accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Դիսըբիլիթի Ինֆո.am

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին տեղեկատվական հարթակ

Աշխատանքի իրավունք և հնարավորություն

0

Ոսկերիչ, բանվոր, թարգմանիչ, առաքիչ, վարորդ, խոհարար… Արդեն չորրորդ անգամ հաշմանդամություն ունեցող անձանց համար Երևանում անցկացվեց աշխատանքի տոնավաճառ: Շուրջ 30 կազմակերպություն ներկայացրեցին իրենց կազմակերպություններում առկա թափուր աշխատատեղերը: Աշխատանքները տարբեր էին` և՛ որակավորում պահանջող, և՛ չպահանջող:

Աշխատանքի տոնավաճառը կայացավ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության կողմից իրականացվող «Հաշմանդամություն ունեցող անձանց կենսամակարդակի բարելավում զբաղվածության խթանման միջոցով» (LIFE) ծրագրի շրջանակներում: Ծրագրի տնօրեն Ջինա Սարգիզովայի խոսքով` այս տոնավաճառը կարևոր է նրանով, որ այստեղ եկած գործատուն գիտի` թափուր աշխատատեղի համար հաշմանդամություն ունեցող անձ է դիմելու:

Արդեն ավանդույթ դարձած աշխատանքի տոնավաճառը հաշմանդամություն ունեցող անձանց համար կազմակերպել է «Ունիսոն» հասարակական կազմակերպությունը` Զբաղվածության պետական գործակալության հետ համատեղ: «Ունիսոն» ՀԿ հանրային կապերի ղեկավար Մարիաննա Չալիկյանի խոսքով` աշխատանքի տեղավորման հետ կապված դժվարություններն առաջանում են, երբ հաշմանդամություն ունեցող անձը չի համապատասխանում թափուր աշխատատեղի պահանջներին: «Քիչ առաջ զրուցում էի լսողության խնդիր ունեցող երիտասարդի հետ: Տոնավաճառի ընթացքում ոչ մի գործատուի հետ պայմանավորվածություն չէր ունեցել, ասաց` աշխատանք չգտա: Հետաքրքրվեցի` ինչո՞ւ: Պարզվեց` մասնագիտություն չունի, շփվում է միայն ժեստերի լեզվով, համակարգչի չի տիրապետում: Նրա տվյալները վերցրել ենք, որպեսզի աշխատենք նրա հետ: Հաջորդ տարի նա արդեն պատրաստված կմասնակցի աշխատանքի տոնավաճառին»,- ասաց Չալիկյանը:

 

Կներեք, ձեզ չենք կարող աշխատանքի ընդունել: Դուք հաշմանդամություն ունեք:

10669207_519589048144420_6687238732158751219_oԻրինա Թադևոսյանը մասնագիտությամբ լրագրող է, Արարատի մարզից: Մի քանի տարի աշխատել է մարզում որպես լրագրող, հաղորդավար: Այնուհետև տեղափոխվել է Երևան ու աշխատել երևանյան տարբեր կազմակերպություններում: Արդեն մեկ տարի է` գործազուրկ է: Իրինան մեզ պատմեց աշխատանք փնտրելու իր վերջին անհաջող փորձի մասին: «Պարբերաբար ինքնակենսագրություն (ռեզյումե) եմ ուղարկում տարբեր կազմակերպությունների: Մի քանի օր առաջ զանգահարեց շատ հաճելի ձայնով մի աղջիկ ու ասաց, որ հրավիրված եմ հարցազրույցի: Աշխատանքը նստակյաց էր, իմ` հաշմանդամություն ունենալու գործոնը չէր կարող խանգարել: Այդուհանդերձ, որոշեցի զգուշացնել, որ հաշմանդամություն ունեմ: Աղջիկը մի քանի րոպե լռեց, այնուհետև ասաց` կներեք, բայց երևի չէ»:

Մարիամ Մուրադյանը մասնագիտությամբ մանկավարժ է: Ավարտել է մանկավարժական համալսարանը, ավարտելուց ի վեր չի աշխատել: Մասնագիտությամբ աշխատելու ցանկություն այլևս չունի, հիասթափվել է: «Տարիներ առաջ փորձեցի աշխատանքի ընդունվել դպրոցում, սակայն պատասխանեցին, որ արտահայտված թերություն ունեմ, շփումը երեխաների հետ այդքան էլ հաճելի չէ: Այդ դեպքից հետո հիասթափվեցի ու դադարեցի աշխատանք փնտրելուց: Մտածում էի` անիմաստ է, միևնույն է` բոլոր տեղերում նույն պատասխանն եմ ստանալու»: Այսօր Մարիամի կարծիքը փոխվել է, նրա դեմքին ժպիտ կա: Առաջին անգամ է մասնակցում աշխատանքի տոնավաճառին, մի քանի գործատուների ներկայացրել է իր հմտությունները: Մի քանի պայմանավորվածություն ունի, ինքնակենսագրություն է թողել, սպասում է գործատուների զանգին…

Գործատուներին հետաքրքրում է մասնագիտական հմտությունը

10468119_519589854811006_8812105391655362312_oԿան գործատուներ, ովքեր արդեն մի քանի տարի է` մասնակցում են աշխատանքի տոնավաճառին: Կան կազմակերպություններ էլ, որոնք առաջին անգամ են մասնակցում: Մերի Մարտիրոսյանը ներկայացնում է «Երևան» հյուրանոցը, առաջին անգամ է մասնակցում տոնավաճառին, բայց հաշմանդամություն ունեցող անձանց հետ առաջին անգամ չէ, որ ուզում են աշխատել: «Մեր հյուրանոցում հաշմանդամություն ունեցող շատ մարդիկ են աշխատում, նրանց համար ստեղծված են բարենպաստ պայմաններ: Մենք բավական գոհ ենք մեր աշխատակիցներից: Նրանք շատ մեծ պատասխանատվությամբ են իրենց աշխատանքը կատարում: Այժմ սպասուհու թափուր աշխատատեղ ունենք: Բավական շատ դիմումներ եղան: Ոմանց բավարարեցին մեր պայմանները, ոմանց` ոչ: Փորձելու ենք դիմողների շրջանում ընտրություն կատարել»:

Տնտեսական զարգացման բիզնես կենտրոնը ևս առաջին անգամ է մասնակցում տոնավաճառին: Կենտրոնին անհրաժեշտ են գովազդային մենեջեր, ծրագրավորողներ, շուկայի զարգացման պատասխանատուներ, թարգմանիչներ: Գլխավոր տնօրեն Վանուհի Սիրովայի խոսքով` եթե հաշմանդամություն ունեցող մարդը համապատասխանի աշխատատեղի պահանջներին, նրան անպայման կընդունեն: «Արդեն որոշել ենք, թե ում պետք է ընդունենք որպես թարգմանչուհու: Տոնավաճառի ընթացքում մեզ դիմեց մի աղջիկ, ով հենաշարժական խնդիրներ ուներ: Շատ լավ էր տիրապետում անգլերենին ու ռուսերենին: Տվյալ պարագայում մեզ հետաքրքրում է նրա կատարած որակյալ թարգմանությունը: Այնպես որ, որոշել ենք նրան աշխատանքի ընդունել, նա կարող է նաև տնից աշխատել»:

Պետական կառույցները չափազանց «համեստ» են

Տոնավաճառի կազմակերպիչների խոսքով` վերջին տարիներին փոխվել է գործատուների վերաբերմունքը հաշմանդամություն ունեցող քաղաքացիների նկատմամբ: Մասնակցելով 10710435_519589468144378_3122655109678949330_oտոնավաճառին` դրանում համոզվեցինք նաև մենք: Բայց… մի կարևոր բայց: Փոխվել է միայն մասնավոր հատվածը ներկայացնող գործատուների վերաբերմունքը: Տոնավաճառին պետական կառույցների ներկայացուցիչների չհանդիպեցինք: «Ունիսոնի» գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանն ասաց, որ տարիներ շարունակ նման տոնավաճառների մասնակցող գործատուների 99 տոկոսը մասնավոր ընկերություններ են: Նա նաև նշեց, որ պետական կառույցներից տոնավաճառին այս տարի մասնակցել է միայն արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Պետությունը, որ արտոնություններ է սահմանում և մասնավոր հատվածին է խրախուսում հաշմանդամություն ունեցող մարդուն աշխատանքի ընդունել, ինքն օրինակ չի ծառայում:

Պետական կառույցները հաշմանդամություն ունեցող մարդկանց աշխատանքի ընդունելու իրենց ջանքերում չափազանց մեծ համեստություն են դրսևորում, թեև 2015 թվականից հենց պետական մարմինների համար կգործի հաշմանդամություն ունեցող անձանց համար քվոտավորումը:

Լիլիթ Հովհաննիսյան

Լուսանկարները՝ «Ունիսոն» ՀԿ-ի ֆեյսբուքյան էջից 

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.