accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Դիսըբիլիթի Ինֆո.am

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին տեղեկատվական հարթակ

Բերդի նոր հիվանդանոցի և բուժհաստատությունների մասին

0

Տավուշի մարզի Բերդ քաղաքում ավարտին են մոտենում «Բերդի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի հիմնական մասնաշենքի նորոգման և կցակառույցի կառուցման շինարարական աշխատանքները: Disabilityinfo.am-ը հետաքրքրվել է՝ արդյոք ֆիզիկապես հասանելի՞ է լինելու 675 մլն դրամ բյուջեով կառուցվող հիվանդանոցը մասնավորապես տեղաշարժման խնդիրներ ունեցող անձանց համար:

ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ նախագծին համապատասխան՝ բժշկական կենտրոնում նախատեսված են համապատասխան պայմաններ, մասնավորապես, բժշկական կենտրոնի մուտքերն ունեն թեքահարթակներ, առկա են սանհանգույցներ` թիկնաթոռ-սայլակներով հաշմանդամություն ունեցողների համար, 1,4-2,4 մմ չափսերի բժշկական վերելակ, բոլոր անհրաժեշտ դեպքերի համար դռները նախատեսված են 90 սմ-ից ոչ պակաս:

Նշենք նաև, որ նույն մարզի Նավուր և Բագրատաշեն համայնքներում կառուցվող բժշկական հաստատությունները ևս, ըստ նախարարության տրամադրած տեղեկատվության, հարմարեցված են հաշմանդամություն ունեցող մարդկանց, մասնավորապես, նախատեսված են թեքահարթակներ, իսկ անհրաժեշտ դեպքերի համար դռները նախատեսված են 90 սմ-ից ոչ պակաս:

Ինչ վերաբերում է նույն տարածաշրջանի Բերդավան համայնքի վերանորոգվող հիվանդանոցին, նախարարությունը տեղեկացնում է, որ վերանորոգման աշխատանքներն իրականացվում են ամբուլատորիայի 2-րդ հարկում: 1-ին հարկը համայնքային սեփականություն է և տրված է երկարաժամկետ վարձակալության, հետևաբար տարածքը հնարավոր չի եղել հարմարեցնել:

Հիշեցնենք, որ վերջին երեք համայնքներում վերանորոգումների համար պետբյուջեից տրամադրվել է 95 մլն դրամ: Թե ինչու են պատասխանատուները բավարար համարում «հաստատությունը երկրորդ հարկում է» պատճառաբանությունը, հասկանալի չէ, հատկապես երբ խոսքը բժշկական ծառայությունների մասին է:

Հավելենք, որ ըստ նախարարության՝ առաջնահերթ կարևոր է, որ արդիականացվող բժշկական հաստատություններն ունենան անհրաժեշտ պայմաններ հաշմանդամություն ունեցող բնակիչների համար:

Գայանե Ասրյան

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.