accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Մարիամ Եղիազարյան

Նանսենի թանգարանից մինչև Սուրբ Աստվածածին եկեղեցի

0

Նոր Նորք վարչական շրջանում վերջերս ավարտվել են 2012 թվականին սկսված Նանսենի թանգարանի և Սուրբ Աստվածածին եկեղեցի-հուշահամալիրի շինարարական աշխատանքները: Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Ֆրիտյոֆ Նանսենի թանգարանի և եկեղեցու կառուցման ու նախագծման հեղինակներն են բարերարներ, ՀՀ վաստակավոր բժիշկներ Կառլեն և Սառա Եսայանները: Նախագիծն իրականացվել է Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ` «Էրեբունի-Երևան- 2796» ծրագրի շրջանակներում: Համալիրը բաղկացած է Սուրբ Աստվածածին եկեղեցուց, երիցատուն-տաճարից` հարակից հանգստյան տաղավարով, թանգարանի շենքից, մոմավառության տաղավարներից և շուրջ 30 հուշարձաններից:

Նորակառույց եկեղեցու տարածքում առկա են խնդիրներ ու խոչընդոտներ:
Համալիրն ունի երեք մուտք, որոնցից մեկը` հարթ է, մյուսի մոտ` թեքահարթակ կա, իսկ երրորդը կառուցված է բացառապես աստիճանավանդակներից:
Հիմնական տարածքում խոչընդոտներն ավելի են շատանում. եկեղեցու և թանգարանի դռները նեղ են, և սայլակ օգտագործող մարդը չի կարող մուտք գործել տաճար կամ թանգարանի սրահ: Մոմավաճառին, օրինակ, ոչ բոլորը կարող են մոտենալ և մոմ գնել` կրպակի դիմաց կառուցված բարձր աստիճանավանդակի պատճառով: Տեղն ու դիրքը հաշվի առնելով` սա պարզապես դիզայներական լուծում է, որը հեշտությամբ կարող էր նաև չլինել:

Եկեղեցու քահանան` տեր Կարապետը, կարծում է, որ համալիրն ամբողջովին հարմարեցված է հաշմանդամություն ունեցող անձանց համար, իսկ որոշ խնդիրների լուծումը տեսնում է այլ անձանց աջակցության մեջ.

«Եկեղեցին ամբողջովին հարմարեցված է: Երեք մուտքերից երկուսի մոտ թեքահարթակներ կան, և միայն մեկն է աստիճաններով: Եթե որևէ խնդիր լինի, անպայման կօգնենք, մոմը կգնենք ու կմոտեցնենք նրանց: Եկեղեցին դեռ նոր է բացվել, առայժմ տարածքում կամ պատարագի ժամանակ հաշմանդամություն ունեցող մարդկանց չեմ հանդիպել»:

Աշխատանքներին աջակցել է նաև Երևանի նախկին գլխավոր ճարտարապետ, այժմ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը:

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.