accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Աղավնի Սուքիասյան

Լրագրող | Ավարտել է Երևանի պետական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետը։

Թվում է՝ երկրաշարժից հետո պետք է մտածեին այդ մասին…

0

10258375_698451916859264_71 «1988 դեկտեմբերի 7-ից հետո ինձ նման հազարավոր քաղաքացիներ մի ակնթարթում հաշմանդամություն ձեռք բերեցին: Ու թվում էր, որ աղետի գոտի համարվող Սպիտակում այդ արհավիրքից հետո պետք է մտածեին դրա մասին: Քաղաքը պետք է հարմարեցվեր այն հազարավոր քաղաքացիների համար, ովքեր աղետի հետևանքով հաշմանդամություն ունեցան: Սակայն այդպես չեղավ: Այդպես չեղավ նաև այն ժամանակ, երբ աղետի գոտի համարվող քաղաքում սկսեցին նոր շենք-շինություններ կառուցել»,- ասում է Սպիտակի բնակիչ Մարինե Ասատրյանը, ով 16 տարեկան էր 88-ի երկրաշարժի ժամանակ: 

«Մեր սիրելի Սպիտակն անմատչելի դարձավ մեզ համար, դրա պատճառով հազարավոր մարդիկ, ովքեր աշխատում կամ կրթություն էին ձեռք բերում, դադարեցին աշխատել կամ կրթվել, որովհետև Սպիտակում տեղաշարժվելը նրանց համար դարձավ անհնարին: Մենք, կարծես, դուրս շպրտվեցինք Սպիտակի կյանքից: Երկրաշարժ տեսած իմ սերնդակիցների համար շատ դժվար էր դիմանալ այդ ամենին, սակայն առավել դժվար է այս սերնդի այն քաղաքացիների համար, ովքեր կա՛մ ծնվել են խնդիրներով, կա՛մ էլ հետո են դրանք ձեռք բերել: Որովհետև եթե մենք հասցրել էինք գոնե դպրոցում կրթություն ստանալ, ապա այս նոր սերունդը դրա հնարավորությունն էլ չունի»:

Մարինեն սովորել է Սպիտակի 4-րդ միջնակարգ դպրոցում, այնուհետև ընդունվել Սպիտակի պետական քոլեջ` ձեռք բերելով գործավարի մասնագիտացում: Նշենք, որ քոլեջը հարմարեցված է եղել հաշմանդամություն  ունեցող անձանց համար: Հետագայում սովորել է Էջմիածնի պետական քոլեջում` ստանալով իրավաբանի մասնագիտացում: Աշխատել է հյուսքագործ, զբաղվել կամավորական աշխատանքներով, հիմնել է «Նոր Սպիտակ» , «Սպիտակ բազե» ՀԿ-ները: Մարինեն փաստում է, որ Սպիտակում չկան հարմարեցված դպրոցներ: Միայն վերջերս է իմացել, որ Սպիտակի Անանիա Շիրակացու անվան դպրոցում աշխատանքներ են ընթանում, և դպրոցը պետք է հարմարեցվի տեղաշարժման դժվարություն ունեցողներին:

«Երկրաշարժից այսքան տարի անց միայն քաղաքի ղեկավարությունը սկսեց մտածել այդ մասին, բայց չէ՞ որ այս տարիների ընթացքում դպրոցում սովորելը երազանք մնաց տասնյակ երեխաների համար»,- նշում է Մարինեն:

Մատչելիության տարրական պայմանների բացակայությանը Սպիտակում ավելանում է նաև աշխատատեղերի բացակայությունը: Մարինեի խոսքով՝ եթե մարդ տեղաշարժման դժվարություն ունի, ապա նրան աշխատանքի չեն ընդունում իրենց քաղաքում: Ու հենց աշխատանք չգտնելու հետևանքով էլ Սպիտակում հաշմանդամություն ունեցող քաղաքացին ծայրահեղ պայմաններում է ապրում:

«Սակայն հույսս չեմ կորցնում, որ ամեն ինչ կփոխվի: Շատ եմ ցանկանում, որ առաջին հերթին փոխվի վերաբերմունքը մեր նկատմամբ: Ուզում եմ, որ մարդիկ հասկանան, որ խնդիր ունեցող քաղաքացին նույնպես մարդ է, ով հավասար է իր իրավունքներով և պարտականություններով: Վստահ եմ` պատկան մարմինների ցանկության դեպքում Սպիտակում շրջելն ու զբոսնելը մեզ համար այլևս երազանք չեն մնա: Վստահ եմ՝ երբ կարծրատիպերը կոտրվեն, մենք կկարողանանք աշխատանք գտնել և արժանապատիվ կյանքով ապրել»:

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.