accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Մարիամ Եղիազարյան

«Մի՛ անտեսեք որևէ մեկին. մտածե՛ք, որոշե՛ք և գործե՛ք միասին…»

0

Աղքատության հաղթահարման միջազգային օրվա առիթով հոկտեմբերի 17-ին կայացավ «Հաշմանդամությունը և աղքատությունը» թեմայով քննարկումը: Օրակարգում ընդգրկված էին հաշմանդամություն ունեցող անձանց կրթական, զբաղվածության, առողջապահական խնդիրներին ուղղված պետական քաղաքականության կիրառման հաջողություններին ու հնարավորություններին առնչվող թեմաներ՝ ի նպաստ աղքատության հաղթահարման:

Միջոցառման նախաձեռնողը «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպությունն էր, որի ղեկավար Սուսաննա Թադևոսյանը բացման խոսքում նշեց, որ աղքատ և ծայրահեղ աղքատ մարդկանց շրջանում զգալի մաս են կազմում հաշմանդամություն ունեցող անձինք և նրանց ընտանիքները: Խնդրի լուծման գործում Թադևոսյանը կարևորեց «Հաշմանդամության սահմանման նոր համակարգի» ընդունումը ՀՀ կառավարության կողմից և միջավայրային գործոնները, որոնք ուղղակի ազդեցություն են ունենում հաշմանդամության սահմանման վրա.

«Այս գործընթացը ուղիղ համեմատական է հաշմանդամություն ունեցող անձի իրավունքի պաշտպանությանը, իսկ պաշտպանված իրավունքը հանգեցնում է աղքատության նվազեցման: Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների իրացման գործում կարևորագույն բաղկացուցիչ մաս են միջավայրային գործոնները: Եթե մենք ուզում ենք միջավայրային դրական գործոնները խթանել, ապա պետք է նայենք այն օրենքները, որոնցից բխում են այդ կարգերը, և տեսնենք` որտեղ են խթանիչները և արգելքները, որոնք հնարավոր կլինի ներկայացնել կառավարություն` բարեփոխումներ իրականացնելու համար»:

Աղքատությունը շրջանցելու և սեփական աշխատանք ստանալու գործում կարևոր օղակ է հանդիսանում կրթությունը, սակայն այստեղ ևս հաշմանդամություն ունեցող մարդիկ հանդիպում են մի շարք խոչընդոտների: ԱԺ կրթության փորձագետ Մարինե Հակոբյանը խոսեց հաշմանդամություն ունեցող անձանց կրթական խնդիրներին ուղղված պետական քաղաքականության կիրառման հաջողությունների ու խնդիրների մասին: Հակոբյանն իր ելույթում առանձնացրեց հետևյալ սկզբունքները՝ տեսնել մարդուն, ոչ թե նրա հաշմանդամությունը, չշփոթել սոցիալական, բժշկական, աջակցության կարիքը կրթական կարիքի հետ, նպաստառուից հարկատու դառնալու շանս տալ, ոչ թե առաջնային գիտելիքներ, այլ կարողություններ ու հմտություններ զարգացնել և այլն:

Կրթական համակարգի բացթողումներն էլ ավելի են խորանում աշխատանքային դաշտում: Աղքատության բարձր ցուցանիշի պատճառներից մեկը գործազրկությունն է: Խնդիրն անշուշտ բոլորին է վերաբերում, սակայն հաշմանդամություն ունեցող անձինք կրկնակի խոցելի են այս հարցում: Հենց այս խնդրին` հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածությանն անդրադարձավ փորձագետ Արսեն Մանուկյանը: Նա կարևորեց կենսաթոշակ տրամադրելու փոխարեն հաշմանդամություն ունեցող անձանց պետական և մասնավոր հաստատություններում մշտական աշխատանք տրամադրելը,սեփական միջոցներով գումար վաստակելը, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց փոքր ու միջին բիզնեսի զարգացումը խթանելն ու պետական աջակցությունը:

Միջոցառումն ամփոփեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աշխատակից և փորձագետ Հասմիկ Ղուկասյանը, ով ներկայացրեց հաշմանդամություն ունեցող անձանց առողջապահական խնդիրներին ուղղված պետական քաղաքականության կիրառման հաջողություններն ու խնդիրները` կարևորելով միջավայրի և առողջության կապը, բժշկական հաստատությունների մատչելիությունը, բժշկական ծառայությունների պատշաճ մատուցումը, բուժաշխատողների տեղեկացվածությունն ու վերաբերմունքը, ինչպես նաև հաշմանդամության վաղ հայտնաբերումն ու կանխարգելումը:

Հանդիպմանը ներկա գտնվող հաշմանդամություն ունեցող անձինք հանդես եկան առաջարկություններով ու ներկայացրեցին իրենց կարծիքը` կարևորելով սեփական մասնակցությունը իրենց վերաբերող խնդիրներին և դրանց լուծումների միջոցով աղքատության նվազեցմանը Հայաստանում:

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.