accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Լիա Սայադյան

Disabilityinfo.am կայքի լրագրող, թարգմանիչ։ Ավարտել է Երևանի Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանը և Վարշավայի պետական համալսարանը։

Հասանելի տրանսպորտ` սա ամենևին էլ անհնար չէ

0

Հաշմանդամություն ունեցող անձանց ազատ տեղաշաժման համար ամենակարևոր նախապայմաններից մեկը մատչելի տրանսպորտային միջոցն է: Դրա մասին Հայաստանում դեռևս միայն երազել կարելի է: Իսկ ինչպես են այդ խնդիրը լուծել մի շարք երկրներում:

Հանրային տրանսպորտ: Չեխիայի մի քանի քաղաքներում ներմուծվել է մի համակարգ, որը կարողանում է տեղեկացնել և ուղղորդել կույր մարդկանց, ովքեր ցանկանում են օգտվել հանրային տրանսպորտից: Այն տեղեկացնում է երթուղայինի երթուղու, դրա ժամացուցակի, ինչպես նաև երթուղին սպասարկող կազմակերպության մասին: Նախ անհրաժեշտ է ակտիվացնել երթուղու պայմանների մասին ինֆորմացիան փոխանցող բարձրախոսները: Դրա համար օգտագործվում են բավական փոքր, գրպանում հեշտությամբ տեղավորվող ռադիոհաղորդիչներ (իբրև ռադիոհաղորդիչ կարող է ծառայել նաև կույրերի համար նախատեսված ձեռնափայտը): Այս համակարգը նաև կարող է օգտագործվել երթուղայինի վարորդին տեղեկացնելու համար, որ կույր անձը պատրաստվում է բարձրանալու տվյալ տրանսպորտը:

Մի շարք երկրներում (Մեծ Բրիտանիա, Իռլանդիա, Կորսիկա) տեղաշարժման դժվարություններ ունեցող անձանց համար հասանելի են նաև լաստանավերը՝ հորիզոնական մուտքով և ելքով: Դրանք բավական լայն են և հնարավորություն են տալիս, օրինակ, սայլակով տեղարժվող անձին լաստանավ բարձրանալու: Այդ լաստանավերն ունեն նաև վերելակներ, որոնց օգնությամբ ուղևորները կարող են տեղափոխվել մի տախտակամածից մյուսը: Բացի այդ, լաստանավ հնարավոր է բարձրանալ նաև սեփական ավտոմեքենայով:

Երկաթուղային տրանսպորտի բնագավառում Ֆրանսիայում ընդունվել են դրույթներ այն մասին, որ այսուհետ վագոնների որոշակի հատվածները, ինչպես նաև զուգարանները պետք է ամբողջովին հասանելի լինեն հաշմանդամություն ունեցող ուղևորների համար: Բացի այդ, կվերակառուցվեն նաև բոլոր կայարանները:

Արդեն այսօր 200 կայարաններում նախատեսված են հարմարություններ լրիվ հասանելիություն ապահովելու համար, իսկ հատուկ սարքավորումները (ավելի քան 300 թեքահարթակ և վերելակ) հնարավորություն են տալիս հաշմանդամություն ունեցող ուղևորներին գնացք նստել: 50 ամենամեծ կայարաններն ապահովված են հաշմանդամություն ունեցող մարդկանց պահանջները բավարարող համապատասխան սարքավորումներով և սպասարկմամբ:

Տաքսիներ: Տեղաշարժման դժվարություններ ունեցող մարդկանց համար մեկ այլ փոխադրամիջոց է տաքսին: Սակայն դա նշանակում է, որ տաքսի ծառայությունները պետք է ունենան համապատասխան կահավորված մեքենաներ, Լոնդոնի տաքսիների օրինակով, որոնք քաղաքի` հաշմանդամություն ունեցող բնակիչների համար հիմնական փոխադրամիջոցն են: Լոնդոնի բոլոր տաքսիները սարքավորված են հատուկ թեքահարթակներով, որոնք ապահովում են սայլակով տեղաշարժվող ուղևորների համար տաքսու հասանելիությունը: Ընդարձակ սրահը կահավորված է ծալովի նստելատեղերով և անվտանգության գոտիներով, որոնք հուսալիորեն ամրացնում են սայլակը: Տեղաշարժման սահմանափակ կարողությամբ ուղևորների համար կա շարժական աստիճան, ինչպես նաև հատուկ շարժական աթոռ, որը հնարավոր է հանել ավտոմեքենայի սրահից: Բարձր և հարմար բռնակներն առավել հեշտացնում են ուղևորի մուտքը տաքսի: Բացի այդ, սրահը լսողության խնդիրներ ունեցող ուղևորների համար ապահովված է հատուկ համակարգով, որը միանում է լսողական սարքին:

Այստեղ նույնպես իրատեսական որոշումը հնարավոր է միայն տրանսպորտի այս բնագավառում աշխատող մասնագետների համագործակցության միջոցով: Մեծ Բրիտանիայում նոր որոշում է ընդունվել, որի համաձայն Անգլիայի և Ուելսի տաքսիների լիցենզավորված վարորդներն իրավունք չունեն հրաժարվել հաշմանդամություն ունեցող անձին ուղեկցող շանը, ինչպես նաև մարդկանց տեղափոխելուց և ավելին՝ պարտավոր են նրանց անվճար տեղափոխել: Այժմ էլ կառավարությունը պատրաստվում է նման օրենք ընդունել, որը կվերաբերի նաև մասնավոր տաքսիներին (մինիքեբերին):

Մինիքեբերը հատուկ հարմարեցված անձնական մեքենաներ են, որտեղ բացակայում է վարորդի կամ նրա կողքի նստելատեղը սայլակ օգտագործող մարդու համար: Մինիքեբերը նախատեսված են մասնավոր վարձակալության համար: Ի տարբերություն սովորական տաքսու, մինիքեբով երթևեկելու համար անհրաժեշտ է այն նախապես պատվիրել ինտերնետով, հեռախոսով, ֆաքսով կամ գրասենյակ այցելելով:

Մետրո: Մետրոյի մատչելիության մասին խոսենք Լոնդոնի և ԱՄՆ մետրոների օրինակով: Լոնդոնի մետրոն ունի 66 կայարան, որոնք կառուցված են այսպես կոչված «աստիճաներից ազատ» սխեմայով, այսինքն` այդ կայարաններում չկան փողոցից դեպի մետրո տանող աստիճաններ, սա արված է հաշմանդամություն ունեցող ուղևորների համար: Այդ կայարանները Լոնդոնի մետրոյի քարտեզում առանձնացված են հատուկ նշանով: Եթե, օրինակ, սայլակով տեղաշարժվող մարդը հասնում է մի կայարան, որտեղ կան աստիճաններ կամ շարժասանդուղք, ապա մետրոյի աշխատակիցները կարող են իրենց հաշվին տաքսի պատվիրել և ուղեկցել այդ մարդուն մինչև տաքսի:

Մետրոյի բոլոր կայարաններում կան տակտիլ՝ անհարթ սալիկներ՝ տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց համար: Որոշ կայարաններում դեպի գնացք տանող ուղղահայաց փոքր աստիճանի բարձրությունը կարող է լինել 300 մմ-ից ոչ ավելի: Կառամատույցի եզրային մասը, որտեղից արդեն պետք է գնացք նստել, նույնպես պատված է տակտիլ սալիկներով, ինչպես նաև եզրագծված է դեղինով՝ տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց համար:

Բոլոր գնացքներում դռան մոտ առանձնացված են հատուկ տեղեր հաշմանդամության ունեցող ուղևորների, հղի կանանց, ինչպես նաև մեծահասակների համար: Մյուս ուղևորները չպետք է այդ տեղերը զբաղեցնեն, իսկ զբաղեցնելիս էլ անհրաժեշտության դեպքում անմիջապես զիջեն այն: Մետրոյի որոշ կայարաններում էլ գնացքներում առանձնացված են հատուկ տարածքներ սայլակով տեղաշարժվող անձանց համար: Բոլոր գնացքներն ունեն տեսա- և ձայնային հաղորդիչներ, որոնք տեղեկացնում են տվյալ և հաջորդ կայարանի մասին:

ԱՄՆ-ում մետրոն համարվում է ամենահարմարավետ փոխադրամիջոցը: 1990 թ. այնտեղ ընդունվեց «Հաշմանդամություն ունեցող ամերիկացիների մասին» ակտը, և այդ ժամանակից սկսվեցին մետրոյի կայարանների բարելավվման և հատկապես հաշմանդամություն ունեցող անձանց համար ավելի մատչելի դարձնելու ուղղությամբ աշխատանքները: Կայարանները հերթով փակվում էին՝ վերանորոգման նպատակով, որի ընթացքում մետրոյի կայարաններում տեղադրվեցին հատուկ վերելակներ, որոնց միջոցով տեղաշարժման դժվարություններ ունեցող, մասնավորապես, սայլակով տեղաշարժվող անձինք կարող են մետրո մտնել: Վերելակը սովորաբար լինում է մետրոյի կայարանի դրսի մուտքի մոտ:

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Leave A Reply