accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Մարջան Չոբանյան

Քաղաք, որը դասեր քիչ է քաղում…

0

Սպիտակի երկրաշարժի հետևանքով շուրջ 5133 ընտանիք մնաց անօթևան: Թե քանի՞ մարդ երկրաշարժի հետևանքով հաշմանդամություն ունեցավ, պատկան մարմինները դժվարանում են ասել: Բայց որոշ տեղեկությունների համաձայն` այդ թիվը հատել է 2000-ի սահմանը: Աղետի գոտու վերակառուցմանն ուղղված ծրագրերը լայն թափ ստացան դեռ 1990-ական թվականներից: Նախևառաջ փոխհատուցվեցին այն ընտանիքները, որոնք զոհեր էին ունեցել, որոնց ընտանիքի անդամները հաշմանդամություն էին ձեռք բերել կամ կորցրել էին ծնողներին: Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Լոռու մարզային հանձնաժողովի քարտուղար Վալերի Ջաղինյանն ասում է. «Սպիտակում չկան երկրաշարժի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած և անօթևան մնացածներ: Այլ հարց է, որ ոմանք շարունակում են ապրել տնակներում՝ սոցիալական ծառայություններից օգտվելու հնարավորությունը չկորցնելու պատճառով»:

Սակայն հաշմանդամություն ունեցող անձանց բնակարանային ապահովման ծրագիրն իրականացվել է տիպային սկզբունքով, առանց հաշվի առնելու մարդկանց ֆիզիկական կարիքները: «Քանի որ նախագծերն արվել էին և՛ հայերի, և՛ ուզբեկների կողմից, ուստի մեզ տվեցին ընտրելու հնարավորություն: Ընտրեցինք: Բայց ամբողջական մատչելիությունը ապահովեցինք մենք ու մեր ծնողները»,- ասում է բնակիչներից մեկը:

Վերակառուցման աշխատանքները շարունակվեցին տարբեր հիմադրամների, Համաշխարհային բանկի և պետական բյուջեից հատկացումների շնորհիվ, ինչի արդյունքում լուծվեց 2-5 սենյակի պահանջարկ ունեցող 704 ընտանիքների բնակարանով ապահովման խնդիրը: Եվս 248-ին, կառավարության որոշմամբ, տրվեց 3 մլն-ի չափով փոխհատուցում: Սակայն սեփական սեկտորի բնակիչները շարունակում են անհատույց մնալ:

Սպիտակի քաղաքապետարանի բնակֆոնդի հաշվառման և բաշխման բաժնի պետ Գևորգ Ասատրյանը հավաստիացնում է. «Բազմաբնակարան շենքերում ապրած 2645 ընտանիքներն արդեն փոխհատուցվել են, իսկ գյուղական համայնքներում բնակարանային ապահովման ծրագիրը մոտենում է ավարտին»: Այնուհետև մատնանշեց, որ 2010-ին պետական ծրագրով Վարպետաց թաղամասում շահագործման հանձնվեց ևս 220 բնակարան: Դրանցից 4-ը հատկացվեցին այն անձանց, ովքեր հաշմանդամություն են ձեռք բերել զինվորական ծառայության ընթացքում:

Դրանից հետո կառուցապատման աշխատանքներ այլևս չեն իրականացվել: Լոռու մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանը շինարարության այսպիսի ընթացքը կապում է «Գլենդել հիլզ» ՓԲԸ-ի անբարեխիղճ աշխատանքի հետ, որը խախտել է 188 ընտանիքների հետ կնքած պայմանագիրը: Հետևաբար շարունակում են անօթևան մնալ 1 սենյակ կորցրածները: Բայց նրանցից 49-ի բնակարանային գործերի փաթեթը այսօր ՀՀ քաղաքաշինության նախարարությունում է, որը դեռ պիտի քննարկման փուլ անցնի: Ընդ որում, պարզ չէ՝ երբ ծրագիրը վերջնականապես կավարտվի:

Պատասխանատուները չեն հերքում, որ Սպիտակը դեռևս չի լքել «աղետի գոտու» կարգավիճակը, իսկ այն, որ նույնիսկ երկրաշարժից հետո որոշումներ կայացնողներն ու կառուցապատողները չփոխեցին իրենց մոտեցումներն ու քաղաքականությունը բնակարանաշինության գործում, անհերքելի է: Բնակարանները, թաղամասերն ու քաղաքը շարունակում են վերակառուցվել` առանց հաշվի առնելու հաշմանդամություն ունեցող անձանց կարիքներն ու մատչելիության սկզբունքները:

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.