accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

«Այստեղ հատուկ պայմանների կարիք ունեցող մարդիկ չկան…»

0

Изображение 023 (1)Վերջերս սոցներդրումների հիմնադրամի և Լոռու մարզպետարանի ջանքերով հիմնանորոգվել է Արևաշող համայնքի 1-ին դպրոցն ու կառուցվել է համայնքային կենտրոն: Դժբախտաբար, ոչ մի շենքում չկան հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված հարմարություններ:

Ուսումնական հաստատությունը կառուցվել է 1996-ին: Այդ պահից ի վեր պարբերաբար մասնակի վերանորոգումներ են կատարվել, սակայն  դրանց ընթացքում հաշվի չեն առնվել քաղաքաշինական այն նորմերը, որոնք ապահովում են սակավաշարժուն խմբերի ազատ տեղաշարժը: Դպրոցի տնօրեն Թերեզա Գրիգորյանը այս հանգամանքը հիմնավորում է նրանով, որ պարզապես անհրաժեշտություն չի եղել:

«Դպրոցն անմատչելիության խնդիր չունի, որովետև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող աշակերտներ չկան: 233 սաներից ոչ ոք չունի հաշմանդամություն: Միայն մեկ երեխա է կրթություն ստանում տնային պայմաններում: Եթե մի օր այդպիսիք լինեն, մարզպետարանը պատրաստ է ձեռնարկելու միջոցներ, որպեսզի ապահովվի նրանց լիակատար առաջխաղացումը: Բացի այդ, Սպիտակում արդեն իսկ գործում է հատուկ դպրոց, որտեղ ԿԱՊԿՈՒ-ները կարող են լիարժեք կրթություն ստանալ»:

Աշակերտների համար ստեղծվել են բոլոր պայմանները՝ նորացվել են հատակը, սանհանգույցները, տեղադրվել ջեռուցման նոր համակարգ: Այդուհանդերձ, տնօրենը ևս առաջարկություններ է արել մարզպետարանին՝ դպրոցը բոլորի համար մատչելի դարձնելու առումով՝ անկախ ներկա վիճակից: Թեմայի առնչությամբ մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Ջանազյանը պարզաբանում է.

«Դպրոցը հարմարեցված չէ հաշմանդամություն ունեցող երեխաներին, բայց դա նախատեսված է ընդհանուր ծրագրի մեջ: Սա առաջին փուլն էր, որի ընթացքում հիմնանորոգվել է դպրոցի միայն մի հատվածը: Ծրագրի երկրորդ փուլում կկառուցվեն բռնաձողեր, թեքահարթակ, և կստեղծվեն մյուս հատուկ տարրերը: Շինարարական աշխատանքները ամբողջովին չեն ավարտված, ամեն ինչ հաշվի է առնվելու»:

Համանման վիճակում է նաև համայնքային կենտրոնը: Մոտ 3000 բնակիչ ունեցող գյուղի համար նորակառույց շենքում առանձնացվել են մարզասրահ, դահլիճ ու գրադարան, բայց ֆիզիկական միջավայրն ու ծառայությունները դարձյալ չեն հարմարեցված հաշմանդամություն ունեցող մարդկանց:

«Սրանք մեր թերացումները չեն: Համայնքային կենտրոնի շինարարությունն իրականացնող կազմակերպություններին առաջարկվել է հաշվի առնել գոյություն ունեցող չափանիշները, սակայն նրանք շրջանցել են դա՝ հիմնավորելով, որ շենքը տիպային է: Շինությունը ես դեռ չեմ ընդունել, հենց ընդունեցի՝ կլինեն նաև մյուս հարմարությունները, թեև այստեղ հատուկ պայմանների կարիք ունեցող մարդիկ էլ չկան»,- նշում է Արևաշող համայնքի ղեկավար Պերճ Պապիկյանը:

Հիշեցնենք նաև, որ օրեր առաջ Լոռու մարզպետը շրջել էր հիմնանորոգված մասնաշենքում և, չնկատելով դիտողության արժանի թերություններ, արտահայտել էր իր գոհունակությունը շինարարի կատարած հրաշալի գործից:

Դպրոցը

Համայնքային կենտրոնը

 Մարջան Չոբանյան

21.10.2014

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.