accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Դիսըբիլիթի Ինֆո.am

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին տեղեկատվական հարթակ

Լսողական սարքերի առանձնահատկությունները

0

Լսողության խնդիրներ ունեցող 12-18 տարեկան անձանց 2013-ից սկսած, ըստ կառավարության որոշման, լսողական սարքեր կտրամադրվեն վաուչերային համակարգով: Այդ համակարգի համաձայն` կառավարությունը կտրամադրի 80 հազար դրամ արժողությամբ հավաստագրեր: Ըստ ոլորտի մասնագետների՝ այդ գնի սահմաններում անձը կարող է գնել իր անհատական պահանջներին համապատասխան լսողական սարք:

«Եթե այդ գումարը չբավարարի մարդու՝ անհատական պահանջներին համապատասխան լսողական սարք գնելու համար, ապա նա կարող է ավելացնել որոշակի գումար և ձեռք բերել իրեն անհրաժեշտը»,- ասում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաշմանդամների հիմնահարցերի և հավասար հնարավորությունների ապահովման բաժնի պետ Կարմեն Պետրոսյանը:

Ըստ Կառավարության 2012 թ. հուլիսի 19-ի թիվ 948 և 2013 թ. հունվարի 10-ի թիվ 20 որոշումների` վաուչերային համակարգը գործելու է լսողական սարքերի կարիք ունեցող 12-30 տարեկան անձանց համար:
«Սակայն այս տարի ներառված են դեռևս 12-18 տարեկանները: Իսկ մինչև 30 տարեկան անձանց վաուչերային համակարգի հավաստագրեր կտրամադրվեն 2014 թ.-ից, քանի որ այս տարվա համար մենք դեռ 180 մնացորդային սարք ունենք»,- ասում է Պետրոսյանը: 12-30 տարեկան անձանց տրամադրվում են եվրոպական, իսկ 30-ից բարձր անձանց՝ ռուսական արտադրության սարքեր:

«Արաբկիր» բժշկական համալիրի հանրապետական կենտրոնը, որտեղ սպասարկվում են ՀՀ-ում ծանրալսություն ունեցող 0-18 տարեկան բոլոր երեխաներն ու դեռահասները, այսօր ունի շուրջ 900 գրանցված հաճախորդ: «Սկսած լսողական սարքերի տրամադրումից, դրանց կարգավորումից, հետազոտություններից` ամեն ինչ մեզ մոտ անվճար է: 0-12 տարեկան երեխաների համար մեր կենտրոնին դանիական թվային լսողական սարքեր է տրամադրում «Կարագոզյան» հիմնադրամը, իսկ 12-18 տարեկաններին` արդեն պետությունը՝ պետբյուջեից հատկացված գումարներով»,- ասում է «Արաբկիր» բժշկական համալիրի մանկական աուդիոլոգ Լուսինե Բաբայանը: Նա նշում է, որ լսողական սարքի ընտրությունը խիստ անհատական է և կապված չէ միայն մարդու ծանրալսության հետ:

«Այստեղ կարևոր է նաև կորագծի առանձնահատկությունը, ծանրալսության բնույթը, անձի տարիքը: Մեծահասակները ձայնամշակման այլ կարիքներ ունեն: Նրանց համար ցանկալի է, որ հնարավորինս քիչ լինեն կողմնակի ձայները, որ աղմուկ չլինի: Նրանք հիմնականում կարիք ունեն խոսքը լսելու, իսկ երեխաները` ամեն ինչ լսելու: Երեխայի սարքը և շրջապատող ձայները պետք է ապահովի, և խոսքը մաքուր ապահովի, ու միևնույն ժամանակ այդ աղմուկը պետք է որոշակի սահմաններից չանցնի, որ տհաճ չլինի»,- ասում է Բաբայանը: Այս իմաստով մասնագետները կարևորում են վաուչերային համակարգը, որը որպես օրենսդրական նախաձեռնություն մշակել և 2012-ին Ազգային ժողով էր ներկայացրել «Հավատ» ՀԿ-ն:

«Այժմ լսողության խնդիր ունեցող անձը պետության կողմից տրամադրված հավաստագրով հնարավորություն կունենա ընտրելու իր պահանջներին համապատասխան սարք և ոչ թե առաջվա պես՝ մրցույթով շահած սարք, որը հաճախ չէր էլ բավարարում մարդու կարիքները ու ստանալուց հետո չէր օգտագործվում»,- ասում է «Հավատ» ՀԿ համանախագահ Սուսաննա Ժամակոչյանը:

Մասնագետները նշում են, որ Հայաստան ներկրվող լսողական սարքերը դասակարգվում են ըստ կրելու տեղի և ձայնամշակման: Կան հետականջային լսողական սարքեր և ականջի ներսում դրվող սարքեր, իսկ ըստ ձայնամշակման կան թվային, անալոգային և ծրագրավորվող լսողական սարքեր: «Ամենացանկալի, ամենաբարձր որակը ապահովում են թվային լսողական սարքերը, որոնք համապատասխանում են ժամանակակից տեխնոլոգիաներին: Մեզ մոտ 0-18 տարեկաններին տրամադրում ենք միայն թվային սարքեր»,- ասում է Բաբայանը:

Ըստ աուդիոլոգի՝  հետականջային լսողական սարքերը ստանդարտ ձև ունեն և կարող են հարմարեցվել ցանկացած մարդու, իսկ ներականջային լսողական սարքերը սովորաբար ականջի անհատական ծեփվածքի հիման վրա են պատրաստվում, և սարքի միջուկը տեղադրվում է հենց անհատական ծեփվածքի մեջ:
«Բայց մինչև 15-16 տարեկանը՝ ականջի վերջնական ձևավորումը, հնարավոր չէ ներականջային սարք դնել, որովհետւ ականջը շարունակում է ձևավորվել, իսկ այն պատրաստվում է ականջի անհատական ծեփվածքով: Բացի այդ, այն հնարավոր է միայն թեթև և միջին ծանրալսումների պարագայում, խոր ծանրալսումների պարագայում դրանք հզորություն չեն ապահովում»,- ասում է Բաբայանը:

Մասնագետները փաստում են, որ լսողական սարքերի անվճար տրամադրումը բոլոր այն անձանց, ովքեր դրանց կարիքն ունեն, նպաստում է հասարակությանը նրանց ինտեգրմանը, մարդկանց հետ շփմանը, լիարժեք կենսակերպին և գործունեությանը ինչպես ուսումնական հաստատությունում, այնպես էլ աշխատավայրում:

Ի՞նչ փաստաթղթեր և որտե՞ղ պետք է ներկայացնի լսողության խնդիրներ ունեցող անձը լսողական սարք ստանալու համար:

Մինչև 18 տարեկան անձը պետք է ունենա հաշմանդամ երեխայի կարգավիճակ, ներկայացնի լսագրի (աուդիոգրամմա) փաստաթուղթ, բժշկական ստուգման թուղթ և ծննդյան վկայական (կամ անձնագիր):

18 տարեկանից բարձր անձը պետք է ներկայացնի իր հաշմանդամության խումբը հաստատող փաստաթուղթ, վերականգնողական անհատական ծրագիր, բժշկական ստուգման թուղթ, լսագրի (աուդիոգրամմա) փաստաթուղթ և անձնագիր:

63-ից բարձր անձինք կարող են լսողական սարք ստանալ նաև առանց հաշմանդամության խումբ և վերականգնողական անհատական ծրագիր ունենալու, եթե ունեն լսողության խնդիրներ և սարք ստանալու անհրաժեշտություն:

Մինչև 30 տարեկան անձինք եվրոպական լսողական սարքեր ստանալու համար վերոնշյալ փաստաթղթերը պետք է ներկայացնեն «Կինդ-արտ», «Արֆա-մեդ» և «ՍՎՍ մեդիկալ» ՍՊԸ-ներին:

Իսկ 30-ից բարձր անձինք, ովքեր ստանում են ռուսական արտադրության սարքեր, վերոնշյալ փաստաթղթերը պետք է ներկայացնեն «Պրոթեզաօրթոպեդիկ» ՍՊԸ-ին:

Լիլիթ Առաքելյան

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Leave A Reply