accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Մարջան Չոբանյան

Սպիտակի դպրոցները երկրաշարժից հետո

0

Մինչև 1988-ի երկրաշարժը Սպիտակ քաղաքում գործում էր 8 դպրոց: Հետերկրաշարժյան տարիներին նորերը չկառուցվեցին, փոխարենը երկուսը միավորվեցին ՝ ստանալով մեկի կարգավիճակ: Այժմ դրանց ընդհանուր թիվը հասնում է 7-ի, որոնցից 1-ը շուտով կիրականացնի ներառական կրթություն (Ա.Շիրակացու անվան 8-րդ): Հաստատությունում այժմ սովորում են կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող 22 աշակերտներ, որոնցից մեկն ունի տեղաշարժման խնդիր: Նրան այդ հարցում օգնում են դասընկերները, ուսուցիչները կամ մայրը: Մյուս դպրոցների համեմատությամբ այստեղ ստեղծված են որոշակի պայմաններ: Ոչ միայն դրսում, այլև ներսում առկա է թեքահարթակ, թեև կրկին վերանորոգվելու և դասասենյակներին լծորդվելու փուլում է:

Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի տեղակալ Էդիկ Մացակյանի հավաստմամբ` «2015-ի հունվարից ֆինանսական հատկացումների շնորհիվ դպրոցը լիովին կհարմարեցվի»:

Նշենք, որ վերջին տվյալների համաձայն` ամբողջ մարզում գործող 163 դպրոցների մատչելիությունը բնութագրվում է այսպես`

- 33-ը մատչելի են.

- 88-ն ապահովված են թեքահարթակով, որոնցից 12-ը կառուցվել են 2013-ին.

- 42-ում դեռևս պայմաններ չկան:

Սպիտակ քաղաքում գործող ուսումնական հաստատությունների տնօրենների շրջանում անցկացված փոքրիկ հարցման արդյունքում պարզվեց, որ դրանց մի մասում, առհասարակ, չկան հաշմանդամություն ունեցող երեխաներ: Մյուսներում այդպիսիք սակավաթիվ են և չունեն «տեսանելի հաշմանդամություն», հետևաբար, «շենքային պայմանները նրանց ուսումնառությանը չեն խոչընդոտում»:

Մի քանի դպրոցահասակներ էլ ուսուցանվում են տնային պայմաններում, քանի որ հատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար նախատեսված դպրոցը քաղաքի ծայրամասում է:

Սպիտակի Ան. Շիրակացու անվան հ. 8 միջնակարգ դպրոց

Սպիտակի հ. 2 միջնակարգ դպրոց

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.