accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Աղավնի Սուքիասյան

Լրագրող | Ավարտել է Երևանի պետական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետը։

Ո՞ր բանկն է ավելի հասանելի…

0

10580788_767206226676185_8960009302884070753_oԱյսօր շատ բանկեր բարեգործական ծրագրեր են իրականացնում` ֆինանսավորելով տարբեր նախագծեր, ինչը, անշուշտ, միայն գովելի է: Սակայն թե որքանո՞վ են դրանց գրասենյակները նաև ֆիզիկապես հասանելի հաշմանդամություն ունեցող անձանց համար, դեռ հարց է: Մեր խմբագրությունն այս հարցով գրավոր դիմել է Հայաստանում գործող 12 բանկերի: Մեր գրավոր հարցումներին արձագանքել են բանկերից միայն չորսը:

Անդրադառնալով մատչելության խնդրին` Երևանի «Ակբա-կրեդիտ ագրիկոլ» բանկից պատասխանել են. «Բանկի որոշ մասնաճյուղեր հարմարեցված են հաշմանդամություն ունեցող քաղաքացիների համար մասնակիորեն: Իսկ դրանք ամբողջապես հարմարեցնել և համապատասխանեցնել մատչելիության չափանիշներին Երևանի «Ակբա-կրեդիտ ագրիկոլ» բանկի ղեկավարությունը նախատեսում է իրականացնել մինչև 2015 թվականի հուլիսը»: Ի դեպ, բանկը գործարկել է Հայաստանում իր թվով 52-րդ՝ «Տիգրան Մեծ» մասնաճյուղը, որի մուտքը մատչելի է տեղաշարժման դժվարություններ ունեցող անձանց համար: 

«Ամերիաբանկի» ղեկավարությունը նշել է. «Ամերիաբանկի» գլխամասում և մասնաճյուղերից մի քանիսում առկա են թեքահարթակներ, իսկ այն մասնաճյուղերում, որտեղ հնարավոր չի եղել տեղակայել թեքահարթակներ, նախագծվում են լուծման այլ տարբերակներ: «Ամերիաբանկը» հետայսու պատշաճ ուշադրության է արժանացնելու վերոգրյալ հարցը, քանի որ բանկի համար շատ կարևոր են հաճախորդների խնդիրների և կարիքների գնահատումն ու բավարարումը: Բանկը նաև նշում է, որ հենց այդ բավարարվածությունն է, որ նպաստում է հաճախորդ-բանկ փոխհարաբերությունների ամրապնդմանն ու երկարատևությանը»:

10662183_767206310009510_4791322792083521587_o«Անելիք» բանկից հաստատել են. «2007 թ. հունվարից հետո կառուցվել է բանկի երկու մասնաճյուղ` Դավթաշեն 4-րդ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում: Նշված մասնաճյուղերում տեղադրված են թեքահարթակներ: Բանկի այն մասնաճյուղերը, որոնք հարմար չեն տեղաշարժման դժվարություն ունեցողների համար, նախատեսվում է վերակառուցել և հարմարեցնել 2015-2016 թվականների նոյեմբերը ներառյալ»:

«ՊրոԿրեդիտ» բանկը պատասխանել է, որ բանկի կողմից վերակառուցված մասնաճյուղերը 14-ն են, որոնցից մատչելի չեն «Տերյան», «Նոր Նորք» և «Տիգրան Մեծ» մասնաճյուղերը: «Վերը նշված մասնաճյուղերում թեքահարթակների բացակայությունը պայմանավորված է քաղաքաշինական խնդիրներով` տարածքի զրոյական և մայթի նիշերի մեծ տարբերությամբ, որը դժվարացնում է թեքահարթակների կառուցումը: Սակայն թեքահարթակների կառուցման խնդիրը գտնվում է բանկի ուշադրության ներքո, և ներքին իրավական ակտերով հստակ ամրագրված է` հնարավորության դեպքում քաղաքաշինական նորմերի համաձայն ապահովել թեքահարթակների առկայություն բոլոր մասնաշենքերում»:

Խոսելով հայաստանյան բանկերի մատչելությունից`«Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության դաշինքի» նախագահ Զարուհի Բաթոյանն անդրադարձավ երևանյան մի քանի բանկերի մատչելիությանը. «Ես օգտվում եմ «HSBC Հայաստան», «ՊրոԿրեդիտ» և «ՎՏԲ Հայաստան» բանկերի ծառայություններից, որոնցից ֆիզիկապես ամենամատչելին HSBC-ն է, թեև թեքահարթակը շատ բարձր է կառուցված: Մյուս երկու բանկերին որպես հաճախորդ նամակ-դիմում եմ ներկայացրել գրասենյակները հարմարեցնելու համար, քանի որ դա ամբողջովին հնարավոր է: Իմ դիմումին ի պատասխան «ՊրոԿրեդիտ» բանկը նշել է, որ նախատեսում է առաջիկայում վերակառուցել «Տերյան» մասնաճյուղի մուտքը` ապահովելով համապատասխան թեքահարթակ: Սակայն մինչ օրս որևէ բան նշված մասնաճյուղի հարմարեցման ուղղությամբ չի արվել: Ես սայլակով մտնում եմ գրասենյակներ, եթե ինձ օգնում են: Բայց մեկ-երկու աստիճան ունեցող մուտքը հարմարեցնելու դեպքում ինքնուրույն կկարողանամ օգտվել բանկի ծառայություններից»:

Ինչ վերաբերում է «ՎՏԲ Հայաստան» բանկին, հարկ է նշել, որ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում գտնվող մասնաճյուղերից մեկը վերջերս հիմնանորոգվել է, սակայն առանց համապատասխան հարմարեցումների: Մասնաճյուղից մեզ պատասխանեցին` «Թեքահարթակ կառուցելու տեղ չկար, դրա համար էլ աստիճաններն են պահպանվել»: «Արդյոք թեքահարթակ դնելու տեղ չկար նաև բանկի հարակից բանկոմատի ազատ տարածքո՞ւմ» հարցին ի պատասխան` նշեցին. «Բանկոմատի տարածքը նույնպես հարմար չէ հաշմանդամություն ունեցող քաղաքացիների համար, քանի որ այնտեղ աստիճաններ կան»:981657_609966529036971_244333839_o

Այդուհանդերձ, այս բանկը բարեգործական ծրագրեր է իրականացնում հաշմանդամություն ունեցող երեխաների համար: «Լիարժեք կյանք» ՀԿ հանրության հետ կապերի պատասխանատու Լուսինե Սարգսյանը նշում է. «ՎՏԲ Հայաստանի» և մեր համագործակցությունն արդեն 5 տարվա պատմություն ունի: Բանկը իր տարածքներից մեկը նվիրել է մեր կազմակերպությանը և տարեցտարի հիմնանորոգում է այդ տարածքում տեղադրված տնակները` այն դարձնելով հարմարավետ ճամբար: Այս տարի Հայաստանի տարբեր մարզերից հաշմանդամություն ունեցող ավելի քան 200 երեխաներ կարողացել են հանգստանալ այդ ճամբարում: Բանկը նաև ցանկանում է այդ տարածքում մարզաառողջարանային համալիր ստեղծել և ուշադրության կենտրոնում է պահում այս խնդիրը», – փաստում է նա և վստահեցնում, որ ասվածի վկայությունն են նաև բանկի Վանաձորի և Ստեփանավանի մասնաճյուղերի գրասենյակներն ու բանկոմատները, որոնք առավելագույնս հարմարեցված են:

Բանկերի դեպքում հարկ է նշել, որ գրասենյակների և ծառայությունների ֆիզիկական մատչելիությունը և հասանելիությունը հաշմանդամություն ունեցող անձանց համար կարևոր է նախևառաջ մարքեթինգի տեսանկյունից: Որքան ծառայություններն ավելի հասանելի են բոլոր մարդկանց համար, այնքան ավելի բարձր և շահեկան դիրք ունես շուկայում: Սա թերևս միջազգային ստանդարտներին համապատասխանելու ամենապարզ չափանիշներից մեկն է: Եվ որքան էլ բարեգործական ծրագրերը կարևոր և ողջունելի են, դրանք չեն կարող փոխհատուցել ծառայությունների անմատչելիությունը կամ խտրականությունը:

Հետգրություն

«Ունիսոն» ՀԿ գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանը, արձագանքելով մեր հրապարակմանը, ֆեյսբուքյան մեր էջում տեղադրել է «Ամերիաբանկ»-ի  գլխամասային գրասենյակի մուտքի լուսանկարը: Թեև մեր հարցմանն ի պատասխան «Ամերիաբանկ»-ից տեղեկացրել էին, որ գլխամասում թեքահարթակ կա, բայց լուսանկարում միայն աստիճաններ են: Մուտքը մատչելի չէ: 

 

«Ակբա-կրեդիտ ագրիկոլ»

«Ամերիաբանկ»

«Անելիք»

«ՊրոԿրեդիտ»

«ՎՏԲ Հայաստան»

«Արդշինինվեստբանկ»

 

Լուսանկարների մի մասը ՝ բանկերի ֆեյսբուքյան էջերի:

Աղավնի Սուքիասյան

22.10.2014

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.