accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Անի Պետրոսյան

ԼՐԱԳՐՈՂ | www.ikin.am տեղեկատվական հարթակի համակարգող

Այս անգամ էլ` ճարտարապետի իմացած ձևով

0

Ընթացիկ տարվա հունիսին անդրադարձել էինք ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Արմավիրի բաժնի մուտքի թեքահարթակին, որը ո´չ համապատասխանում էր մատչելիության չափանիշներին, ո´չ էլ, բնականաբար, ծառայում նպատակին: Խնդիրը բարձրացրել էր Արմավիրի բնակիչ, «Արևի շող» հասարակական կազմակերպության փոխնախագահ Արտյոմ Սահակյանը, ով սայլակով է տեղաշարժվում: Ձևական թեքահարթակի անհարմարության մասին նա նամակով տեղեկացրել էր ոստիկանությանն ու ի պատասխան նոր թեքահարթակ կառուցելու խոստում ստացել. «Խնդրի մասին նամակով գրեցի police.am-ին, ինձ գրավոր պատասխանեցին, թե այն քանդվելու է` նորը կառուցելու միտումով: Արդեն երեք ամիս կլինի, որ նորն են կառուցել: Նորը ևս անհարմար է օգտագործման համար, ավելի` քան նախորդը»,- ասում է Սահակյանը:

Նոր թեքահարթակի կառուցման աշխատանքների ժամանակ Արտյոմը բաժնի կողքով անցնելիս փորձել է պարզել, թե ինչո´ւ են նորից սխալ կառուցում. «Հարցրի` ով է ասել, որ այսպես կառուցեն, պատասխանեցին` Արմավիրի գլխավոր ճարտարապետը: Ասացի` նորից սխալ եք կառուցում, իրենք էլ պատասխանեցին` ոնց ասել են, էդպես էլ կառուցում ենք»:

Նոր թեքահարթակն ավելի վատն է, անհարմար: Սայլակից օգտվող մարդը նախ պետք է կարողանա թեքահարթակին հասնել, ապա նոր միայն փորձի օգտվել դրանից: Տանիքի ջրհորդանն էլ, ոչ ավելի, ոչ պակաս, իջնում է հենց թեքահարթակի վրա… Անդրադառնալով նոր թեքահարթակի կառուցման ընթացքում շահառուների հետ խորհրդատվությանը, Արտյոմը հավելում է. «Ինձ ոչինչ չեն հարցրել նոր թեքահարթակ կառուցելիս: Կարծում եմ` սխալ աշխատելու պատճառը տեղեկացված չլինելն է»:

Սահակյանը մտադիր է դարձյալ ահազանգել խնդրի մասին. դեպքն առաջինը չէ, ու շատ լավատես լինելու դեպքում էլ վստահ չենք կարող լինել, որ վերջինը կլինի: Խնդիրն առկա է. չի կայացել ճարտարապետ-շահառու համագործակցությունը:

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.