accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Մուշեղ Հովսեփյան

Disabilityinfo.am կայքի խմբագիր

Չնայած ձեռքբերումներին` ձախողումները շարունակում ենք

0

Այսօր ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի Համընդհանուր պարբերական դիտարկման (ՀՊԴ) աշխատանքային խումբը երկրորդ անգամ քննության առավ Հայաստանում մարդու իրավունքների իրավիճակը։ Դիտարկման նպատակը մարդու իրավունքների ոլորտում առաջին դիտարկումից հետո զարգացումների մասին հաղորդելն էր։ Մասնակից պետությունները հնարավորություն ունեին պարզաբանելու, թե ինչ քայլեր են ձեռնարկվել այս ընթացքում ներկայացված առաջարկների իրականացման ուղղությամբ։

Ազգային զեկույցում որպես իրավիճակի փոփոխություն ներկայացվում է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակումը, «Առողջապահության համաշխարհային կազմակերպության ֆունկցիաների միջազգային դասակարգման սկզբունքների վրա հիմնված հաշմանդամության սահմանման մոդելի ներդրման հայեցակարգին և միջոցառումների ժամանակացույցին հավանություն տալու մասին» արձանագրային որոշումը։

Մանրամասն ներկայացված են 2015 թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտած «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերը, որոնց համաձայն հարյուր և ավելի աշխատողներ ունեցող պետական կազմակերպությունները պարտավոր են մեկ օրացուցային տարում իրենց աշխատողների երեք տոկոսի չափով հաշմանդամություն ունեցող անձանց համար պարտադիր աշխատատեղեր ապահովել: Չնայած աշխատանքի հնարավորությունների ստեղծմանը` միջավայրի անմատչելիությունը սահմանափակում է այդ իրավունքի իրացումը, հաշմանդամություն ունեցող մեծ թվով երեխաներ չեն ստանում կրթություն, իսկ երիտասարդներն էլ չեն կարողանում շարունակել բարձրագույն կրթությունը։ Զեկույցներում նշվում է նաև, որ, ի տարբերություն հաշմանդամություն չունեցող երեխաների, հաշմանդամություն ունեցող երեխաներին ավելի քիչ են որդեգրում, պետությունը շարունակում է ձախողել համընդհանուր դիզայնի սկզբունքով իրականացվող հավասար հնարավորությունների ապահովման գործընթացը։

Նստաշրջանի սկզբում ՀՀ արտաքին գործերի փոխնախարար, պատվիրակության նախագահ Աշոտ Հովակիմյանը համառոտ ներկայացրեց մարդու իրավունքների իրավիճակի մասին ազգային զեկույցը։ Մոտ երեք տասնյակ երկրների պատվիրակությունների ներկայացուցիչներ նշեցին հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության անհրաժեշտության մասին՝ հատուկ ուշադրություն դարձնելով կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության իրավունքին։

Բենինի Հանրապետության պատվիրակության ներկայացուցիչն առաջարկեց ի վերջո վավերացնել Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի կամընտիր արձանագրությունը, որը ՀՀ-ն ստորագրել է, բայց որի վավերացումը թույլ կտա նաև հաշմանդամություն ունեցող անձանցից անհատական բողոքներ ուղարկել ՄԱԿ-ի կոմիտեին:

Հիշեցնենք, որ, ինչպես նշվում է 2012 թ. ՀՀ կառավարության ներկայացրած սկզբնական համապարփակ զեկույցում, վավերացումը պետական քաղաքականության օրակարգում է և այն կիրականացվի առաջիկա տարիներին՝ պայմանների էական բարելավումից հետո։

Այն, ինչ ասվել էր երեք տարի առաջ գրված վերոնշյալ զեկույցում, ի պատասխան Նորվեգիայի պատվիրակության` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ջեմմա Բաղդասարյանը կրկնեց՝ կամընտիր արձանագրությունը կվավերացվի բարեփոխումներից հետո. «Հիմք ընդունելով Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիան` արդեն մշակվել և Ազգային ժողով է ներկայացվել «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ Օրենքի նախագծով նախատեսվում է ապահովել մատչելի միջավայր, հավասար հնարավորություններ և բացառել հաշմանդամության հիմքով յուրաքանչյուր խտրականություն։ Միաժամանակ հասարակական կազմակերպությունների հետ ակտիվ համագործակցությամբ ձեռնարկվում են միջոցներ մատչելի միջավայրի ապահովման համար»։

Կրթության և գիտության նախարարության զարգացման ծրագրերի և մոնիթորինգի վարչության պետ Ռոբերտ Ստեփանյանը իր խոսքում անդրադարձավ կրթության ոլորտում կատարված փոփոխություններին. «Ընդունվել է նոր օրենք կրթության համընդհանուր ներառականության անցնելու մասին։ Այս պահին ներառական կրթություն իրականացվում է հանրակրթական դպրոցների միայն 10 տոկոսում։ Կառավարությունը շարունակում է բարելավել բարձրագույն կրթության հնարավորությունները խոցելի խմբերի երիտասարդների համար։ Կառավարությունն ընդունել է մի շարք որոշումներ, ըստ որոնց ընդլայնվել են պետական թոշակներ ստացող խմբերը»։

Հայաստանի դիտարկման զեկուցողներն են Էլ Սալվադորի, Ինդոնեզիայի և Նիգերիայի (եռյակ) ներկայացուցիչները։ Նախատեսվում է, որ ՀՊԴ աշխատանքային խումբը Հայաստանի վերաբերյալ առաջարկությունները կընդունի հունվարի 27-ին` ժամը 17.00-ին:

Ազգային զեկույցում նաև նշվում է, որ չնայած ձեռնարկված միջոցներին, դաշտում անելիքները շատ են, և պետությունը պարտավորվել է ապահովել այս նախաձեռնությունների գործընթացների շարունակությունը։

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.