accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Աննա Կարապետյան

Շինարարությունը շատ հեռու է նախագծումից

0

Disabilityinfo-ի զրուցակիցն է ՀՀ վաստակավոր ճարտարապետ, Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը:

- Պարո´ն Մինասյան, այսօր մեր քաղաքում հաշմանդամություն ունեցող անձանց տեղաշարժի համար պայմաններ չկան, ի՞նչ եք կարծում` պատճառը ո՞րն է, ինչո՞ւ ընդունված նորմատիվային ակտերը չեն կիրառվում:
– Խորհրդային տարիներին էլ հաշմանդամություն ունեցող անձանց համար պայմաններ չկային. դա շարունակվեց այնքան ժամանակ, մինչև հաշմանդամություն ունեցող քաղաքացիների համար օրենսդրական ակտեր ընդունվեցին: Հիմա մեր նախագծերը` լինի բնակելի թե հասարակական շենք, անպայման պետք է թեքահարթակներ ունենան, որպեսզի հաստատվեն: 90-ական թվականներին, երբ ամեն ինչ թույլատրելի դարձավ, խնդիրն ավելի սրվեց. սեփականատերերը իրենց տարածքներում սկսեցին կամայականորեն իջեցնել կամ բարձրացնել մայթերը: Մայթերը, որոնք պիտի թեքություն ունենային առանց ընդհատումների, վտանգավոր դարձան և´ հաշմանդամություն ունեցող, և´ հաշմանդամություն չունեցող քաղաքացիների համար:

Նորմերի ընդունումից հետո կան նկատելի փոփոխություններ. հյուրանոցներում, հասարակական շենքերում թեքահարթակները կան, բայց նույն այդ շենքերը դեռևս ապահովված չեն համապատասխան վերելակներով: Դպրոցներում, բժշկական կենտրոններում էլ հարմարեցումներ են կատարվում, բայց ոչ լիարժեք, քանի որ դեռ մեր կյանք չի մտել այն բանի գիտակցումը, որ դա անհրաժեշտություն է և անպայման պետք է կատարվի:

-Մեր քաղաքում բազմաթիվ կառույցների առջև թեքահարթակներ կան, բայց դրանք դժվար է թեքահարթակ անվանել: Ինչի՞ հետ է դա կապված:
– Կան կառույցներ, որոնք տեղանք չունեն, պիտի շինարարական մեծ աշխատանք կատարեն հարմարեցնելու համար, փոխարենը թեք են անում, որը նորմերով չի թույլատրվում. դա նույն դժվարությունն է ստեղծում, ինչ թեքահարթակի բացակայությունը: Ֆորմալ առումով ցույց են տալիս` թեքահարթակ կա, բայց դրա վրա անվասայլակը կարող է այնպիսի արագություն հավաքել, որ մարդու դժբախտության պատճառ դառնա: Ավելի լավ է` արջի ծառայություն չմատուցեն:

- Օրենքի համաձայն` այդ թեքահարթակները պիտի քանդվեն և նորերը կառուցվեն: Որքանո՞վ է օրենքը կիրառվում:
– Թեքահարթակների հարցը նույն վիճակում է, ինչ մեր օրենսդրական դաշտի մյուս հարցերը. օրենսդիրը կա, բայց գործադիրը դեռևս չկա: Ոչ մի նախագիծ քաղաքապետարանի կողմից չի հաստատվում, եթե թեքահարթակներ չկան, բայց մեզ մոտ շինարարությունը շատ հեռու է լինում նախագծումից:

- Հաճախ մարդիկ թեքահարթակների կամ այլ հարմարությունների բացակայությունը բացատրում են նրանով, թե դա աղճատում է շենքի ճարտարապետական տեսքը: Ի՞նչ կասեք այս մասին:
– Շենքը գեղեցիկ է ոչ միայն իր արտաքին տեսքով և լուծումներով, այլև իր մոտեցման սկզբունքներով. եթե շենքը հարմարեցված չէ, չի կարող գեղեցիկ լինել: Կեղծ հայտարարություններ են, թե դա խանգարում է այս կամ այն բանին, պետք է լուծումը գտնել: Լուծումը գտնելու ճանապարհով մարդկանց ավելի ես մոտեցնում շենքին, շենքը հրապուրիչ է դառնում: Մարդիկ գնում են այն հյուրանոցները, որոնք ունեն բոլոր հարմարությունները: Երբ զարգացած երկրներից զբոսաշրջիկները գալիս և տեսնում են, որ շատ դժվար է մոտենալ այդ շենքին, նախևառաջ մտածում են` ուրեմն սեփականատերը դեռ չի հասել այն գիտակցությանը, որ հյուրանոցը պիտի հարմարեցված լինի, և գնում են այնտեղ, որտեղ այդ բոլոր հարցերը լուծված են:

- Քաղաքաշինությունն ու ճարտարապետությունը ի՞նչ խնդիրներ ունեն այսօր իրենց առջև դրված:
– Երկուսն էլ պետք է առավելագույնս ծառայեն մարդուն, շենքը պետք է հարմար տեղադրված լինի, հարմար մոտեցումներ ունենա, վտանգ չներկայացնի: Այս առումով մենք դեռ բազմաթիվ անելիքներ ունենք: Երբ ասում ենք` չի կարելի գերխիտ շենքեր կառուցել, մեզ առարկում են, թե կան եվրոպական քաղաքներ, որտեղ կառուցապատումն ավելի խիտ է, առանց հաշվի առնելու այն հանգամանքը, որ այնտեղ արված է հնարավոր ամեն ինչ, որ այդ խտությունը չզգացվի, որ այնտեղ դա հարմարությունների հաշվին չի արվում:
Մենք բակեր ունենք, որ գերխիտ են: Կարող են անել գերխիտ բակեր, բայց եթե հրշեջ մեքենան, շտապօգնության մեքենան չեն կարողանում բակ մտնել, դա արդեն անթույլատրելի է:
Մեր քաղաքաշինության մեջ մի սկզբունք է գործում` որտեղ ազատ տարածք կա, կառուցապատում լինի, իսկ դա չի կարող հարմար լինել բնակչության համար: Բնակիչը ցանկանում է, որ իր շրջապատը բարեկարգ լինի, ազատ և կանաչ մակերեսներ լինեն:

- Ինչպիսի՞ն պետք է լինի հարմար քաղաքը:
– Քաղաքը պետք է կարողանա այնքան լավ ենթակառուցվածք ունենալ, որ յուրաքանչյուր քաղաքացի իրեն հարմարավետ զգա այդ քաղաքում: Արտասահմանում հաշմանդամություն ունեցող բոլոր անձինք լիարժեք ապրում են: Մարդիկ նրանց լավ են վերաբերվում, որևիցե հայացքներ չկան: Մեզ մոտ էլ են օգնում, բայց նպաստավոր պայմաններ չկան, հարցը սաղմնային վիճակում է, իսկ դրա լուծումը կապված է ֆինանսական միջոցների հետ:

- Ձեր կարծիքով` որքա՞ն ժամանակ կպահանջի մեր քաղաքի հարմարեցումը:
– Այնպես չէ, որ գալու է մի օր, որ մենք բոլոր աշխատանքներն ավարտենք և կանգ առնենք: Սա շարունակական և ամենօրյա գործընթաց է: Նույնիսկ մեծ քաղաքներում (Ստոկհոլմ, Փարիզ), որտեղ թվում է`այս ամենն արված-ավարտված է, տեղ կա աշխատելու և կատարելագործվելու: Ամենը արվում է, որ մարդն իրեն լավ զգա, եթե մարդը իրեն լավ չի զգում, ուրեմն գործը լավ չի կատարվում կամ իզուր է արվում: Այն, ինչ արվում է հաշմանդամություն ունեցողների համար, օգտակար է նաև երեխաների, կանանց, մեծահասակների, բոլորի համար: Հարմարեցված և ամեն ինչով համալրված տարածքը լավ տարածք է յուրաքանչյուր մարդու համար, այնտեղ նա խնդիր չունի:

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.