accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Ռուբինա Դավթյան

ԼՐԱԳՐՈՂ-ԹԱՐԳՄԱՆԻՉ

10 արտահայտություն, որոնք պետք է արվեն հաշմանդամություն ունեցող անձանց

0

Թիֆինի Կարլսոնը ամերիկացի գրող է Մինեապոլիս քաղաքից, ով 14 տարեկանում ավտովթարի հետևանքով ողնաշարի վնասվածք է ստացել և սկսել անվասայլակով տեղաշարժվել: Հաշմանդամություն ձեռք բերելը ոչ միայն չի կոտրել երիտասարդ աղջկա կամքը, այլև նոր ներուժ է հաղորդել նրան. 2003 թ.-ից նա խորագիր է վարում New Mobility թերթում, որն անվասայլակ օգտագործող ակտիվ մարդկանց համար է, հետագայում էլ հիմնում է BeautyAbility.com կայքը:

Իսկ երբ Թիֆինին չի գրում, նա հաշմանդամություն ձեռք բերած կանանց վարպետության և ներառական յոգայի դասեր է տալիս:
HuffingPost կայքում Թիֆինի Կարլսոնը ներկայացրել է 10 արտահայտություն, որոնց շնորհիվ հաշմանդամություն ունեցող մարդկանց օրն ավելի պայծառ, իսկ իրենք` ավելի երջանիկ կդառնան:

Կարող եք չկասկածել` հաշմանդամություն ունեցող մարդիկ էլ են սիրում հաճելի բաներ` գովեստներ, կատակներ և սիրո խոստովանություններ լսել: Նրանք կարող են ձեր վատ օրը հիասքանչ դարձնել, երբ ճիշտ բառեր են արտասանված:

1) Դու աշխատանքի ես ընդունված

Աշխատուժի միայն 10%-ն են կազմում հաշմանդամություն ունեցող մարդիկ: Թեև շատերը կարծում են, որ մենք չենք աշխատում, քանի որ ծույլ ենք, սակայն իրականում գործատուները չեն ցանկանում մեզ աշխատանքի ընդունել: Հաշմանդամության պատճառով մերժում ստանալը սովորական բան է. դա անօրինական է, բայց շատ է պատահում: Որոշ տեղերում մեզ հնարավորություն են տալիս, բայց դա այնքան հաճախ չի լինում, որքան պետք է:

2) Այո՛, մեզ մոտ հարմարեցված է

Երբ մենք ճանապարհորդելիս հարմարեցված կացարան ենք փնտրում կամ ուղղակի քաղաքի մի ռեստորանում սեղան ենք ցանկանում ամրագրել, անչափ հաճելի է լսել «Այո՛, մեզ մոտ հարմարեցված է» արտահայտությունը: Դա շատ բան կարող է նշանակել հաշմանդամություն ունեցող մարդկանց համար: Թեկուզ թեքահարթակ լինի, վերելակ, լուսագիր, բռնակ կամ ցանկացած փոքրիկ բան, որը միջավայրն ավելի հարմարավետ է դարձնում՝ բայց այս բառերը ցանկացած հանգստացնող դեղամիջոցից լավ են մեզ համար:

3) Դու գեղեցիկ ես

Բոլորն էլ սիրում են լսել «դու գեղեցիկ ես» արտահայտությունը: Սեքսուալ և գրավիչ լինելու հանգամանքը երջանկության մեծ զգացողություն է առաջացնում ցանկացած մարդու մոտ: Հաճախ դժվար է քեզ գրավիչ զգալ, նույնիսկ երբ հաշմանդամություն չունես, իսկ եթե ունես, ավելի բարդ է, քանի որ միգուցե չես համապատասխանում գեղեցիկի դասական ընկալմանը: Ինչևէ, մեզնից շատերի համար այդ արտահայտությունը լսելը աշխարհի ամենաոգևորիչ բաներից մեկն է:

4) Ես մոռացել էի, որ դու հաշմանդամություն ունես

Ոչինչ ինձ ավելի երջանիկ չի դարձնում, քան այն, երբ ինչ-որ մեկը մոռանում է իմ հաշմանդամության մասին: Սովորաբար մարդկանց՝ իմ մեջ ամենաշատն իմ հաշմանդամությունն է հետաքրքրում, ինչը, ըստ իս, ավելի վատ է, քան ռասիզմը: Բայց երբ մտերմանում ես մեկի հետ, նա հասնում է այն կետին, որ մոռանում և այլևս չի մտածում քո հաշմանդամության մասին: Մարդիկ վերջապես քեզ են տեսնում, այլ ոչ թե քո հաշմանդամությունը:

5) Կարո՞ղ եմ քեզ օգնել

«Կարո՞ղ եմ օգնել քեզ» բառերը նշանակում են, որ մարդիկ հարգում են քեզ: Չկա ավելի վատ բան, քան երբ ինչ-որ մեկը վերցնում և տանում է քո տոպրակներն առանց քեզ նախապես հարցնելու: Առանց հարցնելու օգնելը կարող է բավական նյարդայնացնող լինել, մանավանդ երբ անվասայլակի վրա ես: Մի անգամ ընկերներիցս մեկին Նյու Յորքի մետրոյում մի անծանոթ մոտեցավ և սկսեց հրել նրա անվասայլակը՝ առանց որևէ բան ասելու: Սա վատթարագույն բաներից է, որ կարող է պատահել անվասայլակ օգտագործողի հետ:

6) Ի՜նչ լավ է

Շատ սովորական բան է «պարզ է» արտահայտությունը բառապաշարում «ի՜նչ լավ է» կամ նման դրական արտահայտությամբ փոխարինելը: Պետք չէ թերագնահատել զրուցակցիդ և քեզ առավել զգալ, քանի որ նա հաշմանդամություն ունի: Տանել չեմ կարողանում, երբ անտարբեր ասում են՝ պարզ է, երբ դու ոգևորված քո կյանքի մասին ես պատմում: Ես գոհ եմ լինում, երբ ինձ հետ խոսում են ինչպես ուրիշների հետ և ինձ վերևից չեն նայում:

7) Ես սիրում եմ քեզ

Բոլորն էլ ուզում են սիրված լինել, և, անշուշտ, մենք նույնպես չենք տարբերվում: Բոլորն էլ ուզում են ունենալ մեկին, ով կասի՝ ես սիրում եմ քեզ, և ռոմանտիկ հարաբերություններ կունենա իր հետ: Հաշմանդամություն ունեցող մարդիկ ցանկանում են դա իրենց ողջ կյանքի ընթացքում, բայց շատերի ցանկությունն այդպես էլ չի իրականանում: Մենք չենք ուզում մենակ լինել, նույնիսկ երբ մեր հաշմանդամությունը շատ ծանր է: Իհարկե, պետք չէ, որ որևէ մեկը ստի և ասի, որ սիրում է, որպեսզի մեզ ավելի լավ զգանք, սակայն հաշմանդամություն ունեցող շատ մարդիկ միայնակ են: Տխուր է, երբ այդքան մարդիկ մեզ սիրելու և սիրվելու հնարավորություն չեն ընձեռում միայն մեր հաշմանդամության պատճառով:

8) Վերանորոգված է

Շարժողական սարքերը` սկսած սայլակներից ու քայլակներից, վերջացրած վերելակներով, ավելի հաճախ են խափանվում, քան պետք է: Փորձեք մի քանի շաբաթ անվասայլակ օգտագործել և կհասկանաք, թե ինչ եմ ասում: Դա համարժեք չէ, երբ, օրինակ, քո ժամացույցը կամ նման մի իր է խափանվում: Մեր սարքերը մեր ոտքերն են, մեքենան, որը միշտ կարող ենք վարել, մեր շնչառական ապարատը: Երբ մեր իրերը փչանում են, մեզ համար ամեն ինչ շատ ավելի բարդ է դառնում, ուստի լսելը, որ դրանք արդեն վերանորոգված են, մեզ իսկապես երջանիկ կարող է դարձնել:

9) Ոչինչ, մի բան կանենք

Երբ դու մի տեղ ես գալիս, որը հարմարեցված չէ, շատերը վախենում են պատասխանատվություն կրելուց և նույնիսկ չեն փորձում ստեղծագործ մոտեցում ցուցաբերել քեզ օգնելու համար: Այդ ժամանակ գիտակցում ենք, որ մեկուսացվում ենք շրջապատից, իսկ մարդիկ դա չեն հասկանում: Բայց երբ գործ ես ունենում այնպիսի մարդկանց հետ, ովքեր ավելի քան պատրաստակամ են օգնելու, փորձում են այնպես անել, որ չհարմարեցված միջավայրում էլ քեզ լիարժեք ու հարմարավետ զգաս` ասելով՝ ոչինչ, մի բան կանենք, այս արտահայտությունն օգնում է հավատալու մարդկությանը:

10) Կարևոր չէ, որ դու հաշմանդամություն ունես

Երբ ընկերանում ես ինչ-որ մեկի հետ կամ սիրային հարաբերություններ սկսում, «Կարևոր չէ, որ դու հաշմանդամություն ունես» բառերն ամենասպասված արտահայտությունն են: Մենք շատ հաճախ ենք մերժվում կամ մեկուսացվում, քանի որ հաշմանդամություն ունենք, ուստի այս բառերը լսելու շնորհիվ հաղթահարում ենք մեր ամենամեծ վախը:

Միգուցե մեզ բախտ չվիճակվի այս բոլոր արտահայտությունները լսել մեր կյանքի ընթացքում, սակայն երբ գոնե դրանց մի մասը ի սրտե ասեն մեզ, մենք մեզ շատ երջանիկ կզգանք:

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.