accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Աղավնի Սուքիասյան

Լրագրող | Ավարտել է Երևանի պետական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետը։

Խտրականությո՞ւն, թե՞ պաշտպանություն

0

Արտեմ Ասատրյան

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար (պաշտոնը ստանձնել է  2012 թվականի հունիս 22-ին):

Երեխաների խնամքի ու դաստիարակության կազմակերպման կարևոր ձևերից մեկը որդեգրումն է: ՀՀ ընտանեկան օրենսգրքի համաձայն` որդեգրողը և որդեգրվածը ձեռք են բերում ծնողի և զավակի համար օրենքով նախատեսված իրավունքներ և պարտավորություններ: Արդյոք աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն աջակցո՞ւմ է այն հաշմանդամություն ունեցող ծնողներին, ովքեր ցանկանում են երեխա որդեգրել: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, պատասխանելով մեր հարցին, ասաց. «Մեր նախարարությունը ոչ մի արտոնություն չի սահմանել այն հաշմանդամություն ունեցող ծնողների համար, ովքեր ուզում են երեխա որդեգրել: Հիմա մշակում ենք փաթեթ, որ երեխաները չհանձնվեն մանկատուն, այդ ինստիտուցիոնալ խնդիրների լուծման հետ նաև կքննարկվի հաշմանդամություն ունեցող ծնողներին արտոնություններ տալու հարցը»:

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 116-րդ հոդվածը սահմանում է, թե ովքեր ունեն որդեգրելու իրավունք, և ովքեր չեն կարող օգտվել այդ իրավունքից, մասնավորապես, այն անձինք, որոնք առողջական վիճակով չեն կարող իրականացնել ծնողական իրավունքներ. այդ հիվանդությունների կարգը սահմանվում է ՀՀ կառավարության N 517-Ն որոշումով, որտեղ հաշմանդամությունը, որպես այդպիսին, հիմք չի հանդիսանում, սակայն նշված հիվանդությունների առկայության դեպքում անձը կարող է ստանալ հաշմանդամության խումբ: Նշված որոշման մեջ թվարկված հիվանդությունների ցուցակում նշված է «Օրգան-համակարգերի հիվանդություններ` դեկոմպենսացիայի փուլում, անդարձելի փոփոխություններով և ֆունկցիայի կայուն խանգարմամբ»: Օրենքի նման դրույթը պրակտիկայում հանգեցնում է տարբեր հիվանդություններ ունեցող հաշմանդամություն ունեցող անձանց` երեխա որդեգրելու իրավունքի սահմանափակմանը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության գլխավոր մասնագետ Անուշ Բադալյանը մեկնաբանում է. «Եթե կառավարությունը ներկայացրել է հիվանդությունների ցուցակ, որոնց դեպքում հակացուցվում է երեխա որդեգրելը, նշանակում է այդ հակացուցումներ ունեցող ծնողները պետք է ենթարկվեն այդ կարգին և չեն կարող երեխա որդեգրել: Հաշմանդամություն ունեցող անձը չի կարողանում իրեն պահել, որդեգրած երեխային ինչպե՞ս կարող է պահել: Եթե աղքատ է կամ հաշմանդամության այն խմբին է պատկանում, որը նշված է կառավարության ներկայացրած հակացուցումների ցուցակում, ապա չի կարող երեխա որդեգրել: Կան հստակ չափանիշներ, որոնք հաշվի են առնվում որդեգրման ժամանակ»:

Իսկ մեր այն հարցին, թե ինչպե՞ս է պետությունը վարվում երեխա ունեցած և հետո հաշմանդամություն ձեռք բերած ծնողի հետ, արդյոք նրան չի զրկո՞ւմ ծնողական իրավունքներից, Անուշ Բադալյանը պատասխանեց. «Ձեր ասածը լրիվ ուրիշ դեպք է, դա ուրիշ բան է, բայց երբ որդեգրում են ուրիշի երեխային, այդ դեպքում կան պահանջներ, երաշխիքներ, որոնց բացակայության դեպքում երեխային չեն տալիս որդեգրման»:

Մեզ համար դժվար է հասկանալ, թե ի՞նչ տարբերություն կարող է լինել կենսաբանական և որդեգրված երեխաների իրավունքների միջև, չէ՞ որ կարևորն այս դեպքում երեխայի շահն է, և քիչ չեն այն դեպքերը, երբ հաշմանդամություն ունեցող ծնողները խնամում և դաստիարակում են իրենց երեխաներին ոչ պակաս, քան այն ծնողները, ովքեր խնդիրներ չունեն:

Վլադիմիր Օհանյանը ծնվել և մեծացել է մի ընտանիքում, որտեղ հայրը տեղաշարժվում է սայլակի օգնությամբ: «Վստահ կարող եմ ասել, որ հաշմանդամությունը որևէ խոչընդոտ չի կարող լինել այս դեպքում: Ամեն ինչ կախված է մարդկանց մտածելակերպից: Կառավարությունում աշխատակիցները կարծրացել են իրենց մտածելակերպի մեջ և հաշմանդամություն ունեցող անձանց համարում են «թերի մարդիկ»: Ես լիարժեք ընտանիքում եմ մեծացել, որևէ բանի պակաս չեմ ունեցել: Այսօր իմ ընտանիքն ունեմ, իմ երեխան և փորձում եմ ամեն ինչ անել, որ ծնողներիս օրինակին հետևեմ»:

Իսկ արտակարգ իրավիճակների նախարարության 911 ցանցի աշխատակից Նելլի Չարչյանը, ով ևս սայլակով է տեղաշարժվում, վերջերս է մայրացել, միայնակ է մեծացնում իր որդուն. «Հաշմանդամություն ունեմ, բայց կարողանում եմ և´ ինձ պահել, և´ երեխայիս: Հաշմանդամությունը չի կարող խանգարել լիարժեք ծնող լինելուն, պարզապես պետք է մեր քաղաքը հարմարեցնեն, որ հնարավոր լինի ազատ տեղաշարժվել և բոլորի հետ հավասար հնարավորություններ ունենալ: Սա է միակ խոչընդոտը, ոչ թե հաշմանդամությունը»: 

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաշմանդամների հիմնահարցերի վարչության գլխավոր մասնագետ Աննա Հակոբյանն էլ հիմնական համարեց այն խոչընդոտները, որոնց հաշմանդամություն ունեցող ծնողները բախվում են գործնականում: Իսկ կառավարության որոշումը Աննա Հակոբյանը համարեց թերի, որը ենթակա է պարզեցման և ճշգրտման:

«Սահմանափակում չպետք է լինի: Ֆունկցիայի սահմանափակումը դեռ հաշմանդամություն չէ, և օրենքում առկա է ոչ հստակ ձևակերպում: Հաշմանդամություն ունեցող անձը նույնպես պետք է հավասար հնարավորություն ունենա և երեխա որդեգրի: Կառավարության ձևակերպումը հստակեցնելու կարիք ունի, պետք է վերանայվի: Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվեցիան վավերացնելուց հետո մենք մեր օրենքներում համապատասխանեցումներ ենք անում, և այս 517 որոշումը նույնպես կարիք ունի հստակեցման: Նոր օրենքի նախագիծ ենք ներկայացնելու Ազգային ժողով, և հաստատվելու դեպքում ենթաօրենսդրական ակտերը կվերանայվեն»,- նշեց հաշմանդամների հիմնահարցերի վարչության գլխավոր մասնագետը:

Սահմանվո՞ւմ են արդյոք արտոնություններ այն հաշմանդամություն ունեցող կանանց համար, ովքեր երեխա են ունենում հարցին ի պատասխան` Աննա Հակոբյանը նշեց.

«Երեխա ունենալու հետ կապված նրանց համար ոչ մի արտոնություններ չեն սահմանվում: Տրվում են միայն հաշմանդամության խմբի հետ կապված արտոնություններ` անվճար բուժման, անվճար դեղորայք ստանալու հնարավորություն և միայն այսքանը»:

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.