accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Աղավնի Սուքիասյան

Լրագրող | Ավարտել է Երևանի պետական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետը։

Երաժշտական դպրոցը կարող է օրինակելի դառնալ, եթե…

0

2014-ի հուլիսի կեսից Էրեբունի վարչական շրջանում գտնվող Տիգրան Չուխաջյանի անվան երաժշտական դպրոցում մեկնարկել են հիմնանորոգման լայնածավալ աշխատանքներ: Շինարարական աշխատանքներն իրականացնում է «ԲիԴԵՔ» ՍՊԸ-ն:

Disabilityinfo.am-ի հետ զրույցում դպրոցի տնօրեն Նաիրա Վահանյանը նշեց. «Նախքան հիմնանորոգումը հաշմանդամություն ունեցող սաներ չենք ունեցել, որովհետև դպրոցն ամբողջությամբ հարմարեցված չէր նրանց համար: Հիմա արդեն այդ հարցը լուծված է»: Տնօրենի խոսքով` դպրոցի առաջին հարկը հարմարեցվել է ամբողջությամբ. «Առաջին հարկում տեղաշարժման դժվարություն ունեցող երեխաների համար իրար ենք միացրել 2-ական դասասենյակ, որպեսզի սայլակով մի քանի սան կարողանան մասնակցել դասապրոցեսին, և տարածքը նեղ չլինի: Դասասենյակներից բացի, առաջին հարկում պատրաստել ենք մեծ դահլիճ, որպեսզի այդ երեխաները նաև համերգներ տան: Հարմարեցված է նաև դպրոցի նախասրահը. այնտեղ չկան շեմեր, և սայլակ օգտագործող սանը կարող է հանգիստ շրջել այդ տարածքում»: Անդրադառնալով սանհանգույցների հարմարեցվածությանը` տնօրենը նշեց, որ առաջին հարկում գործում է երկու սանհանգույց հաշմանդամություն ունեցող երեխաների համար: Disabilityinfo.am-ի դիտարկմանը, որ սանհանգույցներում չկան բռնաձողեր, տնօրենն ավելացրեց. «Քանի դեռ շինաշխատանքները ընթացքի մեջ են, բռնաձողերի հարցը կկարգավորենք: Իսկ որպես տնօրեն ուզում եմ հայտնել, որ մեր դպրոցում մեծ սիրով կընդունենք հաշմանդամություն ունեցող երեխաների, քանի որ նրանց համար անհրաժեշտ պայմաններ ենք ստեղծել»:

Ցավով պետք է արձանագրենք, որ, բացի դասասենյակներից և դահլիճից, որոնք հարմար են հաշմանդամություն ունեցող երեխաների համար, այնուամենայնիվ որոշ կարևոր բաղադրիչներ հաշվի չեն առնվել. դասասենյակների մուտքերի մոտ կան շեմեր, իսկ սանհանգույցների դռները նեղ են, որոնք դարձյալ խնդիրներ կստեղծեն սայլակ օգտագործող աշակերտների համար:

Այս դեպքում սակայն կարևոր են տնօրենի ցուցաբերած պատրաստակամությունը և նախաձեռնությունը, որպեսզի Տիգրան Չուխաջյանի անվան երաժշտական դպրոցը լավ օրինակ դառնա արվեստի մյուս դպրոցների և հաստատությունների համար:

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.