accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Մարիամ Եղիազարյան

«Որպեսզի «Օսկար» մրցանակի արժանանաք…»

0

1988-ին ամերիկացի դերասան Դասթին Հոֆմանն «Օսկարի» մրցանակաբաշխության ժամանակ «Տարվա լավագույն դերասանի» կոչմանն արժանացավ «Անձրևի մարդը» (Rain Man) ֆիլմում աուտիզմ ունեցող Ռայմոնդի կերպարը մարմնավորելու համար: Մեկ տարի անց նույն միջոցառման ժամանակ նման հաջողություն գրանցեց Դենիել Դեյ-Լյուիսը, ով «Իմ ձախ ոտքը» (My left foot) ֆիլմում հանդես էր գալիս հայտնի իռլանդացի նկարիչ, գրող Քրիսթի Բրաունի կերպարով, ով մանկական ուղեղային կաթված ուներ:

«Օսկարի» 87-րդ մրցանակաբաշխությանն ընդառաջ լայն տարածում է գտել կատակն այն մասին, թե մրցանակ ստանալու համար բավական է որևէ ֆիլմում հաշմանդամություն ունեցող մարդու կերպար խաղալ: Բանն այն է, որ փետրվարի 22-ին Լոս Անջելեսում կայանալիք «Օսկարի» 87-րդ մրցանակաբաշխությանը «Լավագույն դերասան» անվանակարգում առաջադրվել է Էդդի Ռեդմեյնը, ով 2014-ին նկարահանվել է աշխարհահռչակ ֆիզիկոս, տեսաբան Սթիվեն Հոկինգի մասին պատմող «Ամեն ինչի տեսություն» ֆիլմում:

Լյուսի Ռոջերսն իր «Ինչպե՞ս ստանալ «Օսկար» հոդվածում նշել է, որ իրական անձնավորություններին մարմնավորելուց հետո հաշմանդամություն կամ հոգեկան խնդիրներ ունեցող անձի կերպարով հանդես գալը երկրորդ լավագույն տարբերակն է: Նա նշում է, որ «Օսկարի» արժանացած մարդկանց 16 տոկոսը հանդես է եկել այսպիսի ֆիլմերում:

Կինոյի պատմության մեջ գրեթե չկան այնպիսի ֆիլմեր, որտեղ հաշմանդամություն ունեցող մարդկանց պատմությունները ներկայացնեն հենց իրենք, կամ որևէ մեկը, ով գտնվում է նույն կարգավիճակում, ինչ ֆիլմի հերոսը: Այս ամենից հետո հարց է ծագում. ինչո՞ւ նման դերերում չենք տեսնում հենց հաշմանդամություն ունեցող մարդկանց: Այս փաստը սկսել է հետաքրքրել շատ կինոգետների, լրագրողների և ամենակարևորը` հենց հաշմանդամություն ունեցող անձանց: Նրանցից շատերը կարծում են, որ ոչ ոք չի կարող իրենց ավելի լավ ներկայացնել, քան հենց իրենք:

Կինոքննադատ Լեյսլի Ֆելփերինը կարծում է, որ վաղուց անցել են այն ժամանակները, երբ սևամորթ մարդու դերը ստանձնում էր որևէ սպիտակամորթ դերասան, և, օրինակ՝ Գանդիին մարմնավորելու համար, մեր օրերում, վստահաբար, նախապատվությունը կտան հնդկացու կամ նույնպիսի էթնիկ արմատներ ունեցող դերասանի, ոչ Բեն Քինգսլիին, սակայն հաշմանդամության պարագայում ամեն ինչ այլ է: Նա նշում է, որ գրեթե չկան հաշմանդամություն ունեցող դերասաններ, ովքեր կկարողանան մարմնավորել այդպիսի դերեր, և ընտրությունն անհամեմատ ավելի փոքր է: Բացի այդ, այդպիսի դերասանները այնքան էլ հայտնի և ճանաչված չեն:

Դերասան Ռոյ Ֆրենկ Ար-Ջեյը, ով մանկական ուղեղային կաթված ունի, նշում է, որ ոչ ոք չպետք է խտրականության ենթարկվի և զրկվի որևէ դերից.

«Հաշմանդամության մասին պետք է խոսվի, որպեսզի մարդիկ հասկանան, որ դա նորմալ է և սարսափելի չէ: Արդյունքը, որին այս ամենը կհանգեցնի, հստակ և ճիշտ պատկերացումն է այն մասին, թե ինչ է հաշմանդամությունը, և ինչպես են պատկերացնում այն միլիոնավոր մարդիկ: Ես չեմ կարծում, որ հաշմանդամություն չունեցող մարդու կողմից այդպիսի կերպար խաղալը «գողություն» է, դա նորմալ է, բայց կարևորում եմ իսկապես հաշմանդամություն ունեցող մարդկանց մասնակցությունը ֆիլմերում և նաև այլ հեռուստածրագրերում: Բոլորն իրավունք ունեն հանդես գալու, երևալու և ինչ-որ բան ներկայացնելու, բոլորը հավասար են` անկախ հաշմանդամությունից կամ այլ գործոններից: Քիչ չեն հաշմանդամություն ունեցող մարդիկ, ովքեր ցանկանում են երևալ և իրենց խնդիրները բարձրաձայնել: Մաշկի գույնը և էթնիկ ծագումը համեմատելի չեն հաշմանդամության հետ: Հարցն այն է, որ հաշմանդամությունը վերաբերում է բոլորին` բոլոր ռասաներին, բոլոր մարդկանց և ցանկացած կրոնի, այն ամեն քայլափոխի է: Միշտ էլ կգտնվեն մարդիկ, ովքեր ավելի գեղեցիկ կլինեն  կամ ավելի լավը կթվան, սակայն խնդիրն այն է, որ հաշմանդամություն ունեցող մարդիկ չունեն այն վստահությունը, որ ունեն մյուսները. ես չունեմ այդքան ինքնավստահություն: Երբ դու փորձ ես ձեռք բերում և աստիճանաբար ինչ-որ դժվարություններ հաղթահարում, ձեռք ես բերում այդ ինքնավստահությունը ու սկսում հավատալ ինքդ քեզ»:

Ինքնավստահության պակասի, անմատչելի միջավայրի և այլ պատճառներով ֆիլմեր, որտեղ կարելի է տեսնել հաշմանդամություն ունեցող անձանց, դեռևս բացառիկ են: Փաստավավերագրական ու կարճամետրաժ ֆիլմերից զատ, հաշմանդամություն ունեցող անձինք իրավունք ունեն հանդես գալու ոչ միայն իրենց մասին պատմող ֆիլմերում, այլև առհասարակ, և գնահատվել ու ընտրվել բոլոր դերասաններին վերաբերող չափանիշներով:

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.