accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Մարիամ Եղիազարյան

Էմիք Ավաքյան, գիտնական, ով փոխեց շատերի կյանքը

0

Մանկական ուղեղային կաթվածը (ՄՈՒԿ) դժվարացնում է մարմնի մկանների վերահսկողությունը: Այն ի հայտ է գալիս կյանքի առաջին տարիներին: ՄՈՒԿ-ը ազդեցություն է ունենում ոչ թե մկանների կամ նյարդերի, այլ ուղեղի վրա, որի հետևանքով առաջանում է շարժումներն ու կեցվածքը ճիշտ վերահսկելու և կառավարելու դժվարություն, ուստի ՄՈՒԿ ունեցող երեխաները դժվարանում են օգտագործել մարմնի որոշ մկանները:

Էմիք Ավաքյանը ոչ միայն կոտրել է հաշմանդամություն ունեցող մարդկանց վերաբերյալ կարծրատիպերը, այլ նաև հեղինակել է մի շարք հայտնագործություններ, որոնք բարելավել են հաշմանդամություն ունեցող մարդկանց կյանքը: Հայտնի գիտնականը մանկական ուղեղային կաթված ուներ և չէր կարողանում ինքնուրույն տեղաշարժվել:

Էմիքի ամենակարևոր հայտնագործությունը ձեռքով կառավարվող սայլակն է: Մինչ նրա գյուտը սայլակները միայն հրելով էին տեղաշարժվում, և առանց կողմնակի օգնության մարդը չէր կարող ինքնուրույն լինել: Էմիքը ծնվել է 1924-ին` Իրանի Թավրիզ քաղաքում: Վերականգնողական բուժման նպատակով Ավաքյանների ընտանիքը տեղափոխվեց Ռուսաստան, այնուհետև` Գերմանիա և, վերջապես, հաստատվեց Նյու Յորքում:

Արդեն 13 տարեկանում Էմիքը կարողանում էր լուծել տան էլեկտրական, ինժեներական և մի շարք այլ խնդիրներ: Կրթության հասանելիությունը, մատչելիությունն ու պաշտպանված իրավունքները օգնեցին Էմիքին գերազանց ավարտել Էվրիկայի քոլեջը` ֆիզիկայի և մաթեմատիկայի ուղղվածությամբ, այնուհետև ուսումը շարունակել Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանում և ստանալ մագիստրոսի աստիճան: Ուսանողական տարիներին Ավաքյանը մշտապես հաղորդակցության դժվարություններ ուներ մեքենագրողների հետ, ովքեր նշումներ էին կատարում նրա համար: Տարիներ անց Էմիքը մի գրամեքենա է ստեղծում, որը տառերը մուտքագրում է շնչառության միջոցով՝լուծելով թե՛ իր, թե՛ հաշմանդամություն ունեցող մյուս մարդկանց խնդիրներից մեկը: Այսպես. շունչը ներթափանցում էր չորս խոսափողի մեջ, և գրամեքենան կարողանում էր մուտքագրել տառերը: Թեև մեքենան դանդաղ էր աշխատում, այն ավելի շահավետ էր, քան անձնական մեքենագրող վարձելը: Էմիքի այս հայտնագործությունը տեղ է գտել LIFE ամսագրի 1952 թվականի դեկտեմբերյան համարում:

Գիտնականի մի շարք կարևոր հայտնագործությունները ևս միտված էին հաշմանդամություն ունեցող մարդկանց խնդիրների լուծմանը: Դրանցից են, օրինակ` շնչառությամբ կառավարվող համակարգիչը, հաշվիչ-կշեռքային մեխանիզմը, որը հեշտացնում է սայլակի տեղադրումը մեքենայի մեջ, կիբեր համակարգով աշխատող գրամեքենան և հեռախոսը (Cyberphone), տեղեկատվության որոնման և պահպանման հարմարեցված համակարգը, ինչպես նաև տվյալներ մուտքագրող այլ սարքեր:

ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդին համաշխարհային նշանակության խնդրի լուծման գործում անգնահատելի ավանդի համար պարգևատրեց Ավաքյանին: Գիտնականն արժանացել է Իրանի շահի մեդալին, իսկ Էվրիկայի համալսարանը Ավաքյանին դոկտորի պատվավոր աստիճան է շնորհել:

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.