accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Մարիամ Եղիազարյան

Երբ մի կատարումը փոխեց Շոտլանդիայի փոքրիկ քաղաքներից մեկում ապրող կնոջ կյանքը

0

Սյուզան Բոյլը շոտլանդացի երգչուհի է, ում հաջողություն ու մեծ ճանաչում բերեց Britain’s Got Talent նախագիծը: Մի քանի տարի առաջ շոտլանդական փոքրիկ քաղաքում` Բլեքբրնում, իր կատվի հետ միայնակ ապրող Սյուզանին ոչ ոք չէր ճանաչում, և նա միակն էր, ով հավատում էր սեփական երազանքներին ու աշխարհահռչակ երգչուհու ապագային: Հարցազրույցներից մեկում նա նշել է, ո՛չ ամուսին է ունեցել և ո՛չ էլ ընկերներ: Սակայն ամեն ինչ փոխվեց 2009-ին: Այսօր Սյուզանը հայտնի է ամբողջ աշխարհում. ունի 7 ալբոմ, 2 անգամ առաջադրվել է «Գրեմմի» երաժշտական փառատոնի անվանակարգերում և ունի գիտական աստիճան Էդինբուրգի «Թագուհի Մարգրեթի համալսարանի» կողմից` ստեղծագործական աշխարհում իր ներդրման համար:

Սյուզան Բոյլը ծնվել է 1961 թ. ապրիլի 1-ին Շոտլանդիայի Արևմտյան Լոթիանի Բլեքբրն քաղաքում: Ծնողները իռլանդացի ներգաղթյալներ էին. մայրը` մեքենագրուհի, հայրը` զինվորական: Ընտանիքում Սյուզանը ամենափոքր` 10-րդ զավակն էր: Մայրը նրան 45 տարեկանում է ունեցել, և բժիշկներն առաջարկել են հեռացնել երեխային` հետագա խնդիրներից խուսափելու համար, սակայն, ի վերջո, Սյուզանը լույս աշխարհ է եկել: Նա Ասպերգերի համախտանիշ ունի։ Մտավոր և վարքային տարբեր դժվարությունների պատճառով հետագայում ոչ միայն խոչընդոտներ է ունեցել սովորելիս, այլև ենթարկվել է բուլինգի. դպրոցում նրան կոչում էին Պարզունակ Սյուզի: Աղջիկը մատնված է եղել անուշադրության, և միայն 12 տարեկանում, միջոցառումներից մեկի ժամանակ, ելույթից հետո ուսուցիչները նկատել են նրա տաղանդն ու հորդորել լրջորեն զբաղվել երաժշտությամբ: Այնուամենայնիվ, Բոյլը դպրոցն ավարտել է սակավ ակադեմիական որակավորումներով:

Սյուզան բոյլը պարկապզուկ նվագելիս, ՇոտլանդիաԵրաժշտական կարիերան ու ճանաչվածությունը Բոյլին հեշտորեն չեն տրվել: Նա մեծացել է երաժշտական ընտանիքում. երգ-երաժշտությամբ զբաղվել են թե´ հայրը, թե´ մայրը: 1995-ին Միացյալ Թագավորությունում մասնակցել է My Kind of People նախագծին: Ելույթի ընթացքում Սյուզանը շատ է հուզվել ու անհանգստացել, կարծում է, որ հենց դրա համար էլ հաջողություններ չի գրանցել, իսկ նրա եղբոր կարծիքով` պատճառը տարօրինակ հայացքներն ու ծաղրական վերաբերմունքն էր:

Այս ամենից հետո սակայն Սյուզանը չի հանձնվել ու շարունակել է երգել եկեղեցում, սրճարաններում և փաբերում:

1997-ին` հոր մահից հետո, Բոյլը մի կողմ էր դրել իր բոլոր երազանքներն ու սկսել հոգ տանել մոր մասին: Մայրը ոչ միայն չի վախեցել, անկախ տարիքից, լույս աշխարհ բերել Սյուզանին, այլև աղջկա հաշմանդամությունը խոչընդոտ չհամարելով, հաճախ է Սյուզանի հետ խոսել ապագայի մասին, հավատացել ու վստահեցրել աղջկան, որ անկախ ամեն ինչից, մի օր անպայման աշխարհահռչակ երգչուհի է դառնալու: Հենց նա է Սյուզանին խորհուրդ տվել մասնակցել Britain’s Got Talent-ին, որը նրանց սիրած հաղորդումն էր: Բոյլը հիշում է` մայրը վստահ էր, որ Սյուզանը կհաղթի:

1999-ին մոր խորհրդով Սյուզանը վատնում է իր բոլոր խնայողությունները` պրոֆեսիոնալ ձայնագրության համար, և դրանք ուղարկում տարբեր ռադիոկայաններ, հեռուստաալիքներ ու նախագծերի: 2000-ին մահանում է Սյուզանի քույրը, և նա իր վիշտը փորձում է փարատել երաժշտության միջոցով: 2002-ին պրոֆեսիոնալ երգեցողության դասերի է հաճախում Ֆրեդ Օ’Նեյլի մոտ, սակայն նրան չի հաջողվում դուրս գալ ճանաչվածության նեղ շրջանակից: 2007-ին մահանում է Սյուզանի մայրը, և նա վերջնականապես թողնում է ամեն ինչ` աշխատանքը, երգեցողությունը, սկսում կամավորական աշխատանք կատարել եկեղեցում և միայնակ ապրել իր կատվի հետ: 2008-ին նրա երգեցողության մարզիչը խորհուրդ է տալիս մասնակցել Britain’s Got Talent-ին, Սյուզանը համոզվում է միայն այն ժամանակ, երբ որոշում է իր ելույթը նվիրել մոր հիշատակին:

2009-ի հունվարի 21-ին 48-ամյա կինը բարձրանում է բեմ ու հայտարարում, որ ուզում է պրոֆեսիոնալ երգչուհի դառնալ, լինել նույնքան հաջողակ, որքան Էլեյն Փեյջը: Ժյուրիի անդամների ու դահլիճի հեգնական, կասկածամիտ վերաբերմունքը հիացմունքի է վերածվում, երբ Սյուզանը սկսում է կատարել I Dreamed a Dream երգը` իր սիրած` «Թշվառները» օպերայից: Տեսանյութը ունենում է ավելի քան 50 մլն դիտում ու դառնում 2009-ի ամենադիտված յութուբյան հոլովակը: Այժմ Սյուզանը երազում է երգել Մեծ Բրիտանիայի թագուհու` Եղիսաբեթ Երկրորդի համար:

Հատված I Dreamed A Dream երգից, որով Սյուզանը հանդես է եկել Britain’s Got Talent նախագծում:

«Երբ դեռ կար հույսը, և կյանքն էլ արժեր ապրել, ես անմահ սեր էի ուզում և երազում, որ Տերն ամեն ինչ կների: Այն ժամանակ երիտասարդ էի ու անվախ, երազանքները հայտնվում էին, կատարվում ու անհետանում, ոչնչի համար պետք չէր վճարելԵս երազում էի, որ կյանքը բոլորովին ուրիշ կլինի, տարբեր այն դժոխքից, որտեղ հիմա ապրում եմ: Իրականությունը հիմա այլ է թվում, և կյանքը սպանել է երազանքը, որ ժամանակին ունեի…»:

Սյուզանի բոլոր երգերը կարող եք լսել imusic.am կայքում։

 

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.