accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Մարիամ Եղիազարյան

«Ամեն ինչ կարվի այնպես, ինչպես կասի քաղաքապետարանը»

0

Հին, անսարք ու ոչ բոլորի համար հարմարեցված վերելակների և դրանց առաջացրած խնդիրները լուծելու համար «Լիֆտտեխնիկ» ընկերությունը պատրաստ է 4,5 մլն դոլարի ներդրումներ կատարելու Հայաստանում: Վերջինս կառավարության կողմից թույլտվություն ունի «Ալյանս» ազատ տնտեսական գոտու «ՌԱՕ Մարս» ընկերության 350 քմ տարածքում վերելակներ նախագծել, ինչպես նաև իրականացնել վերելակների և կառավարման էլեկտրոնային համակարգի սարքերի արտադրություն:

Առաջիկա 2 տարվա ընթացքում Հայաստան կներկրվեն վերելակների էլեկտրական, տեխնիկական սարքերը, կտեղադրվեն վերելակի կանչի կոճակները: Իսպանական ընկերության կողմից արտադրված վերելակները ապահովված կլինեն GPRS համակարգով, որպեսզի ուղևորը կարողանա օնլայն տարբերակով միանալ սպասարկման կենտրոնին:
Այս ամենը սակայն բավական չէ դրանք բոլորի համար մատչելի ու հարմարեցված գնահատելու համար: Որպեսզի բոլոր մարդիկ կարողանան առանց խոչընդոտների օգտվել վերելակների ծառայություններից, հարկավոր է, որ դռների լայնությունը հարմարեցված լինի սայլակից օգտվողների համար, կոճակները ապահովված լինեն բրայլյան համակարգով:

Հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսվող հարմարեցումների մասին խոսեցինք «ՌԱՕ Մարս» ընկերության գործադիր տնօրենի խորհրդատու Արսեն Սարգսյանի հետ: Վերելակների մասին խոսելիս նա նշեց.

«Արտադրությունը դեռ չենք սկսել: Որքան գիտեմ, որքան տեղյակ եմ` ցանկացած վերելակ արտադրում են ըստ պատվերի: Եթե կա հարմարեցման անհրաժեշտությունը, բնականաբար, այդ ամենը հաշվի է առնվում, և վերելակները կառուցվում են եվրոպական ստանդարտներին համապատասխան»:

Մասնավոր ընկերություններում հարմարեցված վերելակների պատասխանատվությունն ընկնում է պատվիրատուի վրա, սակայն իսպանական ընկերության կողմից Երևանում գործող 4280 վերելակների փոփոխման ծրագրի իրականացման դեպքում հարմարեցման համար պատասխանատվություն կկրի Երևանի քաղաքապետարանը:

«Որպեսզի Երևանի հետ կապված ծրագիրն իրականանա, Հայաստանի կառավարությունը պետք է ֆինանսական հարցը լուծի և թույլտվություն տա, ամբողջը կախված կլինի դրանից: Ամեն ինչ կարվի այնպես, ինչպես կասի քաղաքապետարանը, այսինքն` արտադրողը հարմարեցման և առհասարակ որևէ խնդիր չունի»:

Հին շենքերի ու վերելակների խոչընդոտները հաճախ արդարացվում ու պատճառաբանվում են Խորհրդային Միության ժամանակ կառուցված լինելու փաստով. հավանաբար, նոր վերելակների դեպքում պատմությունը չի կրկնվի:

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.