Զարուհի Բաթոյանը: – Ինչ վերաբերում է Երևանի մատչելիության հեռանկարներին, որոնք նշվեցին ընթացքում, ապա կարծում եմ, որ եթե այդ բարեփոխումները ոչ թե մասնակի ենք պատկերացնում, այլ ամբողջությամբ կամ գոնե քաղաքի 80 տոկոսի համար, ապա մեծ հավակնություններ ունենք: Դա ինձ, իհարկե, ուրախացնում է, բայց ապագան ցույց կտա, թե որն է քաղաքապետարանի առաջնահերթությունը»:

Թեև Հայաստանն արդեն շուրջ 23 տարի է` անկախ հանրապետություն է, քաղաքապետարանը մայրաքաղաքի անմատչելիությունը բացատրում է խորհրդային երկրից ստացած ծանր ժառանգությամբ և հավաստիացնում, որ մինչև 2025 թվականը Հայաստանը կունենա մատչելի մայրաքաղաք:

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.