accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Անի Պետրոսյան

ԼՐԱԳՐՈՂ | www.ikin.am տեղեկատվական հարթակի համակարգող

Հայերեն ժեստերի լեզու. ով և ինչպես է ստեղծել

0

Ժեստերի լեզուն հարուստ պատմություն ունի: 1770-ին Շ.Մ. Դելեպեն Ֆրանսիայում բացեց խուլերի առաջին դպրոցը, ու ժեստերն օգտագործվեցին որպես ուսուցման մեթոդ: Ժեստերի լեզուն լիարժեք լեզվաբանական համակարգ է ու աշխարհում ապրող 70.000.000 խուլերի մայրենի լեզուն է համարվում: Գոյություն ունի նաև ժեստային գիր` նոտացիա: Միջազգային ժեստերի լեզվի բառարանը`«Ժեստունոն», 1500 ժեստ է ներառում, սակայն յուրաքանչյուր երկիր իր բառարանն ունի: Նշենք, որ Հայաստանը 1951-ին Հռոմում ստեղծված խուլերի միազգային ֆեդերացիայի անդամ է դարձել 1995-ին:

Հայերեն ժեստերի լեզուն ստեղծվել է 1960 թ.: Հեղինակը սուրդոմանկավարժ, մանկավարժական գիտությունների թեկնածու Վաչագան Խալաթյանն է: Նա ստեղծել է մատնախոսության հայերեն այբուբենը և ժեստերի լեզվի համառոտ բառարանը: Խալաթյանը ծանրակշիռ ներդրում ունի հատուկ ուսուցման համակարգի զարգացման բնագավառում։ Հեղինակել է «Հատուկ մանկավարժության բառարան», «Հայկական ժեստերի լեզվի բառարան» (2001) և «Խոսող ձեռքեր» հայկական ժեստերի լեզվի բառարան ուսումնաօժանդակ ձեռնարկները:

Հիմնադրման օրից ի վեր հայերեն ժեստերի լեզվի բառարանն անընդհատ թարմացվում է, քանի որ այն կենդանի լեզու է ու զարգանում, փոփոխություններ է կրում.

«Մինչ օրս հրատարակված հայերեն միակ բառարանում կա 2500 ժեստ, հոգևոր բառարանում` մոտ 1500: Հայերեն ժեստերի լեզուն շատ մոտ է ռուսերեն ժեստերի լեզվին, քանի որ զարգացման հիմնական փուլերը կրել են խորհրդային և հատկապես ռուսական ազդեցություն (կրթություն): Որպես կենդանի լեզու՝ հայերեն ժեստերի լեզուն ժամանակի հետ փոփոխությունների է ենթարկվում ու զարգանում: Ինչպես ցանկացած լեզվում, այստեղ նույնպես բառեր «հորինում» են հենց լեզուն կրողները և օգտագործողները: Իսկ բառարանը համալրվում է հենց խուլ երիտասարդների կողմից»,- ասում է Ֆրանս-հայկական զարգացման հիմնադրամի ծրագրերի համակարգող Նունե Բալյանը:

Նշենք, որ 2012-ին Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի սաները դասախոս Սուրեն Ղարագյոզյանի ղեկավարությամբ ստեղծել են ժեստերի լեզվի համակարգչային բառարան: Հայ-անգլերեն բառարանը հնարավորություն է տալիս օգտագործողին անգլերեն կամ հայերեն լեզվով ստանալու ընտրված բառի թարգմանությունը, ինչպես նաև տեսնելու տվյալ բառի և նրա թարգմանությանը համապատասխան ժեստերի պատկերները: Բառարանում ընդգրկված են առաջնային հաղորդակցման համար անհրաժեշտ ավելի քան 300 հայկական ժեստեր, որոնք ուղեկցվում են համարժեք ամերիկյան ժեստերով, հայերեն և անգլերեն թարգմանություններով և պատկերներով:

Որտե՞ղ է դասավանդվում հայերեն ժեստերի լեզուն

  • 2006-ին Երևանի լսողության խանգարում ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրում, առաջինը տարածաշրջանում, «Կամք և կորով» ՀԿ-ի նախաձեռնությամբ բացվել է փորձարարական դասարան` երկլեզվյան ուսուցում մեթոդաբանությամբ:
  • Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում նախադպրոցական, սկզբնական և հատուկ կրթության ֆակուլտետում ուսուցանվում է սուրդոմանկավարժություն:
  • Ժեստերի լեզվի անվճար դասեր են անցկացվում նաև Ֆրանս-հայկական զարգացման հիմնադրամում:

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.