accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Աղավնի Սուքիասյան

Լրագրող | Ավարտել է Երևանի պետական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետը։

«Երկրաշարժից հետո փոխվեց նաև իմ երազանքը…»

0

IMG_1951«1988-ին ապրում է Շիրակի մարզի Նալբանդ գյուղում: Երկրաշարժից առաջ մեր գյուղում երբեք հաշմանդամություն ունեցող մարդկանց չէի տեսել, բայց 1988 դեկտեմբերի 7-ից հետո դարձա Նալբանդի սայլակ օգտագործող բնակիչը: Այդ ժամանակ ես 14 տարեկան էի և մինչև աղետն ապրում էի իմ բոլոր հասակակիցների նման մտածելով դասերիս և բուհ ընդունվելու մասին»,- պատմում է Նելլի Չարչյանը:

«Սակայն երկրաշարժից հետո ամեն ինչ միանգամից փոխվեց: Փոխվեց նաև իմ երազանքը. եթե առաջ մտածում էի բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվելու մասին, աղետից հետո կարողացա մի կերպ ավարտել դպրոցական ուսումս: Սովորում էի Նալբանդի միջնակարգ դպրոցում և աղետից հետո դպրոցն ավարտեցի տնային ուսուցման պայմաններում, քանի որ կրթօջախ հասնելն անհնար դարձավ ինձ համար: Սկսեցի արդեն մտածել ոչ թե կրթության, այլ տնից դուրս գալու, գյուղում շրջելու մասին, քանի որ գյուղում հաշմանդամություն ունեցող մարդկանց համար հարմարեցվածության մասին խոսելն անգամ ավելորդ և անհնարին բան էր: Այսօր էլ Նալբանդն անմատչելի է, անմատչելի է նաև Գյումրին: Վերջերս այնտեղ էի և տեսա, որ քաղաքը նույն անմատչելին է մնացել, չկան ո´չ թեքահարթակներ, ո´չ որևէ այլ հարմարություն հաշմանդամություն ունեցող քաղաքացիների համար: Հաշմանդամություն ունեցողների համար հարմարեցված չէ անգամ Գյումրու կենտրոնը»:

Խոսելով իր աշխատանքային գործունեության մասին` Նելլին պատմեց, որ մատչելիության պայմանների բացակայությամբ պայմանավորված երկար ժամանակ չի կարողացել աշխատանք գտնել:

«1994-2000 թթ. աշխատում էի հայկական Կարմիր խաչում, մի անգամ էլ «Բրաբիոն ֆլորա սերվիսից» աշխատանքի առաջարկ եղավ, պայմանով` եթե Երևան տեղափոխվեմ: Այն ժամանակ չկարողացա տեղափոխվել: Հիմա արդեն տեղափոխվել եմ և աշխատում եմ արտակարգ իրավիճակների նախարարությունում որպես օպերատոր»:

Անդրադառնալով իրեն համար բնակության վայր համարվող քաղաքների հարմարեցվածությանը` Նելլին խոսեց նաև երևանյան մատչելիությունից` այն գնահատելով ընդամենը բավարար:

«Երևանն անմատչելի չէ, ինչպես Նալբանդն ու Գյումրին, բայց լիարժեք հարմարեցված էլ չէ: Օրինակ` վերջերս բալիկիս հետ հայտնվել էի «Հաղթանակ» զբոսայգու հարակից փողոցում, անցումների մոտ չկա ոչ մի թեքահարթակ, որտեղով կարող ես անցնել. անհարմար էին նաև մայթերը: Մայրաքաղաքում, թերևս, հարմարեցված են միայն կենտրոնական փողոցներն ու մայթերը, մեկ էլ` վերաբերմունքն է մի փոքր փոխված. հաշմանդամություն ունեցողին այլևս չեն նայում որպես երկնքից իջածի»:

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.