accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Լիա Սայադյան

Disabilityinfo.am կայքի լրագրող, թարգմանիչ։ Ավարտել է Երևանի Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանը և Վարշավայի պետական համալսարանը։

Երազում եմ, որ արհեստական տարանջատումներ չլինեն. «Եվրատեսիլի» Լեհաստանի ներկայացուցիչ

0

Լեհաստանը «Եվրատեսիլում» ներկայացնում է Մոնիկա Կուշինսկան։ Մոնիկան լեհ երգչուհի է և երգերի հեղինակ։ Ծնվել է Լեհաստանի Լոձ քաղաքում, նախկինում եղել Varius Manx խմբի մենակատարը։

2006-ի մայիսի 28-ին Մոնիկան Varius Manx-ի հետ ծանր ավտովթարի է ենթարկվում, ինչի հետևանքով հաշմանդամություն է ձեռք բերում։ Այժմ տեղաշարժվում է անվասայլակով։ Հենց նույն տարվա հունիսին երգչուհին պատահարից հետո առաջին անգամ ելույթ է ունենում Լեհաստանի հանրային հեռուստաընկերությամբ՝ կատարելով «Ծնվում եմ նորից» երգը, իսկ 2012-ին լեհական «Պայքար ձայների համար» հեռուստաշոուում ստանձնում է Լոձի հավաքականի երաժշտական մարզչի դերը, որտեղ էլ նվաճում է հինգերորդ տեղը։ 2012-ի հունիսի 12-ին տեղի է ունենում իր առաջին սոլո ձայնասկավառակի պրեմիերան, որը կոչվում է «Ապաքինվածը»։

Մոնիկա Կուշինսկան

2013-ին «Wiktory-2012» հեռուստատեսության բնագավառում նշանակալի ներդրում ունեցող անձանց մրցանակաբաշխությունում եղել է «Երգի և էստրադայի աստղ» անվանակարգի մրցանակի հավակնողներից մեկը։

Այժմ Լեհաստանի հանրային հեռուստաընկերության «Բարի լույս» ծրագրում վարում է «Բարդ խնդիրներ» խորագիրը, որտեղ ներկայացնում է տարբեր մարդկանց կյանքի հուզիչ և ոգեշնչող պատմությունները։

«Եվրատեսիլի» այս տարվա նշանաբանն է՝ «Կառուցելով կամուրջներ», ինչի առիթով Ագատա Մլինարսկայան, ով հայտարարել է Լեհաստանի ներկայացուցչի անունը, ասել է․

- Դու արդեն կառուցել ես այդ կամուրջը բեմի, որում երգում ես, և անվասայլակով տեղաշարժվելու միջև։

Իսկ ինքը՝ երգչուհին ասել է.

- Ինձ հետ պատահած դեպքը ցույց տվեց, որ չկա սահման այս երկու աշխարհների միջև։ Կարծում եմ՝ ես ինքս մի այդպիսի կամուրջ եմ ներկայացնում, կամուրջ, որ երկու աշխարհներ է կապում իրար։ Երազում եմ, որ չլինեն արհեստական տարանջատումներ։ Եվ հենց այս կոչով էլ ես հանդես եմ գալիս«Եվրատեսիլում»։ 

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.