accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Անի Պետրոսյան

ԼՐԱԳՐՈՂ | www.ikin.am տեղեկատվական հարթակի համակարգող

Օդից կախված կյանքի իրավունք

0

Մանկական ուղեղային կաթվածը (ՄՈՒԿ) դժվարացնում է մարմնի մկանների վերահսկողությունը: Այն ի հայտ է գալիս կյանքի առաջին տարիներին: ՄՈՒԿ-ը ազդեցություն է ունենում ոչ թե մկանների կամ նյարդերի, այլ ուղեղի վրա, որի հետևանքով առաջանում է շարժումներն ու կեցվածքը ճիշտ վերահսկելու և կառավարելու դժվարություն, ուստի ՄՈՒԿ ունեցող երեխաները դժվարանում են օգտագործել մարմնի որոշ մկանները:

«Փոքրիկս ծնվեց 8-րդ հիվանդանոցում: Լույս աշխարհ գալուց հետո թթվածնային քաղց ուներ: Նրան 3 օր չտեսա: Ամուսինս գիտեր, որ երեխան խնդիրներ ունի, բայց ինձ միայն 4-րդ օրը տեղեկացրին,- պատմում է Մարիամ Հովհաննիսյանը: – Մեզ որևէ մեկը հստակ չէր ասում, թե ինչ կլինի, ինչի սպասենք: Բժիշկներն ասում էին, որ երկրորդն ունենանք, որ նա մեզ համար երբեք նորմալ երեխա չի լինի: Երբ իմացանք, որ այնուամենայնիվ երեխան խնդիրներ ունի` ամուսինս միանշանակ պատասխանեց բժիշկներին, որ նա մերն է, ու չենք թողնելու: Ծննդատնից մանկական հիվանդանոց տեղափոխվեցինք: Բժիշկները չէին հասկանում, թե երեխայիս հետ ինչ է կատարվում, ինչ խնդիր ունի: Միայն 9 ամսականում պարզ դարձավ, որ էպիլեպսիա և մանկական ուղեղային կաթված ունի»:

Մարիամի հավաստմամբ՝ նրանք բուժանձնակազմի կամ այլ կառույցների կողմից որևէ հոգեբանական աջակցություն չեն ստացել, ամուսնու և ընտանիքի օգնությամբ է մայրը կարողացել այդ հոգեբանական սթրեսը հաղթահարել ու առաջ գնալ:

Օրեր առաջ երկիրը «ցնցում» ապրեց: Թվում էր՝ չլսված-չտեսնված մի բան է կատարվել, որ «Մալաթիա» բժշկական կենտրոնում հաշմանդամություն ունեցող փոքրիկ է լույս աշխարհ եկել: Արդեն բազմիցս քննարկված դեպքի մանրամասներին նորից չանդրադառնալով՝ պարզապես փոքրիկի օրինակով փորձենք հասկանալ, թե ինչո՞ւ են նմանօրինակ դեպքեր գրանցվում: Ինչպես հայտնի է` երեխայի ծնողները հրաժարվել են փոքրիկից այն պատճառով, որ վերջինս ծնվել է առանց երկու դաստակների և մեկ ստորին վերջույթի:

Աննա Առաքելյանը պատմում է, որ հղիության ընթացքում ջրծաղիկով վարակվելու պատճառով բժիշկները խորհուրդ էին տալիս հրաժարվել երեխային լույս աշխարհ բերելու մտքից. «Հղիությանս 3-4-րդ ամիսներն էին: Բժիշկները միանշանակ ասում էին, որ երեխան խնդիրներով կծնվի, ճիշտ է` հստակ չէին ասում, թե ինչ խնդիր կունենար, բայց վստահեցնում էին, որ առողջ չի լինի: Այդ կարծիքին էին նաև ընտանիքիս անդամները, ընկերներս, սակայն ես վստահ էի, որ նա պետք է ծնվի. անկախ բոլոր խնդիրներից նա իմ երեխան է: Հոգեբանական բոլոր խնդիրները միայնակ հաղթահարեցի, ամուսինս կողքիս էր, բայց նա էլ վախեր ու կասկածներ ուներ: Երեխայի ծնունդը հրաշքի պես էր: Նա որևէ խնդիր չուներ, ու հիմա երջանիկ եմ, որ որևէ մեկին չեմ լսել ու պաշտպանել եմ երեխայիս կյանքի իրավունքը»:

Իսկ ինչ է ասում օրենքը:

«Մարդու վերարտադրողական առողջության ու վերարտադրողական իրավունքի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածը հղիության արհեստական ընդհատման մասին է: Այստեղ ասվում է, որ յուրաքանչյուր կին ունի արհեստական ընդհատման իրավունք մինչև հղիության 12-րդ շաբաթը: Մինչև 22 շաբաթական հղիության արհեստական ընդհատումը կարելի է կատարել բժշկական ցուցումների դեպքում, բայց միայն կնոջ համաձայնության պարագայում: Իսկ «Հղիության արհեստական ընդհատման կարգն ու պայմանները հաստատելու մասին» 2004 թ. օգոստոսի 5-ի N 1116-Ն որոշման համաձայն՝ աբորտը 22 շաբաթական հղիության դեպքում թույլատրելի է, եթե կան բժշկական ու սոցիալական ցուցումներ: Հղիության ընդհատման բժշկական ցուցումներ կան նաև երեխայի ներարգանդային կյանքում ունեցած խնդիրների դեպքում: Օրինակ՝ եթե պտղի ներարգանդային մահացություն կա, կյանքի հետ անհամատեղելի զարգացման արատի ախտորոշում, նախկինում քրոմոսոմային անոմալիաներով երեխաների ծնունդ և այլն:

Ըստ այս ցուցումների, փաստորեն, վերին կամ ստորին վերջույթների բացակայությունը համարվում է կյանքի հետ անհամատեղելի խնդիր, կամ խնդիրներ ունեցող պտղի դեպքում հղիության ընդհատումը համարվում է հաշմանդամության կանխարգելման ձև:

Հիշեցնենք, որ աշխատանքից հեռացվել է «Մալաթիա» բժշկական կենտրոնում լույս աշխարհ եկած երեխայի մորը ուլտրաձայնային հետազոտություն անցկացնող բժիշկը, ով նախքան ծննդաբերությունը կա՛մ չի իմացել փոքրիկի խնդիրների մասին, կա՛մ չի հայտնել ծնողներին: Անկախ այն բանից, թե իր որ պարտականությունը չի կատարել բժիշկը, այս պարագայում ստացվում է, որ նա «պատժվել» է մարդու կյանքը փրկելու համար:

Մարիամ Հովհաննիսյանը, ում որդին արդեն 8 տարեկան է, իրեն երջանիկ ծնող է համարում և համոզված է, որ դժվարությունները միայն ուժեղ մարդկանց են բաժին հասնում. «Էդմոնդս մեր կյանքի իմաստն է, նա շատ սիրված երեխա է մեր ընտանիքում: Ամեն ինչ մեր կյանքում նրա համար է, հանուն նրա…»

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.