accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Մուշեղ Հովսեփյան

Disabilityinfo.am կայքի խմբագիր

Հայտնի են «Հավասար հնարավորություններ» ԶԼՄ-ների 12-րդ մրցույթի հաղթողները

0

IMG_4771Կայացավ «Հավասար հնարավորություններ» հաշմանդամության թեմայով զանգվածային լրատվամիջոցների 12-րդ ամենամյա մրցույթի մրցանակաբաշխությունը։ Մրցույթն իրականացնում են «Հույսի կամուրջ» և «Առաքելություն Արևելք» կազմակերպությունները։ Նպատակը հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար հնարավորությունների ստեղծման գաղափարի տարածումն է: Այս տարի մրցույթին ներկայացվել էին 36 լրագրողական աշխատանքներ, որոնցից` 16-ը՝ տպագիր և էլեկտրոնային հոդված, 17-ը՝ տեսանյութ և 3-ը՝ ռադիոնյութ և մուլտիմեդիա:

Պատվոգիր ստացավ «Վէմ» ռադիոընկերությունը՝ հաշմանդամության հիմնախնդիրների պարբերաբար լուսաբանման և հավասար հնարավորությունների գաղափարի տարածմանը հետամուտ լինելու համար։ Մրցանակը հանձնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչը։

«Լրագրողական հոդված» անվանակարգում երրորդ մրցանակը շնորհվեց «Հրապարակ» օրաթերթի լրագրող Սոնա Ադամյանին՝ «Միջավայրն եմ հարմարեցնում ինձ» հոդվածի համար (100 000 դրամ)։ Երկրորդ մրցանակը «Առավոտ» օրաթերթի լրագրող Լուսինե Բուդաղյանինն էր՝ «Ներառական կրթությունը «սրերով» ընդունած ուսուցիչներն այսօր այդ երեխաներով հպարտանում են» հրապարակման համար (150 000 դրամ)։ Առաջին մրցանակը հանձնվեց «168 ժամ» օրաթերթի լրագրող Լիլիթ Ավագյանին, որը ներկայացրել էր «Մի լավ ծիծաղեցինք աղջկա վրա։ Հետո՞…» հոդվածը (200 000 դրամ)։

Այս անվանակարգում հատուկ մրցանակը շնորհվեց Մանե Գրիգորյանին՝ Hetq.am-ում հրապարակված «Չնայած ինձ կոչեցին Վրեժ, բայց ես էությամբ Վիտալի եմ՝ ներսումս կյանքը եռում է» հրապարակման համար ( 100 000 դրամ)։

«Ռադիո և մուլտիմեդիա» անվանակարգում չկային առաջին և երկրորդ մրցանակներ։ Իսկ 3-րդ մրցանակը (100 000 դրամ) ստացավ Սոնա Քոչարյանը՝ «Հայաֆիկացվածները. Հայ-ռուս-մարդ» հրապարակման համար (Imyerevan.com լրատվական կայք):

«Հեռուստատեսային» անվանակարգում երրորդ մրցանակը (100 000 դրամ) «ՍիվիլՆեթի» լրագրող Տաթևիկ Ղազարյանինն էր՝ «Մայրանալու հրաշքից առաջ» տեսանյութի համար, երկրորդը (150 000 դրամ) ՝ Հանրային հեռուստաընկերության լրագրող Արմինե Ուդումյանինը՝ «Ապրել բոլորի պես» տեսանյութի համար։

Առաջինը մրցանակը (200 000 դրամ) հանձնվեց «ԱՐ» հեռուստաընկերության լրագրող Կարեն Խաչատրյանին՝ «Թիվ 174 դպրոցի հիմնանորոգումը կատարվել է լուրջ խախտումներով» ռեպորտաժի համար։

Ի դեպ, վերջինիս հիմքում Disabilityinfo.am-ի իրականացրած մոնիթորինգն է, որի հետքերով գնացել էր «ԱՐ»-ի մեր գործընկերը։

«Հեռուստատեսային» անվանակարգում հատուկ մրցանակը (100 000 դրամ) հանձնվեց Հանրային հեռուստաընկերության լրագրող Սուսան Բադալյանին՝ լրագրողական հետաքննության և հաշմանդամություն ունեցող անձանց համար իրականացվող ծրագրերում բացթողումները վերհանելու համար։

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի մրցանակը (ֆոտոխցիկ)ստացավ Անի Մանուկյանը «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունից։

«Կովկասյան ցանց երեխաների համար» կազմակերպության մրցանակը (50 000 դրամ) հանձնվեց «Արմենիա» հեռուստաընկերության լրագրող Աննա Գրիգորյանին։

«Հույսի կամուրջ» ՀԿ CHILD ծրագրի խրախուսական մրցանակը  (50 000 դրամ) ստացավ Լիլիթ Մանուկյանը «Հրաչը» տեսանյութի համար («Երկիր մեդիա»):

Մրցույթի գլխավոր մրցանակակիրը Արման Սուլեյմանյանն էր՝«ՍիվիլՆեթ»-ում հրապարակված  «Անիվս խերով լինի» տեսանյութի համար (250 000 դրամ)։

Հ.Գ. «Դիսըբիլիթի ինֆոն», խմբագրակազմի որոշմամբ, առաջնորդվելով բարեխիղճ մրցակցության ապահովման սկզբունքով, չի մասնակցել «Հավասար հնարավորություններ» հաշմանդամության թեմայով զանգվածային լրատվամիջոցների ամենամյա մրցույթին:

Լուսանկարները կարող եք գտնել մեր ֆեյսբուքյան էջում։

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.